Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացել եմ ցույց տալ՝ որքան ուժեղ են կանայք նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ են». ռեժիսոր

Հուլիս 13,2016 22:22

Երիտասարդ, միայնակ մայրը որոշում է մեկնել Ամերիկա՝ բարելավելու իր և աուտիզմ ունեցող երեխայի կյանքը: Աննան վաճառում է տունը և գումարը վճարում մի մարդու, որը խոստանում է նրա համար անօրինական ճանապարհով դեսպանատնից վիզա ձեռք բերել: Պարզվում է, որ նա խարդախ մարդ է և որոշել է Աննայի գումարն օգտագործել սեփական ընտանիքին արտասահման տանելու համար: Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա աղջկան…

Վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:

Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանի խոսքով՝ «Աննայի կյանքը» մրցույթի համար գրեթե միաձայն ընտրված ֆիլմերից է:

«Ամեն տարի մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանի երկրների ֆիլմերին: Վրացական կինոն շատ հետաքրքիր զարգացում է ապրում հիմա: Նոր սերունդ է եկել, որը մի կողմից զարգացնում է վրացական կինոյի ավանդույթները, մյուս կողմից, նոր ասելիք է բերում իր հետ: Երբ դիտում ենք նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերը, հասկանում ենք՝ ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում մարդիկ, հաղորդակից ենք լինում հասարակ մարդկանց կյանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միքայել Ստամբոլցյանը:

Նինո Բասիլիայի փոխանցմամբ՝ «Աննայի կյանքը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է:

«Այսպիսի բաներ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամներ են եղել: Մի անգամ էլ ընկերներիցս մեկը կարող էր այդպես խաբվել, բայց մեր բախտը բերեց. այդ մարդը չկարողացավ խարդախությամբ մեզնից գումար շորթել»,- պատմեց Նինո Բասիլիան:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ ցանկացած դժվարության դեպքում պետք է պայքարել, երբեք չհուսահատվել:

«Միշտ ցանկացել եմ ցույց տալ՝ ինչպես են կանայք պայքարում, ապրում, որքան ուժեղ են նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ են»,- նշեց նա:

Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է հուլիսի 11-ին, կցուցադրվի նաև հուլիսի 14-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031