Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի պատգամավորներ կդառնա՞ն գեներալներն ու օլիգարխները

Օգոստոս 08,2016 12:00

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չի մնացել: Եթե ապրիլյան քառօրյա պատերազմը չլիներ, նախընտրական պայքարը վաղուց փաստացի սկսված կլիներ, եւ հավանաբար արդեն նախընտրական դաշինքների ուրվագծերն էլ տեսանելի կլինեին: Առայժմ ընդամենը տեսանելի է, թե ընդդիմադիր որ ուժերն են միեւնույն դաշինքում անհամատեղելի: Այս առումով ամենաակնհայտը «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների անհամատեղելիությունն է, որն ի հայտ եկավ տվյալ կուսակցության լիդերների վերջին ընդհարումներից:

Սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերությունը չի վճարում աշխատողների աշխատավարձերը: Այնուհետեւ պատասխան խոսքով հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձերը ոչ թե չեն վճարել, այլ ընդամենը մեկ ամսով ուշացրել են: Բաղդասարյանը նաեւ անթաքույց հեգնանքով զարմացավ, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» ֆինանսական խնդիրներ չունի:

Համոզված եմ, որ այս երկու կուսակցությունների եւ նրանց լիդերների միջեւ սկսված փոխհրաձգությունը շարունակություն կունենա, եւ հակված եմ առանձնապես չխորանալ նրանց հայտարարությունների բովանդակության մեջ եւ ոչ էլ մտածել, թե փոխհրաձգությունն ով սկսեց: Այս անգամ Փաշինյանը սկսեց, մյուս անգամ Բաղդասարյանը կամ Բիշարյանը կսկսեն:

Սա ընդամենը նշանակում է, որ նախընտրական պայքարն սկսված է, եւ այս երկու կուսակցությունները միեւնույն նախընտրական դաշինքում չեն ընդգրկվելու:
Ինչպես ենթադրում էինք, միեւնույն դաշինքում չընդգրկված ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցություններն ավելի շատ միմյանց դեմ են ելույթներ ունենալու, քան իշխանությունների: Այսուհանդերձ, միեւնույն դաշինքում չընդգրկված ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունների վիճակը շատ բարդ է լինելու. նրանք նույն եռանդով ոչ միայն միմյանց դեմ պիտի ելույթներ ունենան, այլեւ իշխանությունների դեմ, եւ չարժե դրանց մեջ կառուցողական ելույթներ ակնկալել այն պարզ պատճառով, որ հայ ընտրողը, ինչպես միշտ, հիմա էլ է տրամադրված ընտրել այնպես, ինչպես որ մինչեւ հիմա ընտրել է. կա՛մ ընտրակաշառք բաժանողին են ընտրելու, կա՛մ էլ նրանց, ովքեր ամենասուրն ու ամենաանողոքն են քննադատում իշխանություններին:

Այսինքն՝ ամեն ինչից բացի, իշխանական կուսակցության վիճակը, ինչպես միշտ, վերստին նախընտրելի է լինելու, որովհետեւ ընդդիմադիրներն ու կիսաընդդիմադիրները հիմնականում իրարից են ձայներ խլելու: Միշտ այդպես է եղել, եւ, կարծում եմ, այս անգամ էլ այդպես կլինի, որովհետեւ իշխանամետներն ու կիսաիշխանամետներն իրար չեն հայհոյելու՝ ի տարբերություն ընդդիմադիրների ու կիսաընդդիմադիրների: Համաձայն եմ, որ իրականում կիսաընդդիմադիրն ու կիսաիշխանամետը գրեթե նույն բանն են, բայց դա պարզվում է ընտրություններից հետո, մինչդեռ նախընտրական շրջանում իրենց ելույթներով իրարից չափազանց են տարբերվում: Այս անգամ էլ են տարբերվելու, եւ շատ դեպքերում կիսաընդդիմադիրներն ավելի թունդ են քննադատելու իշխանություններին, քան ամենաարմատականները: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայկական վերածննդի» փոխհրաձգությանը, հակված եմ ենթադրելու, որ այս երկու ուժերը միայնակ՝ առանց որեւէ դաշինքի են մասնակցելու ընտրություններին: Ոչ միայն իրենց ինքնավստահ տոնն է ինձ այդպես կարծելու հիմքեր տալիս, այլեւ այն հանգամանքը, որ այս երկուսի «ռազբորկաներին» որեւէ այլ ուժ չխառնվեց:

Ընտրություններին միայնակ՝ առանց դաշինքի մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Օսկանյանի «Համախմբումը»: Թերեւս նաեւ ԲՀԿ-ն համարձակվի միայնակ հանդես գալ: ՀԱԿ-ի մասին չեմ ասում, որովհետեւ ՀԱԿ-ը, փաստորեն, ՀԺԿ-ի հետ արդեն իսկ դաշինք է: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այս անգամ էլ, ըստ ամենայնի, որոշ ուժեր կհաջողացնեն համոզել Րաֆֆիին ընտրություններին միասնական դաշինքով մասնակցել: Կարծում ենք՝ ապագա խորհրդարանում անծանոթ ուժեր չեն հայտնվի: Եթե, իհարկե, արտառոց ու անկանխատեսելի իրադարձություններ տեղի չունենան:
Իսկ ի՞նչ է սպասվում պատգամավոր գեներալներին ու օլիգարխներին: Արդյո՞ք այս անգամ էլ նրանք ամենավերեւներից «դաբրո» կստանան՝ համալրելու հայոց խորհրդարանը: Սա շատ կարեւոր ու էական հարց է, որի պատասխանը, կարծում ենք, առայժմ հայտնի չէ նույնիսկ ամենավերեւներին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Հ.Գ. Այս վերլուծությունը, որ հուլիսի 17-ից ընդամենը մի քանի օր առաջ էի արել, հիմա ավելի քան ժամանակավրեպ ու հնացած է, եւ հիմա արդեն ոչ ոք չի կարող ասել, թե երբ եւ ինչպիսի ընտրություններ տեղի կունենան:

 

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031