Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք բոլոր նախադրյալները ազատ, արդար եւ օրինակելի ընտրություններ անցկացնելու համար»

Փետրվար 27,2017 15:00

Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ դիտորդներին

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ փետրվարի 21-24-ը Երեւանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկող պատվիրակությունը՝ շվեյցարացի սոցիալիստ Լիլիան Մորի Պասքիեի գլխավորությամբ: Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 23-ին ԵԽԽՎ դիտորդները հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ: Հանդիպման մանրամասների շուրջ զրուցեցինք մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Տիկին Նաղդալյան, ի՞նչ հարցեր քննարկվեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակների հետ Ձեր հանդիպման ընթացքում, որոնք կցանկանայիք առանձնացնել:

– Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Ազգային ժողովի նախագահի հրավերով, ինչպես միշտ, այս անգամ եւս, մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, ձեւավորել է դիտորդական առաքելություն, որի ղեկավարն է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի-Պասքիեն՝ Վեհաժողովի շատ հեղինակավոր պատվիրակ, ով նաեւ ԵԽԽՎ կարեւորագույն կառույցներից մեկի՝ Կանոնակարգի հանձնաժողովի նախագահն է եւ ունի լուրջ դերակատարում ԵԽԽՎ-ում մեկնարկած հակակոռուպցիոն մի շարք գործընթացներում:

Ըստ ձեւավորված կարգի՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները երկու անգամ են այցելում տվյալ երկիր՝ նախընտրական փուլում եւ բուն ընտրությունների ժամանակ:
Նախընտրական առաքելությունը, առհասարակ, ավելի փոքրաթիվ խմբով է՝ այժմ եւս նախատեսված էին հինգ հոգի, ժամանել են երեքը՝ պատվիրակության ղեկավարը՝ տիկին Մորի-Պասքիեն՝ սոցիալիստների խմբից, տիկին Գոդսքեսընը՝ եվրապահպանողականների խմբից, եւ տիկին Գամբարոն՝ լիբերալ-դեմոկրատների խմբից: Որպես կանոն, նախընտրական առաքելությունը նպատակ ունի ծանոթանալու իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, օրենսդրության առանձնահատկություններին: Դիտորդական առաքելությունների մասնակցությունը կարեւոր է. եվրոպացի մեր գործընկերների համար սա հնարավորություն է սեփական աչքով տեսնելու տարիների ընթացքում կատարված փոփոխությունները, մեզ համար՝ հնարավորություն է եւս մեկ անգամ քննարկելու խնդիրները եւ այն լուծումները, որ կիրառվել են բարեփոխումների ընթացքում:

Դիտորդական առաքելությունը ուներ բավականին ընդգրկուն եւ ինտենսիվ ծրագիր, երկու օրվա ընթացքում հանդիպել է իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երեկ ողջ օրը անցկացրել են խորհրդարանում՝ հանդիպելով ե՛ւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ե՛ւ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի, ե՛ւ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք իրավիճակին, որն այսօր ունենք, հիմնական փոփոխություններին, որ կատարվել են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի մեջ՝ ներկայացնելով նախադրյալները, որպեսզի անցկացվեն ազատ, արդար եւ օրինակելի ընտրություններ: Իսկապես, այս ընտրությունները, կարծես, մի փորձաքար են մեզ համար, հնարավորություն՝ վերականգնելու վստահությունը մեր բնակչության կողմից, եւ համոզվելու, որ այս բոլոր փոփոխությունները տալու են իրենց արդյունքները:

Եվրոպացի դիտորդներին վստահեցրինք, որ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է ապրիլին կազմակերպել եւ անցկացնել անբիծ ընտրություններ, եւ ամեն ինչ անելու ենք դրանք պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Վերջին 15-20 տարվա ընթացքում ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերը, առաջարկները, ցանկությունները կատարված են եւ տեղ են գտել Ընտրական օրենսգրքի մեջ՝ ընդհուպ մինչեւ տեսախցիկների տեղադրում, էլեկտրոնային գրանցման համակարգերի ներդրում եւ վերջապես ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում՝ քայլ, որն անգամ Վենետիկի հանձնաժողովը չողջունեց՝ համարելով դա մարդու իրավունքների խախտում:

