Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը

Փետրվար 08,2016 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հռիփսիմե Ջեբեջյան.– Արդեն հայտնի է ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուի անունը՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: Տիկին Եսայան, ամբողջ համացանցը երեկ ողողված էր լուրերով, որ մեր 4-րդ Օմբուդսմենը Արման Թաթոյանն է՝ չնայած դեռ ընտրություն չի եղել: Սա գալիս է այն իրավիճակից, որ մարդիկ կարծում են՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի ընտրվում, այլ նշանակվում է հայտնի ճանապարհներով: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը:

Մարգարիտ Եսայան.– Կանխակալ կարծիք եք հայտնում: Կանոնակարգ օրենքում փոփոխություն տեղի ունեցավ, եւ որոշում կայացվեց, թե որ հանձնաժողովը պետք է լինի գլխադասային ՄԻՊ ընտրության հարցում: Հանձնաժողովի յուրաքանչյոր անդամ իրավասու է թեկնածու ներկայացնել: Պետաիրավականում ՀՀԿ-ն ունի 6 անդամ, մյուսները՝ 1-ական, ես չպիտի իրենց սովորեցնեմ: Եթե իրենք կարողանան 1 թեկնածու ներկայացնել՝ խաղի հաշիվը կդառնա հավասար: Ճիշտ կլինի այլ քաղաքական ուժերը միավորվելու հմտություն ու կարողություն ունենան: Թող միավորվեն եւ 1 թեկնածու ներկայացնեն: Դա բոլորովին իմ կամ որեւէ մեկի մեղքը չէ, որ վստահաբար իրենք չեն միավորվելու: Գիտեք, որ Էդմոն Մարուքյանի կողմից հնչեցվեց Զարուհի Փոստանջյանի անունը, կարող են բոլորը միանալ այդ առաջարկի շուրջ եւ պաշտպանել նրան:

Արթուր Սաքունց.– Ես չեմ պատկերացնում, որ ՄԻՊ-ը կարող է լինել մարդ, որը պաշտոն է զբաղեցնում կառավարության մեջ: Մարդը, որը աշխատում է կառավարությունում, քաղաքական կուրսի եւ ծրագրի իրականացնողն է, ինքը ինչպե՞ս է նշանակվելուց հետո քննադատելու նույն արդարադատության նախարարության բնագավառում, ասենք, քրեակատարողական ծառայության հետ կապված խնդիրները, ԴԱՀԿ-ի խնդիրները: Կա ակնհայտ շահերի բախման կոնցեպտ: Ես գտնում եմ, որ մանավանդ այս պահին պաշտոն զբաղեցնող անձը չի կարող հանդիսանալ Պաշտպանի թեկնածու, դա հոգեբանական խնդիր է: Վերջին հաշվով սահմանադրական պահանջ կա՝ մարդու իրավունքների բնագավառում հայտնի իրավաբանական անձ պետք է լինի: Արման Թաթոյանի մասնագիտականից բան չենք խոսում, բայց արդյոք կարո՞ղ ենք համարել, որ ինքը իրավապաշտպան գործունեության դաշտում հայտնի անձ է՝ հասարակության կողմից: Պիտի հարցը տեղափոխեն, թե՝ ինչո՞վ չափենք հեղինակությունը: Նվազագույն չափանիշը ԶԼՄ-ներով մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ քննադատական խոսքն է, համեմատենք Թաթոյանին Զարուհի Փոստանջյանի հետ: ՀՀԿ-ի թեկնածուն հանրահայտ լինելու պահանջն ակնհայտորեն չի բավարարում:

Մ. Ե.- Պրոֆեսիոնալ իրավաբանի համար որեւէ խնդիր չի լինի թոթափել պետական պաշտոնյայի բաճկոնը եւ զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ: Արման Թաթոյանը հայտնի կդառնա: Մարդուն պիտի հնարավորություն տաս, որ հայտնի դառնա: Անցած օրերի ընթացքում մամուլում հրապարակ նետվեցին Մարդու իրավունքների պաշտպանի հավանական թեկնածուի տարբեր անուններ, համաձայնեք, այս դեպքում Թաթոյանի տարբերակը վատ տարբերակ չէ: Հիշեք, որ երբ ժամանակին Կարեն Անդրեասյանն էր դառնում Մարդու իրավունքների պաշտպան, նույնպիսի կարծիքներ ու գնահատականներ էին հնչում: Այդպես եղավ նաեւ Արմեն Հարությունյանի ժամանակ: Բայց Կարեն Անդրեասյանն իր աշխատանքի արդյունքում ապացուցեց, որ ինքը մարդու իրավունքների լավ պաշտպան է:

Հ. Ջ.– Կարո՞ղ է մարդը, որն այս կառավարության կազմում է եղել, քննադատել իր գործընկերներին, Դուք դա ո՞նց եք պատկերացնում:

Մ. Ե.- Եթե մարդը պրոֆեսիոնալ է եւ բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, որտեղ էլ լինի՝ ինքը չի կաշկանդվի:

Ա. Ս.– Նույնիսկ եթե իշխանությունը հոյակապ հեղինակություն ունի, բարձր ռեյտինգ, նույնիսկ այդ պարագայում իշխանության մեջ աշխատող մարդու առաջադրումն այնպիսի պաշտոնում, որը պետք է հարցեր բարձրացնի այդ իշխանության գործունեության, մարդու իրավունքների հետ կապված, դա նույնպես անթույլատրելի է:

Մ. Ե– Դուք ցանկություն ունեի՞ք դառնալ Մարդու իրավունքների պաշտպան:

Ա. Ս.- Որպես քաղաքական մեծամասնության թեկնածու՝ միանշանակ ոչ: Ես նման հավակնություն, ցանկություն եւ միտում էլ չունեմ, որովհետեւ այն գործունեությունը, որ մենք իրականացնում ենք, մենք ավելի շատ հնարավորություններ ունենք, քան Պաշտպանը:

Պատրաստեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29