Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» ոստիկանության հետ փորձում է «Տրանս-Սֆերին» դաշտից հանել»

Հուլիս 02,2016 14:00

«ԱրմենՏել» ընկերության գրասենյակների անվտանգությունն ապահովելու համար շարունակվում է պայքարը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության եւ պահնորդական մասնավոր «Տրանս-Սֆեր» ընկերության միջեւ:
Այս օրերին «ԱրմենՏելի» որոշ գրասենյակներում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) աշխատակիցները «Տրանս-Սֆեր» ընկերության պահնորդներին հորդորում են լքել «պոստերը» եւ ստիպում իրենց հետ հանձնման-ընդունման ակտ կազմել:

«Առավոտ»-ը՝ «Ոստիկանությունը «Տրանս-Սֆերի» աշխատակիցներին սպառնում է բաժին տանել, եթե չլքեն «ԱրմենՏելի» «պոստերը»» եւ «Ոստիկանությունը պահնորդական շուկայում իր մրցակիցներին կամաց-կամաց դուրս է մղում» հրապարակումներով անդրադարձել է «Տրանս-Սֆերի» եւ ՊՊԳՎ-ի միջեւ «հակամարտությանը»: Հիշեցնենք, որ «Տրանս-Սֆերի» ղեկավար Հովհաննես Պետրոսյանը պնդում է, որ իր ընկերությունը հաղթել է «ԱրմենՏելի»՝ օբյեկտներում պահնորդական ծառայություններ իրականացնելու հայտարարած մրցույթում: Սակայն, ըստ Պետրոսյանի, «ԱրմենՏելն» անհիմն կերպով պայմանագիր չի կնքում «Տրանս-Սֆերի» հետ եւ որոշել է այդ ծառայությունների իրականացումը տալ նույն մրցույթի մասնակից ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը:

«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Պետրոսյանն ասաց, որ «ԱրմենՏելի» Արարատի, Վեդիի, Արտաշատի եւ Մասիսի գրասենյակներում ոստիկանության պահնորդները «Տրանս-Սֆերի» պահնորդներից պահանջում են լքել պահակակետերը, եւ դրանք պետք է հանձնվեն ոստիկանության պահպանությանը. «Դեպքի առթիվ մարզային վարչության մեր պատասխանատուն զանգահարել է 1-02, եւ նա կանչվել է ոստիկանության մարզային վարչություն ՝ բացատրություն տալու»:

Պետրոսյանը վստահեցնում է, որ իրենց պահնորդներն իրավունք չունեն լքել պահակակետերը, քանի որ «ԱրմենՏելի» հետ մինչ պայմանագիր կնքելը պայմանավորվածություն է եղել ստանձնել գրասենյակների անվտանգության ապահովումը, ուստի իրենք նաեւ այդ ընկերության գույքի պատասխանատվությունն են կրում:

«ԱրմենՏելի» պահակակետերի համար պայքարը սրել է նաեւ դատարանի տարըմբռնման տեղիք տվող որոշումը:

Երբ «ԱրմենՏելը» որոշել է պայմանագիր չկնքել մրցույթի հաղթող «Տրանս-Սֆերի» հետ, վերջինս դիմել է դատարան՝ պահանջով՝ պարտադրել «ԱրմենՏելին» պայմանագիր կնքել: Նույն պահանջով ոստիկանությունն էլ է դիմել դատարան: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս վճիռ չի կայացրել:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ թե՛ ոստիկանությունից եւ թե՛ «ԱրմենՏելից» վստահեցրել էին, որ ՊՊԳՎ-ն «ԱրմենՏելի» գրասենյակներում անվտանգության ապահովման աշխատանքներն է փորձում իրականացնել դատարանի որոշման համաձայն:

Մեզ հետ զրույցում «Տրանս-Սֆեր» ընկերության պաշտպան Վարուժան Փաշայանը վստահեցրեց, որ մինչ վերջնական վճիռ կայացնելը ոստիկանության միջնորդությամբ դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ «ԱրմենՏելին» թույլատրվել է իր օբյեկտների պահպանության համար պայմանագիր կնքել 3-րդ անձի հետ:

Դատավոր Ռուբեն Բունիաթյանն իր այս որոշումը հետո պարզաբանել է: «Տրանս-Սֆերի» փաստաբանի խոսքերով՝ «Դատավորը պարզաբանել է՝ դատարանը ոչ թե թույլատրել է կոնկրետ պայմանագիր կնքել ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձի հետ, այլ համապատասխան օբյեկտների պահպանության համար նման պայմանագրի կնքման անհրաժեշտություն առաջանալու դեպքում իր հայեցողությամբ պայմանագիր կնքել 3-րդ անձի հետ (մեջբերում դատարանի որոշումից-Ն. Բ.): Այսինքն՝ ըստ անհրաժեշտության, իսկ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ «Տրանս-Սֆերն» արդեն իրականացնում է պահպանությունը՝ կրկին հիմնվելով դատարանի որոշման հիման վրա: Մինչ ոստիկանության դատարանում միջնորդությանը՝ մենք եւս միջնորդություն էինք ներկայացրել՝ կիրառել հայցի ապահովում: Դատավորը որոշել է «ԱրմենՏելին» արգելել մրցույթի արդյունքում հանձնաժողովի կայացրած որոշմանը հակասող ցանկացած գործողության կատարում կամ որոշման ընդունում: Այսինքն՝ արգելել է «ԱրմենՏելին» «Տրանս-Սֆերի» ծառայությունների դադարեցման պահանջ դնել, ինչպես նաեւ արգելել է հանձնման-ընդունման ակտ կնքել: Սա նշանակում է՝ «Տրանս-Սֆերը» կարող է շարունակել «ԱրմենՏելի» օբյեկտներում պահպանության ծառայություններ իրականացնել»:

Իսկ այս գործը դատարան է հասել այն բանից հետո, երբ մրցույթում հաղթած «Տրանս-Սֆեր» ընկերության հետ «ԱրմենՏելը» հրաժարվել է պայմանագիր կնքել՝ այն հիմնավորմամբ, որ «Տրանս-Սֆերը» մրցույթին մասնակցել է՝ չունենալով 100 որակավորված պահնորդ, ինչը մրցույթի պահանջն է եղել: Ընկերությունում գրանցված աշխատակիցներն այդ պահին 83-ն են եղել: «ԱրմենՏելը» նախաձեռնել է «Տրանս-Սֆերի» որակազրկման գործընթաց:

Այս առնչությամբ էլ «Տրանս-Սֆերի» փաստաբանը վստահեցրեց, որ 100 պահնորդի պահանջ դրված չի եղել մրցույթի հրավերում, 100 պահնորդի պահանջը վերաբերում է նրան, որ այդ քանակությամբ պահնորդ ընկերությունն ունենա պայմանագիրը կնքելու եւ ծառայությունն իրականացնելու պահին. «Իսկ պայմանագիրը կնքելու պահին ընկերությունը կունենար համապատասխան քանակի որակավորված պահնորդներ: Իրենց պայմանագրի 7.7 կետում նախատեսում է նույն պայմանը, որը նախատեսված է նաեւ հավելվածում: Մենք պնդում ենք, որ 100 պահնորդ ունենալու պայմանը պայմանագրում է նախատեսված, սա նշանակում է արդեն իսկ պայմանագրի կատարման պահանջ, ոչ թե մրցույթին մասնակցելու հրավերի պահանջ: Ընկերությունը նախապես չի իմացել՝ կհաղթի՞ մրցույթում, թե՞ ոչ, ուստի այդ ընթացքում չի ավելացրել իր աշխատակիցների քանակը, քանի որ դա նշանակում է հավելյալ հարկային վճարներ՝ եկամտահարկ, աշխատավարձ եւ այլն»: Բացի այս, «ԱրմենՏելը» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պահնորդների քանակի պարտադիր պահանջի մասին ներկայացրել է գրավոր հիմնավորում: Այդ հիմնավորման մեջ էլ նշվում է, որ պահանջը ծառայություն իրականացնելու պահին է վերաբերում:

Հիմնավորման մեջ գրված է՝ «Մրցութային փաստաթղթերում, ի թիվս այլ դրույթների, սահմանվել է որակավորման պահանջ՝ պահնորդական ծառայությունների մատուցման պահին ունենալ բավարար մարդկային, աշխատանքային ռեսուրսներ»: Ըստ փաստաբանի՝ «Սա էլ հիմք է՝ պնդելու, որ «ԱրմենՏելն» անհիմն գործողություններ է կատարում «Տրանս-Սֆերի» նկատմամբ: «ԱրմենՏելի» ներկայացուցիչը դատարանում նույնիսկ ասել է, ու դրա ձայնագրությունը կա՝ «Չենք ուզել՝ չենք կնքել պայմանագիր»: Ամեն ինչ ցանկության վրա է հիմնված, ոչ թե իրավական ակտերի: Ոստիկանությունը պնդում է, որ «Տրանս-Սֆերը» որակազրկվել է, մինչդեռ «ԱրմենՏելի» գնումների հանձնաժողովն այդ մասին դեռ որոշում չի կայացրել: Այս ամենում մի միտում կա՝ «ԱրմենՏելը» ոստիկանության հետ փորձում է «Տրանս-Սֆերին» դաշտից հանել կամայական գործողություններով՝ առանց իրավական հիմքերի»: «Տրանս-Սֆերի» ղեկավարն էլ վստահեցրեց, որ իր ընկերության որակավորված պահնորդներին ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում, եւ արդեն մի քանիսը փորձել են աշխատանքի անցնել ՊՊԳՎ-ում, սակայն աշխատավարձերը շատ ցածր են եղել, եւ նրանք մերժել են հրավերը. «Փաստորեն ոստիկանությունը բավարար քանակի պահնորդներ չունի»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031