Շատ հաճախ մեր ընդդիմադիր գործընկերները Ընտրական օրենսգրքում արված բոլոր բարեփոխումները վերագրում են իրենց, ասելով՝ մեզ հաջողվեց, իսկ չլուծված խնդիրները, որոնց շուրջ կոնսենսուս չի ձեւավորվել, իշխանության մեղքն են համարում: Իրականում այս ընտրություններով մենք անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, այսինքն՝ կառավարում, որի մեջ բոլորը դերակատարություն են ունենալու, եւ, իսկապես, մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը իշխանական կուսակցությունը կամ խմբակցությունը չէ, այլ խորհրդարանը ամբողջապես վերցված՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կուսակցությունները միասին, եւ յուրաքանչյուրն իր ստացած քվեի չափով դերակատարություն, իրավասություն եւ պատասխանատվություն ունի: Մեր աչքի առջեւ այս օրերին քաղաքական ուժերը համարյա «բրոունյան շարժում» էին նախաձեռնել՝ բոլորը բանակցում էին բոլորի հետ՝ առանց նայելու գաղափարական հենքին, հայացքների ընդհանրությանը, այն գաղափարախոսությանը, որը կարող է կապել այդ քաղաքական միավորումները եւ ապահովել կենսագործունեություն եւ երկարակեցություն խորհրդարանում: Մեր գործընկերներն էլ նշեցին, որ այսօր մեր քաղաքական դաշտում միավորումները անձանց շուրջ են կատարվում, ոչ գաղափարների:

Ինչեւիցե, այսօր առաջադրված են 5 կուսակցություն եւ 4 կուսակցական դաշինքներ, հաջորդ քայլը գրանցումն է, եւ կսկսվի քարոզչական շրջանը, որի մասին նույնպես մենք մեր դիտորդներին տեղեկացնելու ենք՝ փոխանցելով նրանց ե՛ւ օրենսդրական ակտերը, ե՛ւ մեր օրենսդրության մասին տեղեկատվությունը, որպեսզի հնարավորություն ունենան բազմակողմանի եզրակացություն կազմելու:

– Տիկին Նաղդալյան, իսկ ի՞նչ հարցեր են հետաքրքրել ԵԽ դիտորդներին:

– Մեր գործընկերները հնչեցրին մի շարք հարցադրումներ, հիմնականում իրենց լսած մտահոգությունները, որոնց վերաբերյալ մեր կողմից տրվեցին բացատրություններ, իսկ որոշ հարցերի հետ կապված պայմանավորվեցինք լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Այսպես, ԵԽ պատվիրակները տեղեկացրին, որ մի շարք հանդիպումների ընթացքում մտահոգություններ են լսել, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ, եւ ցանկացան հավաստիանալ՝ արդյոք արդարացվա՞ծ է այդ համակարգի առկայությունը Հայաստանի պես փոքր երկրում, արդյոք մեր տարբեր շրջանների եւ մարզերի բնակիչների համար այդքան կարեւո՞ր է խորհրդարանում իրենց տարածքի ներկայացուցիչը ունենալը: Իսկապես, բազմիցս արծարծված, քննարկման մեծ ճանապարհ անցած հարց է: ԵԽ դիտորդներին տեղեկացրինք, որ ընտրությունից ընտրություն մեծամասնական ընտրակարգի թիվը հետզհետե պակասեցվել է, այսինքն՝ բնական, քայլ առ քայլ եւ շարունակական պրոցես է եղել, որով մենք մեծամասնականից գնացել ենք դեպի ամբողջական համամասնական ընտրակարգ, եւ այս Ընտրական օրենսգրքում նախկին 41 ընտրատարածքի փոխարեն ձեւավորվել է 13-ը, եւ մտցվել է վարկանիշավորումը, որի անցման անհրաժեշտությունը տարիներ շարունակ եղել է նաեւ մեր ընդդիմության պահանջը, եւ այդ մասին արձանագրված է գրեթե բոլորի նախընտրական ծրագրերում:

Շատ էին լսել նաեւ այսօրվա ամենատարածված թեմայից՝ վարչական ռեսուրսների օգտագործումից եւ ընտրակաշառքից: Մենք ընդգծեցինք ե՛ւ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, ե՛ւ վարչապետ Կ. Կարապետյանի կողմից պետական կառավարման մարմիններին, մարզպետարաններին, ոլորտների ղեկավարներին տրված հստակ հանձնարարականները եւ խիստ սկզբունքային մոտեցումը՝ վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Դրա հետ մեկտեղ մի դիտարկում՝ երկար տարիներ է՝ մեր հանրությունը լսում է «ահաբեկեցին, ստիպեցին քվեարկել» բնորոշումները, մինչդեռ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ ինչ էլ իրեն պատվիրեն կամ հանձնարարեն, միեւնույն է՝ քվեախցում ինքը մենակ է, եւ ոչ ոք չի կարող իմանալ, թե ում օգտին է քվեարկել՝ քվեարկելու է սեփական կամքով եւ խղճի թելադրանքով: Կարծում եմ՝ դա այսօր Հայաստանում բոլորը գիտակցում են: Ընտրակաշառքի թեման հնչեցրին մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, կարելի է ասել՝ այսօր ընտրակաշառքների եւ դրանց չափերի մասին անընդհատ խոսում են, բայց ոչ ոք չի տեսել: Այս իմաստով, կարծում եմ, շահարկումները բավական շատ են:

Վերջին տարիներին մեզանում բազմաթիվ քայլեր կատարվել են այդ երեւույթի դեմ՝ իշխանությունը հստակորեն իր վերաբերմունքն արտահայտել է, եւ վերջին ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր փաստ, որ ներկայացվել է, ստացել է համապատասխան գնահատական եւ պատիժ: Եվրոպացիները կարեւորեցին քայլերը, որոնք կատարվել են ընտրակաշառքի համար պատիժները քրեականացնելու եւ խստացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարեւորեցին այդ երեւույթը վերացնելու ուղղությամբ վճռական եւ հետեւողական քաղաքական կամքի անհրաժեշտությունը:
Քննարկված հարցերից էր նաեւ մամուլի միջոցների հավասար մատչելիությունը բոլոր մասնակիցների համար, որը, ինչպես հայտնի է, մանրամասն սահմանված է օրենքներով եւ խիստ մոնիտորինգի է ենթարկվում ինչպես պատկան մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից: Հայտնի է նաեւ անցյալ ընտրությունների տեղեկատվությունը, որը ցույց է տվել, որ ոչ միայն հավասար մատչելիություն կա, այլեւ առկա է ընդդիմադիր գործիչներին տրամադրված ժամանակաչափի առավելություն: Դիտորդները հետաքրքրվեցին նաեւ ընտրության օրվա փոփոխման հարցով, ինչի կապակցությամբ ներկայացրինք թե՛ գործող իրավակարգավորումները եւ թե՛ իշխանության պատրաստակամությունը ընդառաջ գնալու քաղաքական դաշտի ցանկությանը:

Մինչեւ դիտորդական առաքելության հաջորդ այցը մենք կպատրաստենք եւ առաքելության անդամներին կներկայացնենք տեղեկատվություն իրենց կողմից բարձրացված հարցերի եւ հնչեցված մտահոգությունների, գործող օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումների վերաբերյալ: Դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր աշխատանքները ընտրության օրերին, երբ Հայաստան կժամանի 32 պատվիրակներից բաղկացած պատվիրակությունը:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728