Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ դերասանների փառատոնային ներկայացումները կցուցադրվեն արտասահմանյան մի շարք երկրներում». Մարիաննա Մխիթարյան

Մայիս 04,2016 20:22

«Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնի ընթացքը և ձեռքբերումները, որը տևեց ապրիլի 29-ից մայիսի 3-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը:

Տիկին Մխիթարյանը նշեց, որ հաշվի առնելով արցախյան վերջին իրադարձությունները՝ փառատոնի բացումը և փակումը տոնական ձևով չանցկացրին. «Մեր կարծիքով` փառատոնի տոնական բացումը անհարգալից վերաբերմունք կլիներ այն իրադարձությունների նկատմամբ, որ տեղի ունեցան: Այն փաստը, որ մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ, ուժ տվեց մեզ: Նրանք ընդգծում էին, որ ուզում են այս օրերին լինել մեր կողքին»:

Նաիրա Հայրապետյանն էլ հավելեց, որ փառատոնի շրջանակներում ցուցադրված բոլոր 26 ներկայացումները շատ լավն էին, ինչը կարևոր և հատկանշական փառատոնի համար. «Մոնոներկայացումը բավականին բարդ ժանր է, դժվար է մեկ ժամ հանդիսատեսին պահել լարված, համոզել, որ այն, ինչ կատարվում է բեմում, հավաստի է: Հայաստանցի մասնակիցների ներկայացումները, նրանց խաղը որևէ բանով չզիջեցին օտարազգի մասնակիցների բեմադրություններին»:

«Արմմոնո-2016» փառատոնը եզրափակել է Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացումը՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կատարմամբ:

Հիմնական ծրագրից զատ փառատոնում անցկացվել են նաև մի շարք այլ ծրագրեր՝ «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», ինչպես նաև «Մեկ հեղինակի թատրոն» (2016թ. փառատոնի նորամուծություններից է). ցուցադրվել են հայ դրամատուրգ Կ. Խոդիկյանի գործերից: Փառատոնի ծրագրում ներառված է եղել Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը. այն նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:

Առանցքային են եղել երկու նախագիծ, որն իրականացվել են Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ («Վրոցլավը`եվրոպական մշակութային մայրաքաղաք»):
Նախագծի շրջանակում անցկացվել է 2 մոնոներկայացման ցուցադրություն Լեհաստանից և կայացել մեկ հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրություն-առաջնախաղը (Տադեուշ Ռուժևիչ՝ «Զվարճալի ծերունին»): Այս նախագծի շրջանակում անցկացվել է նաև դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը:

«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են եղել՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի թատերական փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել),  Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):

Փառատոնի շրջանակում Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Վ. Տերեշենկոն անցկացրել են վարպետության դաս` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:

Փառատոնն անցկացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:

Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ  փառատոնի օրերին տիրել է ստեղծագործական մթնոլորտ, և յուրաքանչյուր հանդիսատես գտել է իր նախընտրած ներկայացումը: Նա նաև ավելացրեց, որ հայ դերասանները մի շարք հրավերներ են ստացել արտասահմանյան փառատոններին մասնակցելու համար. «Ցանկացած փառատոն տոն է և լուրջ աշխատանք է պահանջում,  հայ դերասանների փառատոնային ներկայացումները կցուցադրվեն արտասահմանյան մի շարք երկրներում: Այս տարի մենք համագործակցեցինք  նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի ավարտական կուրսի հետ: Նրանք ֆիլմ են նկարել, կոչվելու է «Արմմոնո Ֆեստիվալ»: Ֆիլմն ուսանողների դիպլոմային աշխատանքն է: Նրանք ամբողջ ընթացքում նկարահանումներ են իրականացրել, հուսամ, որ ֆիլմ ունենալն ավանդական կդառնա: Երբ այն ավարտեն` հանդիսավոր ցուցադրություն կլինի»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031