Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան․ «Հաշվի՛ առեք անցյալի թերացումները և սրբագրե՛ք ձեր ապագան»

Ապրիլ 29,2016 17:25

Այսօր՝ ապրիլի 29-ին, պարի միջազգային օրն է։ Այս տարի պարի միջազգային օրը և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից Երևանի հանրային վայրերում ամեն ամիս կազմակերպվող հերթական բաց դասի օրը համընկել են, ինչի կապակցությամբ Գինոսյանը մեծ միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում։ Այս առիթով «Այբ»-ը զրուցեց նրա հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես մասնագիտությամբ կիբեռնետիկ երիտասարդն իրեն նվիրեց ազգային պարերը վերականգնելու և փրկելու ազգանվեր ու աստվածահաճո գործին։ Այս զրույցից հետո ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչպես է այս հանճարեղ պարուսույցը մեկ-երկու դասով աշակերտների մեջ արթնացնում մի հզոր ուժ, մի նոր ոգի, որն այլևս կասկած չի թողնում, թե ով ենք մենք, ուր ենք գնում, և որն է մեզանից յուրաքանչյուրի դերը այդ մեծ ու լուսավոր ճանապարհին:

Հարցին, թե ինչպես սկսվեց նրա՝ որպես արվեստագետի ուղին, պատասխանեց․ «Անկեղծորեն չգիտեմ, թե ինչ նախախնամություն կար, բայց կա գենետիկ կոդ, և դա միանշանակ ունեցել է իր ազդեցությունը»։ Ամբողջական զրույցը ներկայացնում ենք մենախոսության տեսքով, որպեսզի լսելի լինի միայն մեր զրուցակցի ձայնը։

Բանակի խնջույքի չմոռացված պարը

Մինչև 21-22 տարեկանս չեմ պարել։ Ոչ միայն չեմ պարել, այլև նույնիսկ ամաչում էի պարել․ բնավորությամբ շատ ամաչկոտ էի։ Մայրս պատմում էր, որ փակվում էի սենյակում և պարում, իսկ իրենք բանալու անցքից ինձ հետևում էին։

Հասարակության մեջ երբեք չեմ պարել, ընդհուպ մինչև իմ բանակ զորակոչվելը։ Բանակի խնջույքի ժամանակ հանդգնեցի առաջին անգամ պարել հասարակության մեջ՝ մտածելով, որ մինչև այդ երկու տարին անցնեն ու տուն գամ, մարդիկ մոռացած կլինեն, թե ինչ խայտառակ վատ եմ պարել։ Այս հույսով այդ օրը պարեցի, բայց մարդկանց մոռանալու հարցում սխալվել էի. բոլորը հիշում էին։

Ճակատագրական հանդիպում

Բանակից մեկ-երկու ամիս էր, ինչ վերադարձել էի, երբ ընկերս, ով սիրահարվել էր ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի հիմնած և ղեկավարած «Վան» ազգագրական երգի-պարի անսամբլում պարող մի աղջկա, ինձ խնդրեց, որ միասին գնանք պարի։ Մեկ շաբաթ նրա համոզելուց հետո հանձնվեցի։

21 տարեկան էի այդ ժամանակ։ Գնացի պարի խումբ ընդունվելու՝ ավելի քան վստահ լինելով, որ ինձ չեն ընդունի։ Մտանք Պոլիտեխնիկական ինստիտուտի ակտերի դահլիճ, և մեզ ներկայացրին Հայրիկ Մուրադյանին, ով մեզ նայեց ու ասաց․ «Բարձրացեք բեմ»։ Ապշեցի. չէի հասկանում՝ ինձ ծաղրում է, թե ոչ։ Բայց այդ մարդու մեջ այնքան բարություն ու մեծություն կար․․․ Կրկնեց․ «Բարձրացիր բեմ, բալիկս»։ Շատ էր սիրում երեխաներին․ բոլորին ասում էր «բալիկս»։ Այդ հանդիպումը ճակատագրական եղավ ինձ համար․ ես սկսեցի պարել։

Փոխվեց հոգեբանությունս

Սկսեցի պարել․ զգացի պարի ոգին, զգացի, թե ինչ փոփոխություն է կրում իմ հոգեբանությունը։

