Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած «իրական Հայաստանը» գրվում է մեծատառով, նշանակում է, որ պետության անունը այլեւս Հայաստանի Հանրապետություն չէ, այլ` «Իրական Հայաստան» է»

Ապրիլ 15,2024 18:20

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում տարածաշրջանում նաեւ Իրան-Իսրայել խորացող ռազմական լարվածության ֆոնի վրա խոսեց մեր բանակի պատրաստվածության աստիճանը բարձրացնելու եւ ուշադրությունը մեծացնելու անհրաժեշտության մասին: «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն թող գնան Երեւան քաղաքի ցանկացած վարչական շրջան, էլ չեմ ասում Հայաստանի մյուս քաղաքներ, որտեղ կան զինվորական հագուստի եւ պարագաների խանութներ: Թող գնան ու տեսնեն, որ վաճառվում են զինվորական գուլպա, ներքնազգեստ, համազգեստ եւ ամեն տեսակի պարագաներ: Ընդ որում, որոշ օրերի այնտեղ նույնիսկ ակցիաներ են իրականացվում Ո՞վ է դրանք գնում: Հասկանալի է, ժամկետային զինծառայողների եւ պայմանագրայինների ծնողները»,-ասաց նա:

Պարոն Ղազարյանը նաեւ խորհուրդ տվեց՝ ուշադրություն դարձնել մի բանի վրա, որը անուշադրության է մատնվում: «ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրության մեջ կառավարության կայքում պատմական Հայաստան եւ իրական Հայաստան ձեւակերպումները ընդգծված տառատեսակով են ներկայացված ու բոլոր տեղերում իրական Հայաստանը գրված է մեծատառով: Ես բանասեր չեմ, բայց գիտեմ, որ նախադասության մեջ մեծատառով գրվում են միայն հատուկ անունները: Ստացվում է, որ «իրական» բառը, եթե այն գրված է մեծատառով, ըստ վարչապետի, հատուկ անուն է: Հայաստանի Հանրապետությունը գրվում է մեծատառերով: Այսինքն, եթե իրական Հայաստանը գրվում է մեծատառով, ուրեմն նշանակում է, որ պետության անունը այլեւս Հայաստանի Հանրապետություն չէ, այլ «Իրական Հայաստան» է:
Նիկոլ Փաշինյանը ասում է, թե մենք պետք է հասկանանք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է:

Մենք նաեւ գիտենք, որ 109 տարի առաջ հայերն այնտեղ ենթարկվել են ցեղասպանության: Ու ցեղասպանությունն էլ ոչ միայն մեր ազգային ողբերգությունն է, այլ համամարդկային: Ցեղասպանությունները կանխարգելելու, դրանք դատապարտելու համար աշխարհի ժողովուրդները, պետություններն են պայքարում, աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, քրեականացրել են ցեղասպանության ժխտողականությունը:

Պատմական Հայաստանը որն է, իրական Հայաստանը որն է: Ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած պետություն ունի իր պատմությունը: Նիկոլ Փաշինյանը, որ եկել, դարձել է վարչապետ 2018 թվականին, դա իրակա՞ն է եղել, թե՞ պատմական: Դու եղել ես իրական երկրի վարչապետ, որը Հայաստանի Հանրապետություն անունն ունի: Ու այդ երկիրն այդ անվանումը ստացել է Անկախության Հռչակագրով:
Հիմա այդ իրականությունը քո մեղքով տապալել ես. հիմա եկել, ասում ես՝ իրականություն կա, պատմություն կա»,-ասաց Էդգար Ղազարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930