Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ

Դեկտեմբեր 09,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսուներկուերորդ

ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ

Եթե քեզ որեւէ տեղ չեն հրավիրում, կնշանակի՝ քեզ արժանի չեն համարում էդ տեղին, եւ դրա  պատճառներն ինքդ պիտի փնտրես ու գտնես՝ ինչպես որ աշուղ Ջիվանին է իր՝ հարսանիքի չհրավիրվելն իր սպիտակ մազերով պատճառաբանում ու պայմանավորում. եթե Ջիվանու «Սպիտակ մազերը» լսել եք, պիտի որ հիշեք էդ երգի հետեւյալ տողը՝ «ձեզ տեսնելով՝ ինձ չեն կանչում հարսանիք», եւ չնայած Ջիվանու էդ  երգը շատ եմ սիրում, եւ չնայած էդ երգի հատկապես էդ տողն եմ սիրում, այդուհանդերձ, համոզված եմ, որ եթե ինչ-որ մեկն աշուղ Ջիվանուն հարսանիք չի հրավիրել, պատճառն ամենեւին էլ Ջիվանու սպիտակ մազերը չեն եղել, այլ՝ միանգամայն այլ բան, եւ ահա էդ միանգամայն այլ պատճառը չկռահելով՝ Ջիվանին իր հարսանիք չկանչվելու պատճառն իր սպիտակ մազերն է համարում, մինչդեռ իրականում, ըստ ամենայնի, միանգամայն այլ պատճառ է գոյություն ունեցել, եւ չնայած Ջիվանու էդ «Սպիտակ մազերը» շատ եմ սիրում, առաջին անգամ է, որ էսպես ըստ էության եմ վերաբերվում էդ երգի տեքստին, եւ հիմա ըստ էության ու մանրակրկիտ տնտղելով էդ երգի տեքստը՝ գալիս եմ էն եզրակացության, որ նախկինում էդ երգն էդքան լսելով ու էդքան սիրելով՝ էդ երգի հեղինակի վիճակի ու հոգեվիճակի մեջ հեչ չեմ էլ փորձել թափանցել ու խորանալ, եւ հիմա, ահա, թափանցելով ու խորանալով՝ սկսում եմ մտածել, որ աշուղ Ջիվանին ոչ թե որպես շարքային հարսանքավոր չկանչվելու համար է մտահոգվում ու դարդ անում, այլ՝ որպես աշուղ, այն է՝ աշուղ Ջիվանին, ըստ ամենայնի, հիմնականում քեֆերին ու հարսանիքներին նվագելով ու երգելով է իր ապրուստը վաստակել, եւ ահա էս երգի տեքստից տեղեկանում ենք, որ աշուղ Ջիվանուն այլեւս հարսանիքների չեն կանչում, եւ, բնականաբար, այլ երգչի ու այլ աշուղի են կանչում, եւ, ըստ աշուղ Ջիվանու, իր՝ հարսանիքի չկանչվելու հիմնական պատճառն իր սպիտակ մազերն են, բայց սա ընդամենը  Ջիվանու ենթադրությունն ու եզրակացությունն է, ու էս առթիվ անձամբ իմ կարծիքն էն է, որ Ջիվանու պես հանճարին հարսանիք չկանչելու հիմնական պատճառը հավանաբար էն է եղել, որ էն թվերին էլ երեւի բարձրակարգ ու բարձրարվեստ երգեցողությունն ու երգարվեստն արհամարհվել են լայն մասսաների կողմից, եւ, ինչպես մեր օրերում, էն ժամանակ էլ հասարակությունն ու լայն մասսաները նախապատվությունը տվել են արեւելյան ու մանավանդ թուրքական մուղամներին ու կլկլոցներին, եւ, բնականաբար, հասարակությունն ու լայն մասսաները հենց էդ կարգի ու էդ մակարդակի աշուղներին ու երգասացներին են հարսանիքների կանչել՝ վերջիններիս գերադասելով իրենց հանճարեղ հայրենակից աշուղ Ջիվանուց, եւ դրա մեջ, այնուամենայնիվ, որոշ իմաստով արդարություն կա, եւ որոշ իմաստով արդարությունն էն է, որ աշուղ Ջիվանուն հարսանիք չկանչողներն իրավամբ արժանի չէին, որ էդ բացարձակ հանճարը  տվյալ հարսանիքներին հանդես գար իր կենդանի ու փառահեղ կատարումներով. պատկերացրեք, Ջիվանուն հարսանիք կանչածները բախտ են ունեցել «առաջին ձեռքից» ու կենդանի կատարմամբ ուկնկնդրել նրա «Ձախորդ օրերն» ու «Քանքարավոր ընկերը» կամ, ասենք, «Խելքի աշեցեքն» ու այլ գլուխգործոցներ, մինչդեռ որոշներն ապուշություն են ունեցել Ջիվանուն հարսանիք չկանչելու, էն էլ էն դեպքում, երբ Ջիվանու պես բացարձակ հանճարին  իրենց քեֆերին ու հարսանիքներին երգացնելու հնարավորություն լիուլի ունեցել են, ընդ որում ու ըստ ամենայնի՝ միանգամայն էժան գնով, եւ սա արդեն իմ ճշմարտանման ենթադրությունն է, որովհետեւ Ջիվանին իր էդ երգում էնքան թախծոտ է ասում՝ «ինձ չեն կանչում հարսանիք», որ ակամա ենթադրում ես թե՝ աշուղ Ջիվանին նյութական ծանր պայմանների մեջ է եղել, եւ սա նույնպես անձամբ իմ ենթադրությունն է, որովհետեւ ցանկացած երգիչ իր նյութական վիճակից ելնելով է հարսանիքներին երգում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031