Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆ

Մարտ 24,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունյոթերորդ

ԹԱՏՐՈՆ

Եվ հայրս  Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ բեդովլաթին քյաբաբի համար ինչքա՞ն փող ես տվել», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «բայց ի՞նչ գիտես, որ փող եմ տվել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հաստատ լուսամուտից տեսել ես», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ տեսնեի, կգայի՝ չէի թողնի տաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու տվիր, էդ անշնորհքն էլ վռազ վերցրեց, հա՞», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «վռազ չի վերցրել. ահագին զոռել եմ՝ նոր ա վերցրել», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չվերցներ, ինչո՞վ պիտի քյաբաբներն առներ», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ասում էր, որ ինքը փող ունի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինքը փող ունենար, վաղուց էր էդ Ստանիսլավսկին առել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրո՞ք ինքը  թատրոնով էդքան հետաքրքրվում ա», եւ հայրս ասաց՝ «ոչ միայն հետաքրքրվում ա, այլեւ որոշել ա էկող տարի գործերը թատերական ինստիտուտ տա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վայ թե ռեժիսորական», եւ Ֆրունզիկը զարմացած բացականչեց՝ «մալադե՜ց Ֆելո», եւ հայրս ասաց՝ «ինքը նկարչական շատ մեծ շնորհք ունի, բայց, չգիտես ինչի, որոշել ա թատերական տա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ նկարչական տա, մեկից մեկ կընդունվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ ուժեղ ձեռ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ Ֆելոյի արած պորտրետները տեսնես, շատ կզարմանաս», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «որ նկարչության գծով էդքան ուժեղ ա, ինչի՞ ա որոշել թատերական տա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ չեմ հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը նկարչության գծով իսկական տաղանդ ա, բայց ուշքումիտքը թատրոնն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ոնց որ թատրոն էլ ա ահագին հասկանում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորս էլ քիչումիչ թատրոն հասկանում ենք»,  եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Ստանիսլավսկու անունը լսել ա, էդ արդեն մեծ բան ա», եւ հայրս ասաց՝ «ոչ միայն անունն ա լսել, այլեւ Ստանիսլավսկու գիրքն էս գրախանութի դախլի մոտ համարյա ծերից ծեր կարդացել ա», եւ  Ֆրունզիկը հորս հարցրեց՝ «ասում ես՝ որոշել ա գործերը ռեժիսորական տա՞», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «հա, բայց՝ էկող տարի. ասում ա՝ ամբողջ տարին կպարապեմ, էկող տարի գործերս կտամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը վստահ ա, որ կընդունվի», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդունվողներն իրանից լավը չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ հավատում ա, հաստատ կընդունվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հավատը շատ մեծ բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք էլ մեր հնարավորությունների չափով կօգնենք, որ ընդունվի», եւ հայրս ասաց՝ «վարպետն էլ ա խոստացել, որ կօգնի», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ո՞ր վարպետը», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «Հրաչյա  Ներսիսյանը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանը որ մի կեսբերան ասի, հաստատ ընդունված ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք էլ ենք էդ հույսին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ֆելոն ասում ա՝ պիտի շատ ուժեղ պարապեմ, որ վարպետին ամոթով չթողեմ», եւ Վոլոդյան խոսակցությանը  խառնվելով ասաց՝ «Ֆելիկս թատռոն շատ սիռել», եւ հայրս ասաց՝ «բայց Ֆելոն նկարչության գծով ա տաղանդ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աճեմյանն էլ ա նկարչության գծով տաղանդ, բայց թատրոնի հետ ա կյանքը կապել», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Աճեմյանը թատրոնի գծով էլ ա տաղանդավոր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հորս հարցրեց՝ «բայց ինչի՞ ես կարծում, որ ձեր Ֆելոն թատրոնի գծով անտաղանդ ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ չեմ կարծում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված տա՝ էրկու գծով էլ տաղանդավոր ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ռեժիսորական տաղանդը մենակ Աստծուն ա հայտնի, բայց իրա նկարչական տաղանդն ափաշկարա փաստ ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031