Գնալով ավելի էի հմտանում պարերի մեջ, ու որոշ ժամանակ անց ծանոթ ու անծանոթ մարդիկ մոտենում ու ասում էին, որ գեղեցիկ եմ պարում, որ կան պարեր, որոնցում ինձ նման փափուկ ու ճշգրիտ զսպանակներ ոչ մեկը չի պարում․․․ պարը սկսեց ինձ խանդավառեցնել։

2

Պարն ունի իր ոգին

Յուրաքանչյուր պար իր ոգին ունի, իսկ մարդը մի անոթ է, որի միջոցով այդ ամենը կարող է լավագույնս կամ թերի արտացոլվել։ Թե ինչքանով ես կարողանում արտացոլել, կախված է թե՛ քո հոգևոր ընկալունակությունից և թե՛ հոգևորը մարմնապես վերարտադրելու կարողությունից։ Մարդու հոգին ու մարմինը թռչունի հավասարազոր թևեր են, և եթե որևէ մեկը բացակայում կամ հիվանդ է, ապա եթե անգամ թռչելու մասին խոսք լինի, ապա ճախրելու մասին խոսք լինել չի կարող։

Պարողը պետք է ձուլվի և դառնա պար՝ իր մարմնի յուրաքանչյուր բջիջով, շարժումով, հոգեվիճակով ու հոգեկերտվածքով՝ անկախ նրանից՝ դա ռազմապար է, թե հարսանեկան պար։ Չես կարող հարսանեկան պարը, որտեղ հարս ու փեսայի գովք ու փառաբանում է, պարել ռազմատենչ ոգով, և հակառակը։ Այսինքն՝ ճիշտ վերապրելու և վերարտադրելու առաքելությունը շատ կարևոր է։

Կտրուկ որոշումներ չկայացնելու մասին

Ես երբեք ոչ մի կտրուկ որոշում չեմ կայացրել։ Ամեն ինչ կամաց-կամաց հասունացել է։ Աղբյուրը, երբ ծնվում է գետնի տակից, երկու ուղով կարող է ընթանալ՝ կամ կամք չդրսևորել և որոշել չհոսել ու սմբակների տակ ցեխաջրի վերածվել, կամ վճռականություն ցուցաբերել և կամք ունենալ հոսելու։ Դժվարը սկիզբն է, իսկ կարևորը՝ շարժման մեջ լինելը։ Կարևոր է չդադարել, քանի որ հենց կանգնեցիր, սկսելու ես ճահճանալ։ Պետք է անընդհատ շարժվել, նույնիսկ ամենածանր պահին։ Իրականում հենց այդ պահի՛ն պետք է դրսևորես ամենազորեղ կամքդ։

«Կարինը» ստեղծելու մասին

Կյանքը թելադրեց խումբ ստեղծել։

Սկսեցի Կարնո պարերն ուսումնասիրել, և դա պայմանավորված էր պապիկովս, ով, ասում էին, շատ հայտնի պարող ու երգասաց է եղել։ Ես նրան երբևէ չեմ տեսել․ գնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմ և չի վերադարձել։ Պապս արմատներով կարինցի էր (էրզրումցի), ու պապիս հոգեբանությունը ավելի լավ հասկանալու, նրան ավելի լավ ճանաչելու համար փորձեցի գտնել այն պարերը, որոնք նա պարել է։ Գնացի այդ տեղանքներն ու գյուղերը, պապիկիս ծննդավայր Ախալցխա, բայց քաղաքում պահպանված քիչ պարեր կային։ Գնացի հեռու բնակավայրեր, որոնք քաղաքակրթության խաչմերուկներից հեռու են, քանի որ այնտեղ մշակույթն ավելի լավ է պահպանվում, և սկսեցի պարերն ուսումնասիրել։

Երբ բավականաչափ պարեր կային կուտակված, հասկացանք, որ պետք է լինի առանձին խումբ։ Հայաստանում կարինցիների համատեղ բնակության վայրեր չկան, որտեղ կարելի է մշակույթը պահպանել։ Կան սասունցիների, վասպուրականցիների, ալաշկերտցիների, նույնիսկ համշենահայերի ու պարսկահայերի գյուղեր, որտեղ վերջիններս պահպանում են իրենց մշակույթը, մինչդեռ Կարինի մշակույթն արտացոլված չէ որևէ տեղ, որովհետև կարինցիք ապրում են Ջավախքում, որն այսօրվա Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։

