Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ԲՐՈՆԶ

Հունվար 12,2017 20:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունյոթերորդ

ՍՊԻՏԱԿ ԲՐՈՆԶ

Չնայած էդ դաշնամուրն էդ թվերի ամենաթանկանոց դաշնամուրներից էր, հորս աշխատասիրության ու տքնանքի շնորհիվ մեր ընտանիքի ֆինանսականի վրա առանձնապես չանդրադարձավ, ու մենք ընտանյոք առանձնապես դժգոհ չէինք, որ էդ ամառ որեւէ տեղ հանգստանալու չգնացինք. ընդհակառակը. ես շատ գոհ էի, որ Աստծո ամեն օր հորս հետ գնում էի իր արհեստանոց եւ Հրաչյա Ներսիսյանի  ու այլ երեւելիների հետ էի շփվում, եւ ամենահայտնիներից մեկն էլ Ֆրունզիկ Մկրտչյանն էր համարյա ամեն օր հորս արհեստանոց գալիս, բայց, ի տարբերություն Հրաչյա Ներսիսյանի, Ֆրունզիկը հորս արհեստանոցում երկար չէր նստում. իր սուրճը խմում ու շարժվում էր դեպի կինո «Մոսկվա», բայց եթե հայրս թթի օղի էր ունենում, Ֆրունզիկին համոզում էր մի քիչ երկար նստել, եւ Ֆրունզիկը մեկ էլ էն դեպքերում էր երկար նստում, երբ իր ավտոմեքենայի համարները բերած էր լինում, որպեսզի հայրս թարմացնի, եւ հայրս, կարծում եմ դիտմամբ, Ֆրունզիկի ավտոմեքենայի համարները շատ դանդաղ ու սպիտակ բրոնզով էր գրում, ավելի ճիշտ՝ ոչ թե գրում, այլ նկարում էր Ֆրունզիկի ավտոմեքենայի համարները, եւ մինչ հայրս սիրով ու հաճույքով Ֆրունզիկի   ավտոմեքենայի համարները գրում ու նկարում էր, Ֆրունզիկը մեզ համար հազար ու մի ծիծաղելի պատմություններ էր պատմում, եւ մենք՝ ես, հորս գործընկեր Վոլոդյան ու իրենց աշակերտ Ֆելոն ծիծաղից թուլանում էինք, եւ հայրս դանդաղ ու անշտապ, սպիտակ բրոնզով գրում ու նկարում էր Ֆրունզիկի ավտոմեքենայի համարները, բայց ականջը Ֆրունզիկի պատմածներին  էր, ու էդ էր պատճառը, որ համարները գրելու ու նկարելու պրոցեսը շատ էր երկարում, եւ, հիշում եմ, Ֆրունզիկը դա զգալով՝ մի անգամ հորս  ասաց՝ «Ուստա Հակոբ, ոնց որ էս անգամ շատ երկար գրեցիր», եւ, հիշում եմ, երբ Ֆրունզիկն էդ ասաց, հորս աշակերտ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Ուստա Հակոբը դիտմամբ ա դանդաղ գրում, որ երկար մնաք ու էլի պատմություններ պատմեք, ընկեր Մկրտչյան», եւ, հիշում եմ, երբ Ֆելոն էդ ասաց, հայրս թարս նայեց իր աշակերտ Ֆելոյին, հետո Ֆրունզիկին ասաց՝ «բան չմնաց, Ֆրունզ ջան, հես ա պրծնում եմ», եւ Ֆելոն փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «ընկեր Մկրտչյան, մի ժամ էլ պիտի սպասեք՝ մինչեւ չորանա», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «ընկեր Մկրտչյանը  պապդ է», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու արդարանալով Ֆրունզիկին հարցրեց՝ «կարող ա՞ Ֆրունզիկ ասեմ», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «կարաս Ֆրունզ էլ ասես» եւ մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով ավելացրեց՝ «էդ իրավունքը քեզ տալիս եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «բայց ոչ մեկին իրավունք չեմ տա, որ ինձ հարիֆի տեղ դնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հիմարի», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «բայց ձեզ ո՞վ ա հարիֆի տեղ դրել, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «ոչ մի ընկեր Մկրտչյան» եւ մի քիչ  մտածեց ու վրդովված հարցրեց՝ «հարիֆի տեղ դնելը պոզովպոչով ա՞ ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո արեւին՝ ինձ ձեռ ե՞ս առնում», եւ Ֆելոն զարմացած ու խեղճացած հարցրեց՝ «ո՞նց եմ ձեռ առնում», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «էդ որ ասում ես՝ մի ժամ պիտի սպասեմ, մինչեւ չորանա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «էդ սպիտակ բրոնզը մի ժամում հազիվ ա չորանում», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «որ Ուստա Հակոբն էդ համարներն ըսենց թաց-թաց կպցնի ավտոյիս, ավտոյի վրա չեն չորանա՞», եւ Ֆելոն խեղճացած պատասխանեց ու ասաց՝ «կչորանան», եւ Ֆրունզիկը վրդովված հարցրեց՝ «բա էլ ինչի՞ պիտի մի ժամ սպասեմ», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու խեղճացած ասաց՝ «ուզում էի ասեմ, որ Ուստա  Հակոբը ձեր ավտոյի համարները դիտմամբ ա դանդաղ գրում, որ դուք մի քիչ երկար մնաք մեր մոտ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ ինքը ձեզ շատ ա սիրում ու հարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք բոլորս էլ ձեզ շատ ենք սիրում ու հարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «սաղ աշխարհն ա ձեզ սիրում ու հարգում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031