ԾԱԽՍԻ ՏԱԿ

ԾԱԽՍԻ ՏԱԿ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունվեցերորդ

ԾԱԽՍԻ ՏԱԿ

Եվ հայրս մատը կպցրեց Ֆրունզիկի մեքենայի համարներին ու ասաց՝ «արդեն լրիվ չոր են», եւ Ֆելոն հորս հարցրեց՝ «տանե՞մ կպցնեմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «ավելորդ հարցեր ես տալիս. պարզ չի՞, որ պիտի տանես՝ կպցնես», եւ Ֆրունզիկն  ասաց՝ «ես էլ կարամ կպցնեմ», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ինքը կկպցնի. էդ իրա պարտականությունների մեջ ա մտնում», եւ Ֆելոն համարները վերցնելով՝ ժպտաց ու ասաց՝ «իմ համար Ֆրունզիկ Մկրտչյանի ավտոյի համարները կպցնելը մեծ պատիվ ա», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «լավ ա՝ էդքանը հասկանում ես», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Ուստա Հակոբն ըսենց չոր ա խոսում, բայց ինքը շատ բարի մարդ ա», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «գիտեմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «արդեն շատ ես երկարացնում» եւ Ֆրունզիկին նայելով ավելացրեց՝ «էս մարդն ուշանում ա», եւ Ֆրունզիկը  նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «էլ չեմ ուշանում. ուր որ պիտի գնայի, էլ չեմ հասցնի», եւ Ֆելոն մեղավոր ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «փաստորեն , մեր պատճառով ձեր գործերից հետ ընկաք», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «հատկապես քո՛ պատճառով», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու  մեղավոր ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «իմ պատճառով ձեր գործերից  հետ ընկաք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանձնապես կարեւոր գործեր չէին» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «հուսով եմ՝ հիմնական գործիցս հետ չեմ ընկնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ժամը յոթին ներկայացման եմ», եւ, հիշում եմ, երբ Ֆրունզիկն էդ ասաց՝ ժամը երեքն էր, եւ, հիշում եմ, երբ Ֆրունզիկն էդ ասաց, Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ձեր հիմնական գործին դեռ ահագին ժամանակ կա», եւ երբ Ֆելոն էդ ասաց, Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կարանք մի քանի ժամ էլ Ստանիսլավսկուց խոսենք», եւ հայրս քմծիծաղով ասաց՝ «Ֆելոյին որ թողես, տասը ժամ Ստանիսլավսկուց  կխոսի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մասնագիտական առումով էդ ինձ շատ օգտակար ա», եւ հայրս քմծիծաղով  ասաց՝ «մենք մասնագետ չենք, բայց մեզ էլ ա օգտակար», եւ Ֆելոն ժամացույցին նայելով՝ ժպտաց ու Ֆրունզիկին ասաց՝ «այսինքն, եւս չորս ժամ կարող ենք Ստանիսլավսկուց խոսենք», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «չորս ժամը մի քիչ շատ ես ասում. ներկայացումից առնվազն մի ժամ առաջ պիտի թատրոնում լինեմ», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «խոստանում ենք, որ ձեզ ներկայացումից չենք ուշացնի, ընկեր Մկրտչյան» եւ հորս նայելով ավելացրեց՝ «ես տանեմ համարները կպցնեմ», եւ երբ Ֆելոն գնաց, Ֆրունզիկն էլ Ֆելոյի հետեւից դուրս եկավ, եւ քիչ անց Ֆրունզիկը վերադարձավ, բայց Ֆելոն բավական ժամանակ չհայտնվեց, եւ երբ հայրս անհանգստացած ասաց՝ «էդ բեդովլաթը մի ժամ համարներն ա՞ կպցնում», Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «բեդովլաթին տեղ ուղարկեցի», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ո՞ւր ուղարկեցիր», եւ Ֆրունզիկն ասաց՝ «կներես, Ուստա Հակոբ, բայց ես սոված փորիս չեմ կարա ներկայացում խաղամ» եւ ժպտալով ավելացրեց՝ «բեդովլաթին ուղարկեցի՝ քյաբաբ բերի», եւ հայրս մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «ինչքա՞ն փող ես տվել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «կարեւոր չի», եւ հայրս նեղսրտած ասաց՝ «շատ կարեւոր ա» եւ մի քիչ  մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «հերիք չի՝ քեզ գործերից  կտրեցինք, մի բան էլ ծախսի տակ ենք գցում», եւ Ֆրունզիկը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ծախս», եւ հայրս ասաց՝ «Ֆելոյին որ քյաբաբի ես ուղարկել, փող ես չէ՞ տվել», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «քանի դեռ կոմունիզմ չենք կառուցել, մեզ ոչ ոք ձրի քյաբաբ չի տա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք