«Այնպիսի գործեր պետք է ստեղծվեն, որոնցում չանտեսվի մեր ազգայինը»

«Այնպիսի գործեր պետք է ստեղծվեն, որոնցում չանտեսվի մեր ազգայինը»

Զրուցեցինք  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և  միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր  Աելիտա Դոլուխանյանի հետ:

«Անդրադարձ»  հոդվածում ակադեմիկոս  Ս. Սարինյանը նշում է, որ կարելի է ասել, որ այսօր  ունենք գրաքննադատներ, բայց չունենք  գրաքննադատություն:   Ո՞րն է  գրաքննադատության խնդիրը այսօրվա, ժամանակակից իրականության մեջ:

Կարծում եմ ակադեմիկոս Սերգեյ  Սարինյանը “այսօր քննադատություն չունենք” ասելով նկատի ունի անաչառ, անկողմնակալ քննադատությունը, որը, ցավոք, քիչ է:

Այսօր  գրականությունն  ունի անսահմանափակ ազատություն: Այսօր  կարող են գրել ինչի մասին կամենան և ինչպես կամենան: Չկան գաղափարական և թեմատիկ պարտադրանքներ: Սակայն  ասպարեզում դուք տեսնու՞մ եք այսօր այն բարձրարժեք, մնայուն գեղարվեստական գործերը, որոնք պիտի տային մեր ժամանակի լիարժեք պատկերը:

Զարգացած երկրներում ևս լույս են տեսնում ազատ մտածողությամբ շատ գրքեր։ Մենք հիմա սահմանափակումներ չունենք։  Սակայն այնպիսի գործեր պետք է ստեղծվեն, որոնցում չանտեսվի մեր ազգայինը, և պահպանվի ազգային արժանապատվությունը, անկախ այն  բանից, թե ինչ թեմայով են գրում։

Ի՞նչ եք մտածում գրողը  պետք է լինի քաղաքական-գաղափարական պայքարի մասնակի՞ցը, թե՞ անտարբեր դիտողը:

Եթե որևէ գրող միշտ հիշում է, թե ինչ գրական ժառանգության հետևորդ է, նրա գրածից քաղաքական-գաղափարականը երևում է, պետք չի, որ միտինգում ելույթ ունենա։

Ներկա գրական ընթացքը գնահատելիս ի՞նչ հեղինակների ու գործերի անուններ կառանձնացնեիք:

Ես այն կարծիքին եմ, որ պոեզիայում, արձակում և դրամատուրգիայում ունենք երևելի դեմքեր։ Թե ով նրանցից կդառնա դասական, դժվար է ասել։ Հիանալի գրողներ են Ռուբեն Հովսեփյանը, Պերճ Զեյթունցյանը, Նորայր Ադալյանը,Գուրգեն Խանջյանը,Կարինե Խոդիկյանը,որոնք համընթաց քայլում են աշխարհի գրականության հետ։

Այսօր ստացվել է այնպես, որ գրողը, անկախ նրանից՝ միջակություն է թե տաղանդավոր, ինքը գրում է, ինքը հրատարակում, ունի իր  նեղ  ընկերային լսարանը,  որտեղ իրեն կարդում են, փառաբանում: Կարծես ոչ մեկին չես կարող  զրկել ինքնադրսևորման  գործընթացից:

Պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ կազմակերպում իրենց գրքերի շնորհանդեսները։ Նրանք գնահատման կարիք ունեն։ Թող անեն, այդ չի կարելի արգելել։ Նրանց գրածի իսկական գնահատականը կտա ժամանակը։

Ունե՞նք  այսօր  սփյուռքահայ  գրողներին  ճշգրիտ արժևորելու խնդիր:

Ուշադիր լինենք սփյուռքահայ գրողների նկատմամբ․ նրանք արևմտահայերենի պահապաններն են։ Չմոռանանք Շահան Շահնուրի ” Նահանջը առանց երգի” վեպը դասվում է աշխարհի բոլոր ժամանակների 1001 լավագույն գրքերի շարքում։

Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականության հետագա գոյատևումը  և զարգացումը:

Լավատեսորեն․ չէ որ մեր գրականության զարգացումը երբեք կանգ չի առել։ Կան տաղանդներ, կծվեն նորերը:

 

 

Սիրանուշ Նազլուխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Ինչ պրիմիտիվ հարցազրույց է: Լրագրողի հարցերն ավելի հետաքրքիր են, քան Աեիլիտայի պարզունակ պատասխանները: Իբր դու ինչ ժամանակակից գրականություն ես կարդում, որ մի հատ էլ կարողանաս գնահատական տալ?

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք