Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան. «ՊՊԾ գնդում գտնվող որոշ մարդկանցից բացի, դրսում գտնվողներն էլ վաստակ ունեն»

Հուլիս 26,2016 16:34

Aravot.am-ը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանին խնդրեց պատմաբանի հայացքով գնահատել վերջին օրերի իրադարձությունները՝ ներառյալ ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հետեւած զարգացումները:

«Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 17-ից ծավալվեցին իրադարձություններ, որոնք ցնցել են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Ապրիլյան իրադարձություններից հետո այս իրադարձությունները եւս մտահոգությունների տեղիք են տալիս: Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո մեր բոլորի նպատակը մեկն է՝ պետք է ժողովրդավար երկրին վայել իրադարձություններ տեղի ունենան, քաղաքական անցուդարձեր, որոնք պայմանավորված են զուտ ժողովրդավարությամբ եւ սահմանադրական նորմերի սկզբունքներով: Ցավոք իրադարձությունները կարծեք թե այդ համատեքստից շեղվում են: Այս պարագայում ես ուզում եմ հատկապես մտավորականներին կոչ անել՝ բացարձակապես զգույշ լինել արտահայտություններում, իսկ իշխանությունները կարծեք թե ավելի զգույշ են արտահայտվում եւ որակումներ չեն տալիս: Կարծում եմ, որ այն նպատակը, որ դրված է եւ իշխանությունների եւ ողջամիտ մարդկանց կողմից, որ խաղաղ հանգուցալուծում պետք է ստանա այս ամենը, ճիշտ որդեգրած կուրս է: Մյուս կողմից էլ՝ այո, կան խնդիրներ, որոնց մասին հենց ՀՀ նախագահն էլ բարձրաձայնեց, դրանք լուծման կարիք ունեն: Շեշտում եմ, որ ամեն ինչ պետք է լինի միայն ողջախոհության սահմաններում, ես ինքս էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից եմ»,-ասաց պատմաբանը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ նա նշել էր. «Այդքան մարդ սովորել եւ սովորում է աշխարհի լավագույն համալսարաններում։ Բանակցություններ վարելու արվեստի և արդյունավետ ձևերի մասին բազմաթիվ սեմինարներ են անցկացվել ու փողեր ծախսվել։ Ավելին‚ լիքը սեմինարավարներ քարոզում են՝ «անհնարին ոչինչ չկա» սկզբունքը։ Մեկը չկա՞ պրոֆեսիոնալ ձեւով ստանձնի բանակցողի դեր եւ արդյունավետ ձեւերը կիրառի։ Եթե լինի‚ ապա կրթության նկատմամբ մարդկանց հավատը շեշտակի կաճի»:

Էդիկ Գեւորգյանը ի պատասխան ասաց. «Այդ հարցը ինձ էլ է մտահոգում: Մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որոնք Արցախյան պատերազմին են մասնակցել, իրենց վաստակն ունեն, ընդ որում դա ասում եմ՝ հղում անելով եւ հրապարակի վրա եղած նյութերին, եւ վավերագրական ֆիլմերին, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդում գտնվող որոշ մարդկանց; Նրանք անցել են մարտական ուղի, ունեն վաստակ: Բայց չէ՞ որ վաստակ ունեն նաեւ այն մարդիկ, որոնք դրսում են… Միայն մտահոգ, կենսափորձ ու ճանապարհ անցածները կկարողանան բանակցել, քայլ անել, մի բան, որ մեր գեներալիտետը չի կարող: Նույնն էլ քաղաքական դաշտին է վերաբերվում. շտապեցին ոմանք, որոշակի գնահատականներ տվեցին ու լռեցին: Պետք է ողջախոհություն ու զսպվածություն պահպանել այս օրերին, նախագահի կողմից էլ եղան գնահատականներ, որ պետք է դասեր քաղել:

Իսկ բանակցելու արվեստը, այո, այսօր մեզ համար բաց դաշտ է: Գուցե շատերը վախենում են նման պատասխանատվություն վերցնել՝ մտածելով, որ այդ իրավունքը չեն վաստակել կամ համապատասխան վաստակ չունեն: Այնուամենայնիվ համոզված եմ՝ հանգուցալուծում կգտնվի, խոսք է գնում մասնավորապես Աշոտ Մինասյանի մասին, որը կարծես անբիծ կենսագրություն ունի: Երեւի Վիտալի Բալասանյանն էլ կշարունակի: Պետք է բանակցելու արվեստի, դիվանագիտության բանալին գտնել: Սա հարկավոր է մեզ ոչ միայն այսօր՝ ՊՊԾ գնդում գտնվողների հետ բանակցելու համար, այլ ընդհանրապես:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ժամանակին կործանվեց հենց դիվանագիտական կադրերի պակասի պատճառով: Մենք երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն են գնում, Ծովից ծով Հայաստան էինք պահանջում, որը ոչ մեկը մեզ չէր տալու: Կամ գնում էինք Փարիզի վեհաժողովին ու երկու տարբեր մոտեցումներ արտահայտում: Պետք է բանակցային գործընթացին ճի՛շտ տիրապետել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031