Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Մոսկվան կհերքի՞ Չավուշօղլուին

Հոկտեմբեր 15,2016 12:00

Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները
ընդգծված բարեկամական ու ռազմավարական են դառնում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ելույթ ունենալիս անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` նկատելով, որ այն բարդ հակամարտություն է, հավելել է, որ բարդ է նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը. «Մենք Ցյուրիխում ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրություններ, որոնք, ցավոք, հաջողություն չունեցան»: Այնուհետեւ Չավուշօղլուն ուշագրավ անցում է կատարել ԼՂ խնդրին, ավելի ճիշտ` այդ հարցում Անկարայի ակնկալիքներին. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաեւ Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Պաշտոնական Երեւանը ժամեր անց արձագանքեց այս հայտարարությանը: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց. «ԼՂ հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է ԼՂ կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը եւս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա՝ եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ եւ կյանքի կկոչեր դեռեւս 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»:

Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ակնկալիքները ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծման օգտին` Մոսկվայից, նորություն չեն: Որքան էլ տրամաբանական է պաշտոնական Երեւանի արձագանքը ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությունների, այնուամենայնիվ, դեռ չի գտնվել որեւէ հայ պաշտոնյա, որ վստահեցնի մեր հասարակությանը, որ Մոսկվան նման ծրագրեր չունի ապրիլյան քառօրյա պատերազմից: Այստեղ հարցը այն չէ, որ պաշտոնական Երեւանն այժմ կոշտ դիրքերից է հանդես գալիս եւ զիջումների չի պատրաստվում գնալ, այլ այն, որ պաշտոնական Անկարայի եւ Բաքվի հույսը Մոսկվան է` Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Բացի այդ` պաշտոնական Մոսկվան եւս չի հերքում Անկարայից, ինչպես նաեւ Բաքվից պարբերաբար հնչող նմանատիպ հայտարարությունները ռուսական պլանի վերաբերյալ: Ըստ ամենայնի, Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից խոսել է հենց «Լավրովի պլանի» մասին: Այնպես որ` թուրք-ադրբեջանական համառությունն այդ ծրագրի հանդեպ արդեն զարմանալի չէ: Առավել եւս` վերջին օրերին:

Մի քանի օր առաջ Ստամբուլում ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններ ընթացան, որոնց արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես` «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը։ Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները սրընթաց վերականգնվում են, Մոսկվա-Անկարա համագործակցությունը ռազմաքաղաքական նշանակություն է ստանում։

Ստամբուլում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների շուրջ 1 ժամ 40 րոպե տեւած հանդիպումից հետո երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Բերաթ Ալբայրաքը ստորագրեցին համաձայնագիր, որով նախատեսվում է մինչեւ 2020թ. կառուցել ցամաքային եւ ծովային երկու խողովակաշարից բաղկացած գազատարը, որի շինարարությունը շուրջ 12,5 մլրդ դոլար կարժենա: «Թուրքական հոսքը» սկիզբ է առնելու Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սեւ ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս է գալու Հունաստանին սահմանակից Իպսալա քաղաքի մոտ` ռուսական գազը տանելով Հարավարեւմտյան Եվրոպա:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ մտադիր են ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունը առեւտրաարդյունաբերական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության եւ մշակութային ոլորտներում: Նա հայտնել է, որ ռուսական կողմի հետ համաձայնության են եկել նաեւ օրակարգային մեկ այլ հարցի` «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքները արագացնելու շուրջ. «Վստահ եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափով շարունակվելու է: Հավատում եմ, որ առաջիկայում հետ կբերենք կորցրած ժամանակը»:

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Թուրքիային մատակարարվող գազի գնի զեղչման վերաբերյալ, ինչպես նաեւ հանվել են Թուրքիայից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները: Իսկ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Էրդողանին եւ թուրք ժողովրդին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ կանխելու կապակցությամբ: Նա նշել է, որ ուրախ է, որ հաջողվել է իրավիճակը պահել վերահսկողության տակ. «Մենք հասկանում ենք, որ Թուրքիայում նման խոշոր միջոցառումների համար լավագույն ժամանակը չէ, որովհետեւ միայն վերջերս այն վերապրել է պետական հեղաշրջման փորձ: Մենք շատ ուշադիր եւ անհանգստությամբ հետեւում էինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում»:

Պուտինն ու Էրդողանը Ստամբուլում վարած բանակցություններում քննարկել են նաեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը։ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառել, որ Ռուսաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է պատրաստվել մինչեւ 2017թ. կեսը: «Թուրքիան ու Ռուսաստանը շատ արագ աշխատում են ազատ առեւտրի մասին համաձայնագրի պատրաստման համար… Թե որ ոլորտների վրա հետագայում կտարածվի ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, մենք կպարզենք հետո: Մեր նպատակը երկկողմ առեւտրի բոլոր խոչընդոտների վերացումն է եւ մեր հարաբերություններն ընդլայնելը»,- ասել է Զեյբեքջին:

Սիրիայում ունենալով բավական խորքային հակասություններ, այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Թուրքիան անշեղորեն գնում են դեպի հարաբերությունների ջերմացում: Արեւմուտքի հետ ունենալով լուրջ խնդիրներ` թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան ցույց են տալիս, թե որքան են գնահատում մեկը մյուսին:

Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ընդգծված բարեկամական ու ռազմավարական են դառնում` հավակնոտ միասնական նախագծերով: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի առնչությամբ բոլորովին էլ անակնկալ չէ, այն նույնիսկ խիստ սպասելի էր:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31