Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական հարձակման փորձի կրկնությունը Ադրբեջանի համար շատ ավելի ծանր կլինի». Շավարշ Քոչարյան

Նոյեմբեր 23,2016 15:40

«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին: Ըստ նրա` հրաժարականն անսպասելի չէր, քանի որ Ուորլիքի ժամկետը լրացել էր:

Դիտարկմանը` հարցեր չի՞ հարուցում արդյոք այն, որ Ուորլիքն աշխատանքի է անցնելու այն փաստաբանական ընկերությունում, որի անունը կապվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Դուրս գալով այդ պաշտոնից` Ուորլիքն ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Ոչ այս, այլ նախորդ համանախագահի դեպքում, նկատի ունեմ Մեթյու Բրայզային, նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ լինելով համանախագահ, իր կողմնակալ վերաբերմունքն արտահայտվեց իր ապագա գործունեությունում: Այս պարագայում ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ ծանոթ չենք Ջեյմս Ուորլիքի գործունեությանը»:

Անդրադառնալով հարցին` ինչպե՞ս կանդրադառնա ամերիկացի համանախագահի փոփոխությունը հակամարտության կարգավորման վրա, պարոն Քոչարյանը նշեց, թե անձի փոփոխությունը չի նշանակում, որ նոր համանախագահը գալու է ու զրոյից սկսի առաջարկների նոր փաթեթ ներկայացնել:

Հիշեցմանը, թե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ պաշտոնական Երևանը չի ցանկանում շարունակել բանակցային գործընթացը, Բաքվից էլ եղավ հայտարարություն, որ Ադրբեջանը պատրաստ է ԱԳ նախարարների հանդիպմանը, բայց դրանից խուսափում է Հայաստանը, պարոն Քոչարյանն արձագանքեց` վստահեցնելով, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը լիովին հակասում է ամբողջ նախորդ ժամանակահատվածում եղած իրողությանը: Նա մանրամասնեց. «Երբեք հայկական կողմերը չեն խուսափել հանդիպումներից, միակ ակնկալիքը, որ միշտ եղել է, այն է, որ դրանք պետք է լինեն արդյունավետ: Իսկ արդյունավետության մասին կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Անհնար է ակնկալել առաջընթաց, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, չկա վստահություն կողմերի միջև, կրակում են, սադրանքներ կազմակերպում շփման գծում: Առաջին հերթին այս ուղղությամբ պետք է բանակցություններ ընթանան, որ զինադադարի` 1994-ի ռեժիմը կյանքի կոչվի: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է դա`1995-ի համաձայնագրով: Ցանկացած զինադադար, որ պահպանվի, պետք է պարունակի այդ տարրը: Այլ բան է, որ ադրբեջանական կողմը փորձում է դա տորպեդահարել»:

Ալիեւի վերջին հայտարարության առիթով, որով նա ասում էր, թե «Շուշին մերն է…եթե հայերը դասեր չքաղեն ապրիլյան մարտերից, նրանց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով, պարոն Քոչարյանը զգուշացրեց, որ հետևանքներն այդ դեպքում Ադրբեջանի համար ավելի ծանր են լինելու. «Այդ հայտարարությունը բացահայտեց այն հանգամանքը, որ տարիների ընթացքում բանակցային գործընթացը դոփում է տեղում այն պատճառով, որ ադրբեջանական կողմն օգտագործում է ողջ բանակցային գործընթացն իբրև քող, իրականում նա այլ քաղաքականություն է վարում: Տարածում է իր քարոզչությունը, որը կառուցված է հակամարտության էությունն աղավաղելու վրա, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե ինքնորոշման խնդիր է, այլ տարածքային վեճ, որ պարարտ հող ստեղծի ապագայում ռազմական լուծման համար: Եթե նման այլ փորձ լինի, ապա արդյունքը շատ ավելի ծանր կլինի Ադրբեջանի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930