Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացին՝ Հայաստանի մասին. «Ձեր երկիրը չի երեւում շուկայում»

Հունվար 31,2017 14:08

«Մենք պետք է համագործակցենք, մենք Վրաստանի հետ մրցակիցներ չենք, պետք է միասնական տուրփաթեթներով աշխատենք, որովհետեւ առանձին մի երկիրը հնարավոր է հետաքրքիր չէ զբոսաշրջիկի համար»,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը: Նրա ներկայացմամբ՝ Հայաստանը մեծ հնարավորություն ունի զբոսաշրջության ոլորտում, եւ բացի պատմամշակութային զբոսաշրջությունից, կարելի է առաջարկել խոհանոցային, լեռնագնացության, ագրո եւ էկոտուրիզմ փաթեթներ:

Կարինե Դավոյանը նաեւ նկատեց, որ Վրաստանում շատ են այն էթնիկ հայերը, որոնք երբեւէ չեն այցելել Հայաստան. «Կարելի է այս սեգմենտի վրա աշխատել»:

Նույն միության ներկայացուցիչ Լարիսա Մկոյանն էլ ասաց, որ պետք է օգտագործել հարեւան Իրանի հնարավորությունը, եւ Իրան-Հայաստան-Վրաստան փաթեթներ առաջարկել, տարածաշրջանային այսպիսի փաթեթների մեջ կարելի է ներգրավել նաեւ Ադրբեջանը:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թոռնիկե Զիրաքիշվիլին էլ, որը քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միջոցով, ասաց, որ անցյալ տարի Վրաստան է այցելել 6 միլիոն մարդ, որից մոտ 1,5 միլիոնը հայեր են եղել. «Վերջին 5 տարում 7 միլիոն հայ է այցելել Վրաստան, սա լավ սկիզբ է»:

Պարոն Զիրաքիշվիլիի դիտարկմամբ՝ Վրաստանում զբոսաշրջության այսպիսի արագ աճին նպաստում է նաեւ հնարավորինս դյուրացված վիզային ռեժիմը, ԵՄ կամ ԱՄՆ մուտքի վիզա ունեն, առանց բարդությունների կարող են Վրաստան այցելել:

Լարիսա Մկոյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է լավ գովազդել միջազգային շուկայում, ընդ որում, հարկավոր է պետական աջակցություն, որպեսզի մասնավոր ընկերությունները կարողանան միջազգային ցուցահանդեսներին մասնակցել. «Ես մի ցուցահանդեսում էի Ռուսաստանում, եւ անգամ տարիքով մարդիկ, որոնք կարծես թե պիտի իմանային Հայաստանը խորհրդային տարիներից, ասացին՝ ձեր երկիրը չի երեւում շուկայում»:

Թե որքան գումար է ծախսում Վրաստանի կառավարությունն իր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու համար, Թոռնիկե Զիրաքիշվիլին դժվարացավ ճշգրիտ թիվ ասել, սակայն նշեց, որ պետբյուջեից 10 միլիոն դոլարից ավելի գումար է ներդրվում զբոսաշրջության զարգացմանը, այդ գումարը ծախսվում է գովազդի, մարկետինգի, ցուցահանդեսներին ներկայանալու եւ այլնի վրա: Ընդ որում, ըստ Զիրաքիշվիլու, այդ ծախսած գումարը ավելի մեծ ծավալով հետ է գալիս երկիր. «Զբոսաշրջությունից տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է մտնում Վրաստան»:

Լարիսա Մկոյանն էլ ասաց, որ բանակցում են ռեստորանների եւ հյուրանոցների հետ՝ ծառայությունների գների վերաբերյալ: Բացի այս, նաեւ պատրաստվում են առաջարկություն ներկայացնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը. «Կառավարությունը նախատեսում է բարձրացնել ավելացված արժեքի հարկը: Հույս ունենք՝ զբոսաշրջության կոմիտեն կաշխատի, որպեսզի նման բան չարվի»:

Ըստ տիկին Մկոյանի, հարկավոր է վրացական փորձը կիրառել, օրինակ՝ Վրաստանի Քութայիսի օդանավակայնի գործարկումը մեծ դեր ունեցավ. «Մենք առաջարկել ենք Իսպահան-Գյումրի թռիչքներ իրականացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031