Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը ահազանգում է. Ռուսական փողերի լվացում Հայաստանում

Հոկտեմբեր 10,2016 19:15

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» Հայաստանում ներկայացրեց ռուսական փողերի լվացման դեպք:

«Մեր կազմակերպությանը դիմել էր ռուս գործարար Ալեքսեյ Կորիպանովը՝ ասելով, որ տարիներ ի վեր՝ 2005 թվականից, ինքը եւ իր գործընկերները գործունեություն են ծավալել Հայաստանի Հանրապետությունում՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, որի արդյունքում նախկին դատախազ Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, տիրացել է իրենց 5 միլիոն դոլար ներդրումներին: Փորձեցինք օգնել ռուս գործարարներին՝ ի սկզբանե մտածելով, որ ներդրողները դարձել են խարդախության եւ խաբեության զոհ: 2015 թվականի սեպտեմբերի 15-ին մեր հաղորդման հիման վրա, ինչպես նաեւ իրենց դիմումի հիման վրա հարուցվեց քրեական գործ խարդախության փաստի առթիվ, որն առ այսօր քննվում է»,- ասաց նա:

Մարինա Պողոսյանը նշեց, որ «Վելես» Հ/Կ-ն սեփական հետաքննություն, քանի որ քննչական մարմինները առ այսօր որեւէ գործողություն չեն կատարել. «Պարզվեց 2005 թվականի հուլիսի 22-ին Ալեքսեյ Կարիպանովը եւ նախկին դատախազ Օսիպովի կինը՝ Լյուբով Փիլոյանը հիմնում են «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, որպեսզի զբաղվեն շինարարական աշխատանքներով: 2006-2007 թվականներին հողակտորներ են գնում, որպեսզի շինարարական աշխատանքներ կատարվեն տվյալ հողակտորներում, եւ այստեղ էլ սկսվում են շատ հետաքրքիր գործարքներ: 2006 թվականի մարտից մինչեւ 2006 թվականի նոյեմբերի վերջը, այսինքն՝ 5 ամսվա մեջ, Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել մոտավորապես 1 միլիոն 620 հազար դոլար, որից 1 միլիոն 345 դոլարը փոխանցումով, 275 հազարը՝ կանխիկ:

Եթե ռուս գործարարները նպատակ ունեին հողակտորներ գնել, որոնց վրա շինարարություն պետք է անեին, ապա կար գրանցված «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, եւ եթե օտարերկրյա ներդրողներին չի կարելի ձեռք բերել հողեր, քանի որ դա հակասում է մեր Սահմանադրությանը եւ հողային օրենսգրքին, վերջիններս կարող էին այդ հողակտորները ձեռք բերել կազմակերպության միջոցով»:

Մարինա Պողոսյանը ասաց, որ իրենց մոտ կասկած է առաջացել, քանի որ բոլոր գործարքները միջնորդավորված են կատարվել: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փոխանցման նպատակը նշված է եղել համակարգչային պարագաներ գնելը, չնայած փոխանցումը կատարած անձը՝ Դմիտրի Կոտովը, մինչ այսօր պնդում է, որ փոխանցել է հողակտորներ գնելու նպատակով: Գումարը կանխիկացվում է եւ փոխանցվում է Լյուբով Փիլոյանին, վերջինս իր որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ սկսում է գնել հողակտորներ: Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ հողակտորները ձեռք են բերվել շատ ավելի էժան, քան վաճառվել են ռուս գործարարներին: Արդյունքում՝ բոլոր հողակտորները Վիկտոր Տեր-Հովսեփյանի սեփականությունն են դարձել: Բացի այդ նյութերի նախապատրաստման փուլում իրավապաշտպանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, մասնավորապես՝ վերջինիս նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ինչ-որ բնակարանի խարդախությամբ վաճառքի համար:

«Ռուս 3 գործարարները՝ Ալեքսեյ Կորիպանովը, Դմիտրի Կոտովը եւ Դմիտրի Աֆոնինը, տուժողներ են ճանաչվել խարդախության փաստի առթիվ, բայց քանի որ քննչական մարմինները անգործություն են ցուցաբերել, մենք խորանալով հասկացել ենք, որ բացի խարդախությունից, այստեղ կան նաեւ այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործարքներ՝ հողերի օտարում օտարերկրյա քաղաքացիներին, փողեր լվացում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31