Եվ կյանքն ուղղորդեց նրան, որ պետք է լինի «Կարին» խումբ, որը կներկայացնի Կարնո մշակույթը։ Հետագայում մեր մշակութային շրջանակն այնքան մեծացավ, որ ընդգրկեց ամբողջ հայկական լեռնաշխարհը։

«Կարինից» բացի՝ մեր ջանքերով ստեղծվել է Հայաստանում 17 խումբ: Բայց նման խմբերի քանակը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Մեր ջանքերով, գրառված նյութերով և աջակցությամբ խմբեր են ստեղծվել Ջավախքում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մոսկվայում և այլն: Եվ այդ խմբերի մեծ մասը պարում է «Կարինի» վերականգնած պարերը:

Շատ խմբեր իրենց պարացանկում ունեն 7-8 պար «Կարինն» առնվազն 35 մեռած պար է փրկել, իսկ մեր պարացանկն ընդգրկում է 50-ից ավել պար:

3

Ժողովրդին վերադարձրինք այն, ինչ իրավամբ նրանն է

Կամաց-կամաց եկանք նրան, որ միայն պահպանելը բավական չէ։ Եթե կա ինչ-որ նմուշ, որը միակն է, կամ երկուսն են, ապա այն տեղադրում են թանգարանում, վրան էլ մեծատառերով գրում՝ «Ձեռք չտալ»։ Եթե «ձեռք չտալ», ապա դա արդեն մահացած նյութ է։ Կյանքը մեզ պարտադրեց նոր որոշում կայացնել. եթե մենք չփոխանցենք, ապա մեզ հետ մահանալու է ամբողջ մշակույթը և մենք դառնալու ենք թանգարանային նմուշ՝ երբևէ հայ ժողովրդի հարստության չվերածվելով: Եկանք այն եզրակացությանը, որ պետք է պարերը վերադարձնենք ժողովրդին: Մենք իրավունք չունենք մեզ հետ մեռցնելու այն, ինչ մենք չենք ստեղծել:

Մշակույթը զարգացնողը ժողովուրդն է: Նույնիսկ եթե ես հանճարեղ լինեմ, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ մտցնում այն մշակույթի մեջ, որը ստեղծում ու բեմադրում եմ: Ես չեմ կարող իմ անձից վերանալ, ինչքան էլ փորձեմ զերծ պահել մշակութային գանձը իմ անձի սուբյեկտիվ մոտեցումից։

Ուզեմ-չուզեմ՝ իմ հոգեբանությունն այդ պարի մեջ ներդրվում է, և որպեսզի պարը ճիշտ զարգանա, այն պետք է վերադարձնես ժողովրդին, և մի հոգու փոխարեն հազարները պարեն, իսկ այդ հազարների մեջ պարը կամաց-կամաց ինքնամաքրվում է, և մնում է զուտ ազգային հոգեբանությունը, որը բնորոշ է բոլորին: Այսինքն՝ մեզ տարանջատողը մեր եսն է, իսկ մեզ միավորողը՝ ազգայինը։ Եթե բոլորս զբաղվում ենք նույն բանով, արդյունքում մեր բոլորի եսերը մաղից թափվում են դուրս ու ներսում մնում է մի բան, որն ավելի խոշոր է, քան մեր եսը. մնում է «մենքը»՝ այն, ինչը պարունակում է ազգային նկարագիր:

Ժողովուրդը պետք է ուզենար

Մեր հաջողությունները ե՞րբ տեղի ունեցան: Մեզանից առաջ ոչ ոք չէ՞ր կարող այդ պարերը սովորեցնել ժողովրդին: Իհարկե, կարող էր, բայց ժողովուրդը պետք է ուզեր սովորել, իսկ ժողովուրդը ուզեց սովորել այն ժամանակ, երբ այդ ամենն իրեն հուզեց բեմից, և նա դա ընդունեց որպես իր սեփականություն և հպարտացավ դրանով:

