Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվեցին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները

Փետրվար 06,2017 11:00

Փետրվարի 4-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում խրախուսվեցին  2016 թվականին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները:  Ծաղկաձորում էին միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 100 երիտասարդ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խրախուսման արարողությանը տեղեկացրեց, որ հիմնադրամը ցանկություն ունի երիտասարդների շրջանում ստեղծել մարզական շարժում, որպեսզի ավելի շատ ուսանողներ և բուհեր մասնակցեն սպորտային խաղերին. «Մեր ցանկությունն է, որ սպորտը, ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպն իրենց ուրույն տեղն ունենան մեր երիտասարդության կյանքում։ Նրանք պետք է մշտապես ցուցաբերեն սպորտային ակտիվություն, մասնակցեն մարզական միջոցառումների։ Այս տարի Հայաստանի ուսանողական մարզական խաղերին մասնակցել է մոտ 2000 ուսանող՝ 10 մարզաձևից։ Եվ մենք փորձելու ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ թիվը մեծանա»:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2016-ին ուսանող-մարզիկների ձեռքբերումները, փաստեց, որ ուսանող հայ մարզիկները մասնակցել են համաշխարհային և Եվրոպական ուսանողական մարզական տարբեր միջոցառումների՝ ձեռք բերելով ոսկե մեդալներ շախմատում։ 2016-ին ՀՊՏՀ ֆուտզալի տղաների ՀՀ բարձրագույն խմբում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը հյուրընկալել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության A խմբի խաղերը։

2017-ին ուսանող հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել չինական Թայվանում կայանալիք Համաշխարհային ուսանողական ամառային խաղերին։ Կայանալու են նաև եվրոպական համալսարանական առաջնություններ. «Հույս ունեմ, որ Հայաստանը մի քանի մարզաձևից կմասնակցի այդ միջոցառումներին»:

Նշենք, որ պարգևատրված մարզիկների թվում էին գրոսմայստերներ, շախմատի աշխարհի և Եվրոպայի ուսանողական առաջնությունների հաղթողներ Հովհաննես Գաբուզյանն ու Զավեն Անդրիասյանը։ Ծաղկաձորյան հավաքի ընթացքում ուսանող մարզիկներին ներկայացվեց Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի և Համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող համաշխարհային և մայրցամաքային մրցաշարերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվող մարզական ծրագրեր: Միջոցառումը կազմակերպեցին ՀԵՀ-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան։ Միջոցառման ընթացքում ՀՀ ֆուտզալի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ թիմի անդամների ստորագրություններով գնդակ փոխանցվեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին ուսանողական սպորտին մշտապես աջակցելու համար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728