Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավասությունը որպես ազատագրված տարածքների իրավատիրոջ՝ անհերքելի է. Մարիամ Ավագյան

Մարտ 26,2017 18:19

Շրջանառության մեջ դրվեց «ադրբեջանցի» փախստականների միակողմանի վերադարձի հարցը, նույնքան դավադիր, որքան և «օկուպացված տարածքների» փոխզիջման ձևակերպումը: Երկուսն էլ մեծացնում են հումանիտար նոր աղետի ռիսկը և պատահական չեն: Շատերը ասում են՝ դե հողերը չեն տա, կամ էլ թե՝ դե փախստականները չեն գա: Այդ դեպքում ի՞նչ պարապ վախտի խոսակցություն է տանում հայրենի իշխանությունը:

Իսկ մեր կյանքի փորձն էլ ցույց է տալիս, որ առիթն էլ բավական է՝ խաշնարածն առաջ է գնում ոչխարի հոտին հետևելով, որտեղ ոչխարն է արածում, այնտեղ էլ նրա հայրենիքն է ու տարածքը…

Ըստ սովորության հայկական իշխանությունները շարունակում են միայն արձագանքել Բաքվին, այն էլ հանպատրաստի: Նրանք նորից սայլը եզից առաջ են գցում, փոխանակ բարձրաձայնելու մի պարզ հարց, թե ինչո՞ւ Բաքվից կամ Սումգայիթից, կամ էլ Գարդմանից Քարվաճառ փախած հայը իրավունք չունի Քարվաճառում ապրելու, իսկ ասենք, Քարվաճառից Բաքու փախած «ադրբեջանցին» կարող է բնակվել Բաքվում: Եվ ո±վքեր են լինելու այդ վերադարձողները, որոնք չե՞ն մասնակցել այն դաժան սպանդին, ցեղասպանությանը, որ կազմակերպվեց և իրականացվեց Ադրբեջանական ԽՍՀ–ի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրենց իսկ բնօրրանում…Իսկ ինչո՞ւ չի խոսվում Գարդմանից կամ էլ Բաքվից փախած հայի հետդարձի մասին: Իհարկե, անհնա՛ր է ֆաշիզմի որջ վերադառնալ:

Բաքուն դեռևս 1988-ին սպառեց Կասպից Արևմուտքում հումանիտար միջավայր ստեղծելու իր պաշարները, ու այդ փաստն էլ հիմա վտանգում է Բաքվում հայտնված հայ Մարատին:

1988-ին Բաքվի ցեղասպան մեքենան գործի դրվեց ընդդեմ հայության Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Նախիջևանում, Գարդմանքում: Համատարած ցեղասպանությունից փրկվելու համար հայությունը ինքնակազմակերպվեց և կասեցրեց դրա առաջընթացը դեպի Արցախ: Արդյունքում՝ Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքը բաժանվեց երկու մասի, մի մասում մինչ օրս գործում է ցեղասպան մեքենան, իսկ մյուս մասում՝ հայ փախստականը պաշտպանված է ցեղասպանվելուց: Ցեղասպան մեքենայից ազատագրված, փրկության այդ տարածքներում ապրող հայ փախստականների պաշտպանը Արցախի ինքնապաշտպանական բանակն է:

Տարածքների ազատագրմանը անձնուրաց մասնակցել ու նահատակվել են գարդմանցիները, սումգայիթցիները, բաքվեցիները, գանձակեցիները: Նոր Բանանց, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Նոր Վերինշեն, ահա Գարդմանից Քարվաճառում փրկություն գտած փախստականների նոր բնակավայրերը:

«Ադրբեջանցի» փախստականների միակողմանի վերադարձի մասին հայկական իշխանությունները հայտարարություն տարածեցին, իսկ «կոնֆլիկտի» ամենատուժած հատվածի՝ հայ փախստականների գոյության մասին հայտարարության փեշի ծայրին մի փոքր հիշեցում արին: Այսպես էլ ամեն անգամ խախտվում է  համաչափությունը, և շրջանցվում հայ փախստականների գոյությունը ընդհանրապես, կարծես մարդու իրավունքները մարդկության այդ հատվածի վրա չեն տարածվում: Մադրիդյան սկզբունքները նախատեսում են միայն «ադրբեջանցի» փախստականների միակողմանի վերադարձը «օկուպացված տարածքներ», ահա թե ինչու են Արցախի իշխանությունները կիսաբերան հիշեցնում հայ փախստականների գոյության մասին: Իսկ որտե՞ղ պետք է բնակվեն ու իրացնեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը հայ փախստականները:

1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանվել և փախստական են դարձել ավելի քան 660 000 հայեր: Բացի հայերից, բռնի տեղահանվել են մոտ 300 000 ազգությամբ ռուս  քաղաքացիներ միայն Բաքվից, նաև հույներ, հրեաներ, ասորիներ… Իսկ այդ օրերի դահիճները դեռ կան և անպատիժ են:

Հայերը միայն Բաքվում թողել են մոտ 100 000 բնակարան, նույնքան էլ թողել են Բաքվի ռուսները, որոնց ընտանիքները նույնպես փոքրաթիվ անդամներից էին: 200 000 բնակարաններ միայն Բաքվում. ի՞նչ եղան այդ բնակարանները, ինչպե՞ս դրանք մսխվեցին ու չհասան Ադրբեջան մտած փախստականներին; Կամ ու՞ր են ծախսվում տարածքի ռեսուրսների ապօրինի  յուրացումից առաջացած դոլարները: Ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանը այդքան ներդնում է սպառազինման մեջ, որ շարունակի սպառնալ Ազատագրված տարածքներում բնակվող հայ փախստականների կյանքին, իսկ չի ապահովում իր փախստականներին բարեկեցիկ կյանքով: Այո՛, նավթահարուստ Ադրբեջանում այսօր փախստականը իշխանությունների կողմից կողոպտված ու արհամարհված է, և նրանց մասին հիշում է իր կլանային շահերն ու դիրքերը ամրացնելու համար:

Բաքուն իր համար առաջին զոհ ընտրեց մեզ, հիմա էլ Կասպից Արևմուտքում բնակվող բնիկ ժողովուրդներին, «ադրբեջանցի» փախստականներին:

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավասությունը որպես Ազատագրված տարածքների իրավատիրոջ՝ անհերքելի է, և իրենք էլ կորոշեն ում հետ ապրել այդ տարածքներում անվտանգ ու պաշտպանված:

Ու հենց այս հարցերի շուրջ պետք է բարձրաձայնեն հայրենի իշխանությունները, այս խնդիրները սկզբից են լուծում պահանջում՝ փոխվստահության ու  ժողովուրդների առողջ երկխոսության պայմաններ ապահովելու և նոր հումանիտար աղետից տարածաշրջանը զերծ պահելու համար: Եվ այստեղ է, որ Արցախը պետք է ներդնի հումանիզմի իր անսպառ պաշարները:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

17.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031