Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով ապրող կանայք բռնության են ենթարկվում

Դեկտեմբեր 01,2015 10:31

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1988-2015-ի հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2194 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում, նրանցից 334-ը՝ 2014-ին, ինչը գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: ՄԻԱՎ վարակով հիվանդների մեջ գերակշռում են տղամարդիկ՝ 1513, կանայք՝ 681, երեխաներ՝ 41 դեպք:

Ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի՝ «Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 493 դեպք: Մահացածների թվում կան 83 կին եւ 8 երեխա»: Ներկայացնում ենք հ/կ-ի տրամադրած՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց պատմությունները:

Ջուլիետան մահացել է 2014-ին՝ 52 տարեկանում: Նրա մասին արդեն նրա մահից հետո պատմել է քույրը. «Ջուլիետան ամուսնական ողջ կյանքում պարբերաբար ենթարկվել է նվաստացումների ու կտտանքների ամուսնու կողմից, որը գրեթե միշտ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: Մենք փորձում էինք միջամտել, օգնել ինչ-որ ձեւով, բայց չէր հաջողվում: Սկզբնական շրջանում նա ամուսնուց չէր բաժանվում, որովհետեւ չէր ուզում երեխաներն առանց հոր մնան, թեեւ երեխաներն էլ հոր դաժան վերաբերմունքի զոհն էին: Տարիներ հետո, երբ երեխաները դուրս եկան հորական տնից, առաջարկեցին մորը հեռանալ այդ հրեշից, բայց, չգիտես ինչու, քույրս չլսեց նրանց: 2 տարի առաջ նա առողջական ծանր խնդիրներ ունեցավ, որոշ ժամանակ հետո պարզվեց, որ ՄԻԱՎ վարակակիր է: Արդեն պարզ էր. ամուսնու հերթական անակնկալն էր նրան: Չնայած ինքն էր քրոջս հիվանդության պատճառը, ոչ միայն իրեն մեղավոր չէր զգում, այլեւ թույլ չէր տալիս նրան խմել բժշկի կողմից նշանակված դեղերը: Պարբերաբար ծեծում էր քրոջս, նրա դեմքին եւ մարմնի տարբեր հատվածների վրա միշտ կապտուկներ ու վերքեր կային: Քույրս միշտ մի պատճառ գտնում էր արդարացնելու համար հրեշ ամուսնուն: Մարտ ամիսն էր, մի քանի օր չէի կարողանում կապվել քրոջս հետ: Մյուս քրոջս հետ որոշեցինք գնալ նրանց տուն, որպեսզի հասկանանք` ինչ է կատարվում: Սարսափելի տեսարանի ականատես եղանք. քույրս պառկած էր անկողնու մեջ, մահճակալի մոտ մի բաժակ ջուր ու մի կտոր հաց կար, ամուսինը բղավում էր վրան, ձեռքերով ու ոտքերով խփում էր անկողնու մեջ անօգնական պառկած քրոջս: Ահավոր տեսարան էր: Փորձեցինք ազատել նրան, զանգեցինք ոստիկանություն, ամուսնուն բռնեցին: Քույրս պատմեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի, մի կտոր հացից ու ջրից բացի, ոչինչ թույլ չի տվել ուտի: Ջուլիետան ընդամենը 52 տարեկան էր, բայց 70-ն անցի տեսք ուներ: Մեկ օր անց ամուսնուն ազատ արձակեցին՝ պատճառաբանելով, որ հիմք չունեն ձերբակալության համար: Չգիտեմ էլ՝ ոստիկանների համար ինչը պետք է հիմք լիներ, որպեսզի պատժեին մեղավորին: Մի քանի օր հետո քույրս մահացավ, ծանր հիվանդությունից, ստացած վերքերից ու սովից… Այդ հրեշը հանգիստ ապրում է մինչ օրս»:

