Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ու թուրք բռնցքամարտիկները՝ Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում

Հոկտեմբեր 31,2015 16:09

Հոկտեմբերի 28-ին մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 7-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որի 5 մրցութային ծրագրերում ներկայացված են 184 անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Վերածնունդ» խորագրի ներքո կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, այդ թվում՝ Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում»-ը:

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր ռեժիսորը մի խումբ հանդիսատեսի ներկայացրեց ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության հետեւանքների մասին եւ որի հիմքում գրական ստեղծագործություն է:

«Մոնրեալ քաղաքից մի տղա՝ Ֆիլիպ Դյուկրոն, գրել էր «4-րդ ռաունդը» պիեսը: Հետաքրքիր տղա է, ճանապարհորդում է, եղել է Թուրքիայում եւ Պաղեստինում: Նրա պատմությունը սկսվում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ մի թուրք բռնցքամարտիկ հանդիպում է մի հայ բռնցքամարտիկի: Նրանց միջեւ ստեղծված կապն անուղղակի կերպով է առնչվում բռնցքամարտի հետ»,-պատմեց Սերժ Ավետիքյանը՝ ներկայացնելով հերոսի եւ նրա քրոջ պատմությունը: Հետաքրքրական է, որ Դյուկրոից առաջ այդպիսի պատմություն գրել է Ադիս-Աբեբայում բնակվող մեկ այլ ֆրանսիացի գրող, որը ճանաչել է Էնվեր փաշայի քրոջ որդուն:

Դյուկրոն Ավետիքյանին տվել է պիեսն օգտագործելու իրավունք, ինչից հետո գրվել է սցենարը. «Փոխեցինք դեպքերի ժամանակաշրջանը՝ Առաջին համաշխարհային պատերազմից տեղափոխվելով Երկրորդ համաշխարհայինից հետո ընկած ժամանակահատված: Սցենարն իհարկե մեծ հիմք է, բայց պետք էր հասկանալ՝ ինչ ոճով մատուցել ֆիլմը, չէ որ կինոն գրականություն չէ»,-նշեց Ավետիքյանը: Նա դիտել է Ստամբուլի հին կինոժապավենները՝ արխիվային պատկերներում «տեղադրելով» իր կերպարներին: Այդ յուրօրինակ «բեմադրությամբ» է առանձնանում «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմը:

Հավելենք, որ Ավետիքյանի «Շների կղզի»-ն 2010 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի` որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031