Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան․«Բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ֊ից»

Հոկտեմբեր 20,2016 11:21

Վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց

  Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին հանձնարարական տվեց գյուղական բնակավայրերի տրանսպորտի խնդիրների ուղղությամբ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը։ Վարչապետն, այսպես ասած՝ զգուշացրեց նախարարներին՝ տվյալ խնդիրը լուծելու ուղղությամբ չսահմանափակվել միայն Երեւանի մերձակա գյուղերով: Հանձնարարվեց ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, հանձնարարվեց նաեւ ներկայացնել թե որոնք են այդ խնդիրների պատճառները, ներկայացնելով խնդիրների կարգավորման վերջնական կարգավորումներ:

Վարչապետն անդրադառնալով լիցենզավորման խնդրին ասաց՝

«Լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը եւ ներկայացնելու առաջարկություններ»:

Էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն էլ վարչապետը հանձնարարական տրվեց՝ երեք շաբաթյա ժամկետում պետք է ներկայացվի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն․ «Մասնավորապես, տրված թույլտվություններն ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերության օրենքով նախատեսված գործիքակազմը եւ մոտեցումները: Կարծում եմ՝ հանձնարարականի իմաստը պարզ է»:

Վարչապետը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն էլ հանձնարարական տվեց՝ շեշտելով, որ տեւական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից: Ըստ պարոն Կարապետյանի, հարցը, մասնավորապես առնչվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին․ «Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցում վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին, առաջինը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթը հարուցվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: 2-րդ՝ եռամսյակը մեկ ամփոփել եւ տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են կատարման ակտեր ներկայացնում՝ չպահպանելով օրենսդրության պահանջները: 3-րդ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման մասով՝ էլփոստի միջոցով, sms և այն»։

Վարչապետը հանձնարարականներ էր տվել նաեւ նախորդ նիստին, ուստի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց միասին առանձին քննարկել դրանց հանձնարարականների կատարման իրավիճակը, կարգապահությունը եւ կատարման բովանդակությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31