Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդների բողոքը՝ Հենրիկ Նավասարդյանին. (Տեսանյութ)

Մայիս 24,2016 17:09

Այսօր էլ տաքսու վարորդներն իրենց խնդիրներով Երեւանի քաղաքապետարանի դիմաց էին: Պահանջները նորից վերաբերում էին ավտոկայանատեղիների հատկացմանը:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հիշատակեց. «Վերջին անգամ ոստիկանությունում ոստիկանապետի տեղակալի մոտ քննարկումներ են եղել դեռ երկու ամիս առաջ, դրանից հետո գործընթացը սկսվել է, բայց դանդաղում է: Մենք տեսնում ենք, որ միտումնավոր է, ինչու՞ է դանդաղում կայանատեղիների հատկացնելը, որովհետեւ կա «Փարքինգ սիթի», նա էլ ուզում է ավելի շատ կարմիր գիծ լինի, հասկանու՞մ եք: Տղաները բոլորը դեռ սպասում են: Դեռ Կենտրոնում չեն հատկացրել, տղաները սպասում են Արաբկիրում, Մաշտոցում, Նորք Մարաշ: Դեռ Երեւան քաղաքում տասնյակ կայանատեղիներ պետք է հատկացնեն, բայց ես հասկանում եմ, որ քաղաքում «Փարքինգ սիթի» կազմակերպությունը զրկվում է իր կարմիր գծանշաններից եւ ամեն ինչ անում են, որ կայանատեղիները քիչ հատկացնեն,- ասում է պարոն Հովհաննիսյանը, օրինակ բերում՝ Ազատության պողոտայում նախատեսվող ավտոկայանատեղիի պատմությունը,- մարդիկ երկու տարի շարունակ, կանգնած սպասում են՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնվելով, որ չեն տուգանվելու այդ տարածքում: Արդեն բերել, կարմիր գծանշան են դրել, բացի դրանից էլ, դիմացի խանութի տիրոջը վաճառել են այդ տարածքը: Հիմա մարդիկ արդեն փակուղի են մտել»:

Henrik_Navasardyan-4 Henrik_Navasardyan-3 Henrik_Navasardyan-2

Պարոն Հովհաննիսյանը դեռ նոր էր սկսել ներկայացնել տաքսու վարորդների պահանջները, երբ քաղաքապետարանից դուրս եկավ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Երեւանի տարբեր հատվածներում կայանատեղիների հատկացման ու կարմիր գծանշանների հետ կապված բողոքներից զատ, այստեղ հավաքվածների մեծ մասը, պարզվեց, մեկ այլ բողոք ուներ:

Վարորդները հիմնականում Ազատության պողոտայում էին աշխատում. այստեղ պարզվում է՝ «Ոսկե գետակ» անվանումով խանութի սեփականատերը հենց խանութի դիմաց տարածք է վարձակալել եւ խոչընդոտում է տաքսու վարորդների աշխատանքը, թույլ չի տալիս, որ այդ տարածքում տարիներ շարունակ աշխատող վարորդներն այլեւս կայանեն:

Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ խանութի տերը իր մեքենաներն է դիտմամբ բերում, կանգնեցնում իր վարձակալած տարածքում, հայտարարում է, թե ինքն այդ տարածքը գնել է՝ 500 000 դրամ վճարելով, եթե ցանկանում են այդտեղ կանգնել, թող իրեն վճարեն:

«Խնդրում ենք տարածքը ուսումնասիրեք, նոր այն վաճառեք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Մենք ընդհանրապես ոչ մեկին տարածք չենք վաճառում: Ծառայողական մեքենաներին տարածք հատկացնելը, չի նշանակում, որ մենք վաճառում ենք: Դա օրենքով նախատեսված դրույթ է, որը օրենքի սահմաններում է:

Դա ծառայողական ավտոկայանատեղի է, օրենքով նախատեսված ՝մեկ ավտոմեքենայի համար տարվա կտրվածքով 100 000 դրամ, եթե արգելում է այլ տրանսպորտային միջոցների կայանումը, իսկ եթե չի արգելում ոչ մի տրանսպորտային միջոցի կայանում, այդ դեպքում՝ 80 000 դրամ: Ինչ վերաբերում է Ազատության պողոտայում գտնվող «Ոսկե գետակի» տարածքին, այդ տարածքը տրվել է որպես ծառայողական ավտոկայանատեղի, որտեղ չի արգելվում ցանկացած այլ քաղաքացու այդ ծառայությունից օգտվել»,- պարզաբանեց Հենրիկ Նավասարդյանը՝ ավելացնելով, որ այդ տարածքում կարող են կանգնեցնել նաեւ այդ շենքի բնակիչները, եւ այդ դեպքում խանութի տերը իրավունք չունի արգելելու:

Հավաքված տաքսու վարորդները պնդում էին, որ խանութի տերը՝ Գրիգոր Ամալյանը, որը դասախոս է համալսարանում եւ դատավորի հայր է՝ պարբերաբար վեճեր է հրահրում, թույլ չի տալիս, որ այդտեղ իրենք՝ անգամ շենքի բնակիչները, ինչը օրինական է, իրենց մեքենան կանգնեցնեն:

Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ ինքը խոսել է խանութի տիրոջ հետ, վերջինս ասել է, որ նման խնդիրներ չեն եղել:

Տրանսպորտի վարչության պետին վարորդները հրավիրեցին «վիճաբանության տարածք»՝ խնդիրը տեսնելու, նաեւ խանութի տեր Գրիգոր Ամալյանի հետ զրուցելու: Պարոն Նավասարդյանը համաձայնեց, ասաց մեկ ժամում այդտեղ կլինի:

Մանրամասները տեսանյութում.

Հենրիկ Նավասարդյանի՝ Ազատության պողոտա ժամանելու մասին նյութն ավելի ուշ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031