Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում (Տեսանյութ)

Օգոստոս 03,2016 13:45

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանին երեքշաբթի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով, այսինքն՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնել եւ պահելը, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երրորդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր ձեռք բերելը: Այս մասին օգոստոսի 3-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բիլյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմինե Ֆանյանը:

Նա հայտնեց, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը օգոստոսի 2-ին Արմեն Բիլյանին երկու ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել: Արմինե Ֆանյանը նշեց, որ Արմեն Բիլյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, օգտվում է լռելու իր դատավարական բացարձակ իրավունքից, առհասարակ ցուցմունք չի տալիս: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալը բոլորովին չի ընկճվել եւ իրեն համարում է ռազմագերի:

«Երկու հոդվածներն էլ ունեն խրախուսական նորմեր, որոնք նախատեսված են երկու հանցակազմերին համապատասխան մասերով: Որոնցով սահմանված կարգով, եթե անձը կամովին հրաժարվում է, օրինակ՝ եթե պատանդ վերցնելուն եւ պահելուն է վերաբերվում խոսքը, ազատ է արձակում պատանդներին եւ հրաժարվում է իր պահանջներից, մյուս դեպքում՝ զենքերն է կամովին հանձնում, խրախուսական նորմն անվերապահորեն գործում է, եւ անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքում այլ հանցակազմը բացակայում է: Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս հարցը իմ կողմից բարձրացվել է, այն իմաստով, որ մասնավորապես՝ 235 հոդվածի մասով հիմնավոր կասկածների մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ ԱԱԾ-ն դրան նախորդող ժամանակահատվածում բազմաթիվ անգամ հաղորդագրություններ է տարածել, որով հորդորել է խմբին վայր դնել զենքերը, հանձնել զենքերը, ինչին պետք է հաջորդեր նրանց քրեական պատասխանատվությունից ազատելը՝ համապատասխան նորմերի կիրառմամբ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու փաստաբանի գործողությունները, արդյոք պատրաստվո՞ւմ է բողոքարկել որոշումը, Արմինե Ֆանյանը պատասխանեց. «Անպայման կալանքի որոշումը բողոքարկվելու է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ 5-օրյա ժամկետ է: Պաշտպանյալս նաեւ առողջական խնդիրներ ունի, դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից եւ ողնաշարը կարծես թե վնասել է, բավական դժվարություններով է տեղաշարժվում: Միջոցներ ենք արագ ձեռնարկում նրա հետազոտումը կազմակերպելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031