Մեկ այլ կին էլ պատմել է, որ 17 տարեկանում ամուսնացել է, որպեսզի ազատվի խորթ մորից: Այս կինն ամուսնացել էր մեկի հետ, որը նոր էր ազատվել կալանավայրից. «Սկզբնական շրջանում ամեն ինչ կարգին էր թվում՝ չնայած գրեթե միշտ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում: Վեճեր լինում էին, բայց ինձ վրա ձեռք չէր բարձրացնում: Հետո իմացա, որ երեխայի եմ սպասում, շատ էի ուրախացել, մտածում էի՝ երեխայի ծնվելուց հետո պատասխանատու կդառնա, բայց գնալով ամեն ինչ վատանում էր: Երբ տղաս ծնվեց, ստիպված էի օրուգիշեր աշխատել, որ ուտելու բան ունենայինք, երեխաս սովից չլացեր: Ամուսնուս ոչինչ հետաքրքիր չէր, միայն թե խմելու բան լիներ: 1,5 տարի հետո իմացա, որ նորից երեխա եմ ունենալու, ճիշտ է, շատ չէի ուրախացել, բայց չեմ ուզել ընդհատել հղիությունս, չնայած գիտեի, որ ավելի դժվար է լինելու 2 երեխա պահել՝ հանդուրժելով ամուսնուս ընտանիքի անդամների կողմից հնչող մեղադրանքներն ու վիրավորանքները: Հղիությանս 3-րդ ամսում իմացա, որ ՄԻԱՎ վարակակիր եմ: Բժիշկներն ասացին, որ հիմա ՄԻԱՎ-ով ապրող կանայք առողջ երեխաներ են ունենում, չանհանգստանամ երեխայիս համար, բայց մեծ տղաս էլ պետք է հետազոտվեր, քանի որ հնարավոր էր, որ նրա մոտ նույնպես լիներ ՄԻԱՎ: Աշխարհը մի վայրկյանում սեւացավ, երբ բժիշկն ասաց, որ մեծ տղայիս նույնպես փոխանցվել է ՄԻԱՎ-ը, քանի որ չիմանալով իմ հիվանդության մասին` տղայիս կրծքով կերակրել եմ: Չէի հասկանում՝ որ մեղքիս համար էր այս ամենը ինձ Աստված տվել: Մի բան էի խնդրում՝ գոնե բժիշկները սխալված լինեին, ու երեխաս առողջ լիներ, բայց ամեն ինչ ճիշտ էր, ես ու որդիս պատասխան էինք տալիս ամուսնուս սխալների համար: Նույնիսկ դա նրան չսթափեցրեց, սկսեց ավելի շատ խմել, պարբերաբար վեճեր ու կռիվներ էր սարքում, նրա հարվածներից չէինք խուսափում ո՛չ ես, ո՛չ էլ տղաս: Ոչ մի ելք չէի տեսնում, մի անգամ հավաքեցի իրերս ու վերադարձա հայրական տուն: Առաջին հարցը, որ հայրս տվեց՝ «Երբ եք հետ գնալու»: Կրկին վերադարձա դժոխք: Փառք Աստծո, 2-րդ երեխաս առողջ ծնվեց: Արդեն 4 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել իմ կյանքում: Ամեն օր հարվածներ, վիրավորանքներ, կռիվ, լաց, հուսահատություն»:

Մեկ այլ կին էլ պատմել է, որ ամուսնացել է մի տղայի հետ, որը երկար տարիներ Ռուսաստանում է ապրել: Ամուսնությունից 3 ամիս հետո երբ հղիացել էր, ամուսիններով շատ երջանիկ էին: Բժշկական հետազոտության ժամանակ պարզվել է, որ կինը ՄԻԱՎ ունի. «Ամուսնուս մոտ էլ հայտնաբերվեց ՄԻԱՎ: Սկսեցինք անհանգստանալ երեխայի համար, վախենում էինք՝ հանկարծ նրան էլ չփոխանցվեր, բայց փառք Աստծո, երեխաս առողջ ծնվեց: Սակայն հղիությանս ողջ ընթացքում հոգեբանական գերլարված վիճակում եմ գտնվել, ամուսինս անճանաչելի էր դարձել, անընդհատ ինչ-որ գումարներ էր վերցնում տարբեր մարդկանցից, վեճեր ու խոսակցություններ էին առաջանում մեր ընտանիքում: Ծննդաբերությունից հետո երկար ժամանակ գտնվում էի հետծննդյան սթրեսի մեջ: Հետո սովորական վեճերն ու խոսակցությունները վերածվեցին կռիվների՝ հայհոյանքով ու տնային կալանքով: Ամուսինս հրաժարվեց բուժումից, չգիտեմ ինչքան կապրի առանց դեղերը խմելու: Ես որոշում կայացրի շարունակել իմ կյանքն առանց նրա: Մի քանի օր առաջ ուղղակի վերցրեցի իրերս ու երեխայիս հետ հեռացա տնից: Այլեւս չեմ կարող ապրել մի մարդու հետ, որը չի ցանկանում ապրել ու նաեւ թույլ չի տալիս իր հարազատներին ապրել: Ես վստահ եմ, որ մի օր իմ աչքերը նախկինի պես կփայլեն, ես վերագտնելու եմ ինձ, կլինեմ կենսուրախ ու կյանքով լի կին: Երբեք ուշ չէ նոր ընտրություն անելու եւ նոր կյանքով ապրելու համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031