Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի «Տարվա լավագույն բալետի արտիստը» «հայրենադարձվել» է

Դեկտեմբեր 19,2015 14:00

Գեւորգ Ասոյանը այլեւս Երեւանի ազգային օպերային թատրոնի մենապարող է

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած երիտասարդ երգիչների եւ բալետի արտիստների գալա համերգին «Առավոտի» հետաքրքրությունը շարժեց մեզ անծանոթ՝ բալետի արտիստ Գեւորգ Ասոյանը, որը առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանի ընկերակցությամբ հանդես եկավ Չայկովսկու երաժշտությամբ, Բալանչինի խորեոգրաֆիայով Պա դե-դե-ի կատարմամբ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Գեւորգ Ասոյանի առաջին բեմելն էր Երեւանի օպերային թատրոնում, նա վերջերս է համալրել թատրոնի բալետային խումբը, իսկ 2004թ. հանդիսացել է Բեռլինի բալետի թատրոնի մենապարող: Պարզեցինք, որ հանդիսատեսն էլ է առաջին անգամ հանդիպում արտիստին, քանի որ նա արտերկրում է հայտնվել Երեւանի պարարվեստի քոլեջն ավարտելուց անմիջապես հետո: Ինչ վերաբերում է ներկայացված զուգապարին, ապա մասնագետ լինել պարտադիր չէր՝ տեսնելու համար հմտությունը, տեխնիկական հնարքները, բեմական պահվածքը, ի վերջո՝ հմայքը:

Gevorg_Asoyan_3

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգը հայտնեց, որ մինչ ավարտելը մեր պարարվեստի քոլեջը (ուսանել է Գարուշ Խունյանի դասարանում), մեկնել է Սանկտ Պետերբուրգ, Ագրեպինա Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա, դասեր վերցրել Վիտալի Ցվետկովից, հետո արդեն ուսանել է Համբուրգի նշանավոր Ջոն Նոյմայերի անվան բալետի դպրոցում, Ռադիկ Զարիֆովի ղեկավարությամբ: Իսկ Համբուրգից հրավերը ստացել էր, երբ ժամանակին Երեւանի պարարվեստի ուսումնարանի մեկ-երկու սաների հետ հանդես էր եկել Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող հեղինակավոր երիտասարդ բալետի արտիստների մրցույթին: Մասնակցել է 6 մրցույթի, որից 5-ում արժանացել առաջին մրցանակի: Իտալիայում 2008 թ. արժանացել է «Տարվա լավագույն բալետի արտիստ» տիտղոսին:

Gevorg_Asoyan_2

«Բեռլինում աշխատածս տարիներին հանդես եմ եկել մենապարերով՝ համաշխարհային դասական բալետային գրականության ընտիր ստեղծագործություններում, համագործակցել եմ հայտնի խորեոգրաֆներ Նաչո Դուատոյի, Իրժի Կիլիանի, Վլադիմիր Մալախովի, Բորիս Էֆմանի եւ ուրիշների բեմադրություններում: Բեռլինի թատրոնի հետ հյուրախաղերով հանդես եմ եկել ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Չինաստանում եւ այլուր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ թե շուրջ տասը տարի հետո ինչո՞ւ վերադարձավ հայրենիք եւ ընդմիշտ «հանգրվանեց» մեր օպերային թատրոնում, ի պատասխան՝ արտիստը նախ ասաց, թե մեծ հաշվով իրեն հայրենիք է վերադարձրել կարոտը, հետո մանրամասնեց. «Հայրս՝ բալետի արտիստ Վաղարշակ Ասոյանը, 1980-ականների սկզբից մինչեւ 90-ականների վերջ հանդես է եկել այս թատրոնում, մայրս՝ Հասմիկ Ասոյանը, երգչուհի է, աշխատել է դարձյալ մեր թատրոնի երգչախմբում, քույրս՝ Տաթեւիկը, պարուհի է, բայց ափսոս, որ ոտքի վնասվածքի պատճառով ստիպված հեռացավ բեմից… Գերմանիայում ապրելու եւ ստեղծագործելու տարիներին տեղեկացված էի հայաստանյան բալետային անցուդարձով, հիացել եմ պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանի արվեստով: Լսել էի, որ հայ բեմն ունի Ժակլին Սարխոշյան, Մարիա Դիվանյան… Հիացած եմ Մերի Հովհաննիսյանի վարպետությամբ… Հիմա արդեն մի քանի ամիս է, ինչ թատրոնում շփվում եմ գործընկերներիս՝ Սեւակ Ավետիսյանի եւ մյուսների հետ: Տպավորված եմ գործընկերներիս վարպետությամբ, այդպես էլ պետք է լիներ: Ախր Արեւմուտքում հանդես եկող բալետի հայ արտիստներն արդյունքն են Երեւանի պարարվեստի քոլեջի, արդյունքը բալետային արվեստի հայ երախտավորներ, մանկավարժներ Աննա Մարիկյանի, Հովհաննես Դիվանյանի, Վիլեն Գալստյանի, թատրոնում էլ ունենք դարձյալ մեր բալետային արվեստի երախտավորներ՝ փորձավարներ Նադեժդա Դավթյան, Էլվիրա Մնացականյան, Ելենա Պավլիդի, Էմմա Նահապետյան, որոնց հետ անցկացնում ենք յուրաքանչյուր մեր օրը»:

Gevorg_Asoyan_4
Զրույցի ընթացքում Գեւորգ Ասոյանը հիշեց եվրոպական տարբեր թատրոններում շուրջ երկու տասնյակ եւ դեռ ավելի տարիներ հանդես եկող գործընկերներին՝ Արսեն Մեհրաբյանին, Տիգրան Միքայելյանին, Դավիթ Կարապետյանին, Արթուր Բաբաջանյանին, Արման Զալյանին, Վահե Մարտիրոսյանին, Արման Գրիգորյանին: Նշեց, որ Բեռլինի թատրոնում տարիներ շարունակ աշխատել է Արշակ Ղալումյանի հետ:
Առաջիկայում ի՞նչ դերապարով իրեն կտեսնենք: Այս հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ հավանաբար հաջորդ տարի, գարնանը հանդես կգա Բազիլի կերպարով, քանի որ Մինկուսի «Դոն Կիխոտից» այս պերսոնաժը հոգեհարազատ է իրեն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031