Մի օրինակ բերեմ. մեր փոքրերի խմբի պարագլուխը, ում պապից մենք ժամանակին գրառեցինք պարեր, իր քթի տակ ծիծաղում էր այդ ժամանակ։ Պապը տարեց մարդ էր, մեծ փորով ու հազիվ էր շարժվում, ու թոռանը չէին հուզում նրա պարերը, բայց երբ այդ պարերը վերականգնեցինք ու երիտասարդ տղաները՝ 20-25 տարեկան, սկսեցին բոլորովին նոր շնչով վերարտադրել դրանք, թոռը սկսեց հետաքրքրվել։ Այդ պարերը սկսեցին հուզել նրան, և օր առաջ ցանկանում էր կլանել դրանք։

Պարեր գրառել ենք տատիկներից ու պապիկներից։ 95 տարեկան տատիկից գրառել ենք «Էջմիածին» պարը այդ տատիկն այնքան վատառողջ էր, որ աթոռին նստած է ցույց տվել:

Ազգային երգ ու պարը՝ հանրակրթական առարկա

Մի օր հայտարարություն արեցի՝ ասելով, որ եթե մեկը մի օր որոշում կայացնի մաքուր ազգային (ոչ ժողովրդական), ազգագրական պարերի մասնագետներին դնել պատի տակ ու գնդակահարել, ապա ազգային մշակույթը, պարարվեստը կմեռնեն մեկ օրում, որովհետև ընդամենը մի քանի մասնագետ է մնացել, որոնք իրոք այդ մշակույթի կրողներ են և որոնք իրոք կարող են վերլուծել և վերլուծելուց զատ գործնականորեն փոխանցել ուսանողներին, ուսուցանել ուրիշներին: Մի քանի անգամ հնչեցրածս ահազանգը ի վերջո տեղ հասավ, և ազգային երգ ու պարը դարձավ հանրակրթական առարկա:

Ներկայումս ջանքեր ենք գործադրում, որպեսզի սեպտեմբերից ռազմապարը մտնի բանակ, և եթե այն իրոք մտնի բանակ, ապա այն զուտ ռազմապար չպետք է լինի, այլ պետք է պարունակի գաղափարախոսություն:

Հայ տղայից՝ ասպետ, հայ աղջնակից՝ իշխանուհի

Երբ առարկան մտավ դպրոց, հասկացանք, որ ճակատը շատ է մեծացել, և հնարավոր չէ ֆիդայական շարժումով պահել այն, այլ պետք է կանոնավոր բանակ: Այս բոլոր մտորումները հանգեցրին նրան, որ պետք է ստեղծվի Ազգային երգ ու պարի ակադեմիա, որը պետք է ստանձնի այդ կանոնավոր բանակի դերը։

Այն հիմնադրվեց անցած աշնանը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մեր գերխնդիրը ոչ թե երգ ու պար սովորեցնելը, երեխաներին երգողներ ու պարողներ դարձնելն է, այլ երգն ու պարը որպես միջոց օգտագործելով՝ հայ քաղաքացի ու հայ մարդ դաստիարակելը, հայ տղայից՝ ասպետ, իսկ հայ աղջնակից իշխանուհի կերտելը։ Ազգային մշակույթը ազգի հոգևոր հայելին է։ Եթե հայելի չունես ու քեզ չես ճանաչում, շատ դժվար է ճիշտ ճանապարհով գնալ։ Կարծում եմ, որ թե՛ «Այբ» հիմնադրամը, թե՛ ես՝ որպես անհատ, և թե՛ «Կարին» խմբի բոլոր անդամները վճռական են այդ առաքելությունը լավագույնս կատարելու հարցում՝ չնայած բավականին լուրջ խոչընդոտներին՝ և՛ ֆինանսական, և՛ կազմակերպչական։ Շատ լավ կլիներ, եթե պետական աջակցություն լիներ:

Հայ երիտասարդներին

Մի՛ զազրախոսեք կամ խուսափեք անցյալից: Հպարտացե՛ք անցյալի մեր ձեռքբերումներով և, հաշվի առնելով անցյալի թերացումներն ու բացթողումները, սրբագրե՛ք ձեր ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930