Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդաշենի 4-րդ փողոցում արտակարգ իրավիճակ է, բայց բանի տեղ դնող չկա

Մարտ 03,2016 14:00

Ջուրը լցվել է բնակիչների տունը, սակայն տասը օր է՝ ոչ ջրմուղը, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ թաղապետարանը օգնության ձեռք չեն մեկնում

Արտակարգ իրավիճակ ասելով՝ միայն ճանապարհների քարաթափումը, երկրաշարժերը կամ ձյան պատճառով փակ ճանապարհները չեն, որոնց հետեւանքները վերացնելու համար արձագանքում են այդ իրավիճակների համար նախատեսված գերատեսչությունները:

Վարդաշեն 4-րդ փողոցի մի քանի տների բնակիչների համար գրեթե տասը օր է՝ արտակարգ իրավիճակ է, սակայն որեւէ պատասխանատու կառույց չի ստանձնում այդ բնակիչների խնդիրը լուծելու պատասխանատվությունը: Արտակարգ իրավիճակներից, ջրմուղից ու վարչական շրջանից՝ թաղապետարանից եկել, վիճակն արձանագրել են, սակայն ինչպես բնակիչներն են ասում՝ անհետ կորել են. ոչ ասել են՝ ինչն է ջրագոյացման պատճառը, ոչ էլ մի հույս տվել, որ որեւէ մեկը խնդրով զբաղվում է:

Այդ փողոցում բնակվող 4-5 ընտանիքների տները ջուր է լցվում: Արդեն տասը օր է՝ նրանց նկուղներն ամբողջությամբ ջրի մեջ կորած են: 50-60 սանտիմետր խորությամբ, տեղ-տեղ էլ 80 սանտիմետրի հասնող ջրակույտերն օր օրի խարխլում են տների հիմքերը: Տներից մեկի պատն արդեն փլուզվել է:

Vardashen_3. Vardashen_2 Vardashen_1 Vardashen_5

«Առավոտի» հետ զրույցում Վարդաշեն 4-րդ փողոցի 28/1 տան բնակիչ Տիգրան Մուրադյանն ասաց, որ բոլոր գերատեսչությունների թեժ գծերին զանգահարել են, բայց միեւնույն է՝ հարցը չի լուծվում, մարդիկ կան, որ տեղահան են եղել, քանի որ ջրի մեջ ապրել հնարավոր չէ. «Ջմուղից եկան նայեցին, ասացին՝ մեր գործառույթը չէ, եւ որ իրենք ջրամատակարարմամբ են զբաղվում: Արտակարգ իրավիճակներից մի մարդ եկավ, նայեց՝ ոչինչ չասաց, գնաց, չհասցրեցինք էլ հարցեր տալ: Դիմել ենք քաղաքապետարան, մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկվում, եւ մեզ՝ բնակիչներիս համար անհասկանալի է՝ ինչ պետք է անենք, ում դիմենք, որ հարցը լուծվի»:

Չինովնիկների օգնությունն ուշանում է, պատերի խոնավությունը՝ օր օրի բարձրանում: Բնակիչների խոսքերով՝ ներծծված ջուրը պատերով բարձրանում է երկրորդ հարկ, եւ արդեն վերեւի հարկում մարդիկ զգում են խոնավության բույրն ու պատճառած վնասները: Ջրից վնասվել են նկուղներում եղած գույքը, աշխատանքային գործիքները, որոնց մի մասն այդպես էլ չեն հասցրել տարհանել:

Ի տարբերություն որոշ բնակիչների, որոնք նկուղային հարկերում միայն երկրորդական իրեր են պահել, կան բնակիչներ, որոնք այդ նկուղներում ապրում են: Տիգրան Մուրադյանի խոսքերով՝ այդ մարդիկ ստիպված են եղել տան կահ-կարասին ու կահույքը դուրս հանել:
Թե ջուրը որտեղից է առաջանում՝ որեւէ մեկը չի հասկանում. բնակիչների իմանալով՝ տների կողքով կամ տակով ոչ մի մեծ մագիստրալ չի անցնում, հարեւանությամբ գետ կամ ջրատար էլ չկա: Սեփական ուսումնասիրություն էլ չեն կարողանում անցկացնել, քանի որ կես մետրանոց ջրափոսի պարագայում հնարավոր չէ որեւէ աշխատանք կատարել ու պատճառները պարզել:

«Արդեն քանի օր է՝ մարդկանց տները խոնավություն է պատել, ոնց որ ջրի մեջ նստած լինենք»,- ասում են բնակիչները՝ նշելով, թե առաջին դեպքը չէ, որ մարդկանց տները անհայտ տեղից ջրով լցվում են, սակայն եթե նախկինում միայն պատերն էին խոնավանում, քանի որ ջուրն այդքան չէր բարձրանում, ապա այժմ ջուրը բնակիչներին չի լքում, ընդհակառակը՝ գնալով ավելանում է:

Տիգրան Մուրադյանի խոսքերով՝ կասկածներ կան, որ ջուրը հարեւան տներից մեկի տակից է դուրս գալիս, որտեղ որեւէ մեկը չի բնակվում: Բնակիչները չեն բացառում, որ կոյուղաջրերի խողովակը վնասված լինի, սակայն ոչ միշտ է դուրս եկող ջուրը պղտոր լինում, օրվա ընթացքում պատահում է, որ ջուրը զուլալվում է:

Երբ բնակիչները զանգահարում են արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն, պատասխանում են, որ բնակիչների հարցը գրանցված է եւ վերահասցեագրված քաղաքապետարան, ջրմուղ կոյուղի:

«Բայց որեւէ մեկը որեւէ տեղեկություն չի տրամադրում, թե մեր հարցով ի՞նչ են անում, կամ ասեն՝ այսքան օրից խնդիրը կլուծվի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031