Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քաղցր բառը՝ կոալիցիա

Փետրվար 29,2016 12:00

Երբ դաշնակցական Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մտադրվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, քչերը զարմացան, որովհետեւ ՀՅԴ-ն վաղուց արդեն ընդդիմություն չէր, իսկ սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ էլ բավական հստակ «այո» էր ասել: Այդուհանդերձ, չզարմանալով հանդերձ, ընդդիմադիր լրագրողներից ու մանավանդ ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը միանշանակ քննադատեցին ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրությունը: Քննադատության համար հիմքերը հստակ էին, որովհետեւ տեւական ժամանակ Դաշնակցությունը հանդես էր գալիս ՀՀԿ-ի հանդեպ միանգամայն ընդդիմադիր կեցվածքով, մանավանդ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Քաղաքական վերլուծաբաններից շատերն էլ ոչ թե ՀՅԴ-ի, այլ ՀՀԿ-ի կոալիցիոն տրամադրվածությունը չեն հասկանում՝ հատկապես նախընտրական գործընթացներից ընդամենը մեկ տարի առաջ. նրանք գտնում են, որ ՀՀԿ-ն ունենալով քաղաքական բացարձակ մեծամասնություն՝ ամենեւին կարիք չուներ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու: Այսինքն՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին պաշտոններ ու մանդատներ զիջելով՝ ոչ թե շահելու, այլ, ընդհակառակը, տուժելու է: Եթե խոսքը գնում է ոչ թե կոնկրետ պաշտոնների, այլ խորհրդարանական տեղերի մասին, ՀՀԿ-ն ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ էլ, փաստորեն, կոալիցիա կազմեց՝ որոշակի մանդատներ զիջելով Գեղամյանին, Բաբուխանյանին, Խոսրով Հարությունյանին եւ այլ կուսակցականների ու անկուսակցականների: Որոշ դեմագոգներ կարող են կարծիք հայտնել առ այն, որ թվարկածս գործիչներին իրենց նախընտրական ցուցակում ընդգրկելով՝ ՀՀԿ-ն է ցանկացել օգտվել եւ օգտվել է թվարկածս եւ չթվարկածս գործիչների վարկանիշներից: Սա կարծիք է, որը գոյության իրավունք ունի նաեւ ՀՀԿ-ի՝ Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու պարագայում, եւ եթե շատ պետք լինի, նույնիսկ ՀՀԿ-ականները մեծահոգաբար կարող են նման կարծիք հայտնել:

Բազմիցս է գրվել ու ենթադրվել, որ ՀՀԿ-ում որոշ ու որոշակի տարաձայնություններ կան: Եթե տարաձայնություններ կան, ուրեմն խմբավորումներ էլ կլինեն: Եթե խմբավորումներ կան, ուրեմն խմբավորումներից մեկն ավելի ուժեղ ու ազդեցիկ կլինի, քան մյուսը: Եվ հենց էդ ուժեղ ու ազդեցիկ խմբավորումն էլ կորոշի՝ ՀՀԿ նախընտրական ցուցակում անցանկալի յուրայիններին ընդգրկե՞լն է ճիշտ, թե՞ ցանկալի օտարներին. մանավանդ որ՝ նախընտրական գործընթացներում օտարը հենց անցանկալին է:

Այսինքն՝ շատ հնարավոր է, որ ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ Գեղամյանից, Բաբուխանյանից, Խոսրով Հարությունյանից ու ՀՅԴ-ից բացի՝ նաեւ ուրիշները ՀՀԿ-ի նախընտրական ցուցակ մուտք գործեն, օրինակ՝ ԲՀԿ-ն, անվանափոխված ՕԵԿ-ը եւ ուրիշներ: Այսինքն՝ հնարավոր է, որ այս անգամ ոչ թե հետընտրական կոալիցիա լինի, այլ, ընդհակառակը, նախընտրական, եւ կոալիցիայի արդյունքում կոալիցիայի անդամները պատգամավորական մանդատներ ստանան, այլ ոչ թե՝ պաշտոններ: Մենք այս տարբերակը կոալիցիա ենք անվանում, այլ ոչ թե նախընտրական դաշինք, որովհետեւ հնարավոր է՝ որոշ դեպքերում մանդատներին նաեւ պաշտոններ հաջորդեն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք նույնպես պիտի կոալիցիաներ կազմեն. նախընտրական դաշինքներ, քանի որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրության դեպքում, եթե միայնակ ի վիճակի չես հաղթահարել 5 տոկոսի շեմը, ստիպված ես մեկ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել: Հավանաբար այդպես էլ կանեն, քանի որ այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժերից քչերը կկարողանան 5 տոկոսի շեմը միայնակ հաղթահարել: Դա մեր անձնական կարծիքն է, այդ իսկ պատճառով էլ ենթադրում ենք, որ ընդդիմադիր կուսակցություններն այժմեւեթ պիտի մտածեն՝ ում հետ դաշինք կազմեն: Որովհետեւ ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չի մնացել:
Այս ուղղությամբ ընդդիմադիրներից առաջինը, փաստորեն, Բագրատյանը մտածեց. ավելի ճիշտ՝ ոչ թե առաջինը մտածեց, այլ այդ մասին առաջինն ինքը բարձրաձայն արտահայտվեց:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29