Չէ՞ որ մենք ասում էինք

Չէ՞ որ մենք ասում էինք

Ճակատամարտից առաջ վախկոտները տեսնում էին, թե ինչպես են վախենում ուժեղները: Համաձայնեք, որ հետաքրքիր միտք է, քանի որ վախկոտները գիտեին, որ կռվողը իրենք չեն, առավել եւս, որ ճակատամարտի ելքից հետո պատասխանատվությունը իրենցը չէ: Վախկոտները, սակայն, վստահ գիտեին նաեւ մի բան, որ իրենք հաստատուն արդարացում ունեն ճակատամարտի ցանկացած ելքի դեպքում էլ: Իսկ նրանց արդարացումը ամփոփվում է ընդամենը մեկ բառով՝ չէ՞ որ մենք ասում էինք…

Պատերազմները սկսվում են, կարելի է ասել, իրերի համար, ուրիշի ունեցվածքը խլելու համար, չնայած այդ պատերազմներում, միեւնույն է, մարդն է կռվում մարդու դեմ, եւ եթե այդ կռիվը ուրիշի ունեցվածքը թալանելու համար է՝ երկիրը խլելու համար, նսեմ է:
Եվ լրիվ այլ է, երբ մարդը կռվում է իր հայրենիքն ազատագրելու համար, քանզի կռիվն այդ սրբազան է՝ իրերից վեր, շահից վեր, թալանից վեր…

Մանկությանս տարիներին մի հետաքրքիր կռիվ-կռիվ խաղ կար մեր գյուղում. խաղը կոչվում էր թուրք ու հայ: Երբ մենք բաժանվում էինք թիմերի, ոչ ոք չէր ուզում թուրք լինել՝ բացի իմ հորաքրոջ տղայից, որը մեր դասարանում մեզանից ամենավախկոտն էր, ով, սակայն, կարողանում էր արագ թուրքերի իր խումբը հավաքել, որովհետեւ գյուղում ֆուտբոլի միակ գնդակ ունեցողն էր, եւ եթե իր խմբից չլինեին, հաջորդ օրը ֆուտբոլի խաղի ժամանակ նա կեսից կարող էր գնդակը վերցնել ու գնալ տուն: Այսինքն՝ խաղի մի գնդակով նա հսկայական իշխանություն ուներ տղաների մի խմբի վրա:

Եվ քանի որ առօրյա անհրաժեշտը ամենաթույլերին է պետք, նա իր վախկոտությունը թաքցնում էր իր ունեցած գնդակի ետեւում՝ ափսո՛ս, չիմանալով, որ ուժեղների բաժինը պատվավորն է՝ թեկուզ առանց գնդակ:

Հեշտ է, անշուշտ, հարուստ ու բարեհարդար երկրում գեղեցիկ խոսելը, երկրում, որը քեզանից առաջ հարյուրամյակներով կառուցել ու զարդարել են նախնիներդ: Եվ հակառակը՝ դժվար է խոսել, առավել եւս՝ գեղեցիկ, մի երկրում, որի հազարամյակներ ձգվող պատմությունը անցնում է նախճիրների միջով: Եվ որի հաղթանակները հիմնականում բարոյական են եղել եւ պարտությունները՝ շատ անգամ անդառնալի կորուստ…

Եվ երկիր, սակայն, որի բարեհարդարողը դու ես այսօր, իմ Զինվոր, եւ մենք բոլորս, եւ որ հանդգնություն է պահանջվում իմաստնությամբ վերափոխել ճակատագիրը, համարձակությամբ քանդել վաղուց քարացած պատնեշները եւ չթողնել որեւէ նեցուկ հարմարվող վախկոտների համար, որոնք դարան մտած սարդերի նման անկյուններից նայում են, թե երբ է սխալվելու ուժեղը, որպեսզի բացականչեն՝
– Տեսա՜ք, չէ՞ որ մենք ասում էինք…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք