Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն անեկդոտ պատմեց, Վիգեն Սարգսյանը` հեգնեց. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 08,2017 22:11

«Արմավիրն ինձ համար կարևոր է, քանի որ ամենաշատ ազատամարտիկներ տված մարզն է: Այն մարզն է, որը պատերազմից այսքան տարի անց կարողացել է վետերանների խումբ կազմել»,- այսօր` Արմավիրի մարզկենտրոնում հավաքվածներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Հրապարակը բավական բազմամարդ էր: Այնտեղ էին բերվել հարակից գյուղերի բնակիչներ, դպրոցների ուսուցչական կոլեկտիվները: ՀՀԿ-ի ցուցակում չներգրավված, բայց քարոզարշավի բեռն իր ուսերին կրող վարչապետ Կարեն Կարապետյանը վաղ առավոտից էր սկսել քարոզարշավը` համատեղելով այն աշխատանքային այցի հետ:

Այցի շրջանակներում, վարչապետը եղել էր մարզի մի շարք համայնքներում:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ առանց հավատի որևէ տեղ հասնել հնարավոր չէ: Մինչ այդ նա վերլուծել էր ընտրություններում առաջ քաշվող կարգախոսները, որոնք քննադատվեցին մամուլում: ՀՀԿ-ի նախորդ կարգախոսը`«Հավատանք, որ փոխվենք» կարծում է, որ լավն էր: Դա, ըստ նրա, բերեց Սահմանադրական փոփոխությունների, ինչն օդ ու ջրի նման անհրաժեշտ էր մեր պետությանը, ինչը Վիգեն Սարգսյանը համարում է առաջընթացի հիմքը: Նախարարն ասում է`բանակում էլ կան ձեռքբերումներ:

Հավատացնում է`բանակն օր օրի ավելի ամուր է դառնում: Ու կոչ արեց ձայն տալ այն ուժին, որը գալիս է «ամենաառանցքային» կարգախոսով` «Անվտանգություն, առաջընթաց»: Ինքը ՀՀԿ-ին այլընտրանք չի էլ տեսնում: Տարակուսում է`ո՞վ պիտի լինի իրենց մրցակիցը, այն քաղաքական ուժը, որը 2000 ընտրատեղամասերում չկարողացա՞վ հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք նշանակել: Հիշեցնենք, որ անցած նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը չկարողացավ բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունենալ:

ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին կինը՝ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ի համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, քանի որ իրենք շատ լավ պատկերացնում են բոլոր խնդիրներն ու մարտահրավերները.

«Մենք շատ լավ գիտենք տարածաշրջանում մեր բարեկամ երկրի ֆինանսական դժվարությունն ինչպես է ազդում մեր քաղաքացու գրպանի եւ մեր պետության վրա։ Իշխանությունն է, որ շատ լավ գիտի՝ ինչ զենք ունի Ադրբեջանը եւ ինչ ռեսուրսներ պետք է ծախսի դրան դիմակայելու համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ չի կարող տալ խոստումներ, որոնք իրատեսական չեն, իրագործվելու շատ քիչ շանս ունեն: Մենք չենք կարող խոստանալ աշխատավարձերի եւ թոշակների քառակի բարձրացում, տույժերն ու տուգանքները վերանալու են: Գիտենք, որ մեր անցած ուղին իդեալական չի եղել: Մենք գիտենք, որ եղել են սխալներ, բացթողումներ, բայց չի սխալվում միայն նա, որը չի աշխատում։ Մենք գիտենք, որ ունենք բացթողումներ, բայց այսօր ներկայացնում ենք ծրագրեր, որոնք իրատեսական են»։

Դա Արփինե Հովհաննիսյանի պատկերացմամբ, ապօրինի հարստացման քրեականացումն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ անկեղծացավ`սա նման միջոցառումների իր առաջին փորձն է: Ինքը չգիտի, թե հավաքվածներն արդյոք կհիշե՞ն այս օրը: Բայց ինքը հաստատ չի մոռանա: Նա այս առիթով անգամ մի անեկդոտ պատմեց. «Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա։ Հիմա վաղը մյուս օրը մեկնաբանություններ կլինեն, որ եկել՝ անեկդոտ է պատմել: Վստահ չեմ, այս անեկդոտը տեղին է, թե`չէ…»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հավաքվածներին վարչապետը խնդրեց լինել լավատես, լավին տրամադրված, հանդուրժող, ընտանիքներում ջերմություն եւ սեր լինի, ամեն տարի մարդկանց կյանքը բարելավվի, մարդիկ կատարված աշխատանքի համար լինեն գնահատված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031