Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական համատեղ «շուստրիություն»՝ ԼՂ հարցում

Ապրիլ 07,2017 12:00

Վիեննայում ապրիլյան քառօրյայից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանի
ու Իլհամ Ալիեւի հետ համանախագահները չհամաձայնեցված հարցե՞ր են քննարկել

Լռում են ամենակարեւորի մասին

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հոդվածներ են հրապարակել:

«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»,- «Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված հոդվածում գրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

«Այդ կապակցությամբ մեր խնդիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսեւորել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը եւ ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարեւոր պայմաններն են»,- գրել է Լավրովն ու շարունակել. «Բնականաբար, մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել Ղարաբաղյան խնդրին։ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ տարածաշրջան վերադառնան խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն զոհվել մարդիկ, բացվեն սահմանները, երկրների միջեւ վերականգնվի առեւտուրը: Մենք դրա համար անում ենք հնարավորը:

Մեր առաքելությունն իրականացնում ենք ինչպես ինքնուրույն, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին»:
Էլմար Մամեդյարովը «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հոդվածում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ գրում է, թե Բաքուն իր տարածքային ամբողջականության վերականգնման հարցում մեծ հույսեր է կապում միջազգային հանրության ու հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ աշխարհագրական եւ պատմական առումներով Հարավային Կովկասի հետ մտերիմ կապեր ունեցող Ռուսաստանի հետ։ Մամեդյարովը հերթական անգամ խոսում է Սանկտ Պետերբուրգում անցած տարի հունիսին կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանն ինչ-որ պայմանավորվածությունների մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերջին բանակցությունները օկուպացիոն ուժերն Ադրբեջանի տարածքից դուրս բերելու ձգձգվող հարցի լուծման որոշ հույսեր էին ներշնչել։ Սակայն, ցավոք, այդ հանդիպումից հետո Հայաստանն ամեն կերպ տարբեր պատրվակներով բանակցությունների շարունակությունից փորձում է խուսափել»,- գրել է Մամեդյարովը։

Նախանձելի համառությամբ Մոսկվան ու Բաքուն չեն խոսում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված այն պայմանավորվածությունների մասին, որոնք չի ընդունում պաշտոնական Բաքուն: Խոսքը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին է, որոնց շուրջ հայկական կողմն ակնկալում է, որպեսզը պայմանավորվածությունները հարգվեն, առաջարկները կիրառվեն, որից հետո շարունակվեն բանակցությունները:

Բայց մենք ինչի՞ ականատես ենք դառնում… Մոսկվան իր «փորացավն» ունի` անվերջ շեշտում են, որ իրենց առաքելությունն իրականացնում են նաեւ «ինքնուրույն», այսինքն` երկկողմ են աշխատում Երեւանի եւ Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ հիշում են միայն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, քանի որ ավելի վաղ Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպման միջնորդները կողմերից պահանջել են անհապաղ կիրառել հետաքննության մեխանիզմները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պահանջը վերաբերում է պատերազմ սանձազերծած Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին, որը ի սկզբանե ընդունել է դրանք:

Ինչո՞ւ են Լավրովն ու Մամեդյարովը շարունակաբար խոսում «մի քանի հարցի»
մասին

Այս պայմաններում, երբ դեռ նույնիսկ համաձայնեցված չեն ամենակարեւոր ու բարդ հարցերը, պաշտոնական Մոսկվան չի մոռանում նույնիսկ արձանագրել, որ պատրաստ է դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պատրաստ ենք մյուս միջնորդների հետ դառնալ կարգավորման երաշխավոր»: Լավրովը կրկին հիշեցրել է, որ միջնորդների աջակցման շնորհիվ կողմերին հաջողվել է զգալիորեն մոտեցնել դիրքորոշումները մի շարք վիճելի հարցերի շուրջ: «Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Սակայն Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը»,- հավելել է Լավրովը՝ կոչ անելով Երեւանին եւ Բաքվին քաղաքական կամք դրսեւորել եւ պատրաստակամ լինել փոխադարձ զիջումների:

Լավրովը վերջին շրջանում սկսել է ավելի ու ավելի հաճախ հայտարարել, որ «մի քանի» հարց է մնացել, որ հակամարտող կողմերի հետ համաձայնեցված է հարցերի գերակշիռ մասը՝ բացառությամբ մի քանի լուրջ հարցերի: Լավրովն այս մասին խոսեց նախ` մարտի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո, ապա թեման շարունակեց ՀՀ առաջին նախագահը` Հանրային հեռուստատեսության եթերում ներկայացնելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագիրը: Տեր-Պետրոսյանն ասաց, որ տարաձայնությունները մեկ-երկուսն են մնացել, հավելեց, որ դրանք իրեն հայտնի են, բայց չհրապարակեց, թե որոնք են:

Մոսկվայի ու Բաքվի ակնկալիքները հայկական կողմից նույնն են, եւ երբ նրանք ասում են` «կան մի քանի չհամաձայնեցված հարցեր», պարզ է, թե դրանք որ հարցերին են վերաբերում` Արցախի կարգավիճակ, հանրաքվեի անցկացման պայմաններ, ժամկետներ եւ տարածքների վերադարձի ժամանակացույց: Սրանք են ամենաբարդ հարցերը, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել:

Բայց արդյոք Վիեննայում ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ համանախագահներն այդ չհամաձայնեցված հարցե՞րն են քննարկել… Հազիվ թե:

Ամբողջ խնդիրն այն է, որ ռուս-ադրբեջանական համատեղ «ջանքերն» առավել ամրացան «մի քանի հարցեր են մնացել» թեմայի վրա, երբ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության ակնկալիքները պատերազմ սանձազերծած Ալիեւից ավելի ուժգնացան՝ կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկն ընդունելու հետ:

Ճնշումներ հայկական կողմի նկատմա՞մբ

Հիմա Մոսկվան ու Բաքուն միասնական ուժերով, կարելի է ասել, «ջրում են» այդ հարցը` կենտրոնանալով «հիմնական չհամաձայնեցված հարցերի» վրա` այդ կերպ ցույց տալով, որ ճնշումների սլաքները հայկական կողմի նկատմամբ են, ոչ թե միջնորդների առաջարկները տապալած ու պատերազմ սանձազերծած Ադրբեջանի:

Դա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն գնալով ավելի է կոշտացնում դիրքորոշումը: Թեկուզ դիտարկենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությունը, թե ոչ մի երկիր չի կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է, եւ միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել»,- ասել էր նա:

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել: «Իրենց բանակցություններում համանախագահները շեշտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանը եւ դրա ընդարձակմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը: Համանախագահները նաեւ ընդգծել են իրենց համոզմունքը, որ հրադադարի պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ կտա շարունակել հետագա բանակցությունները»,- ասվում էր համանախագահների հայտարարության մեջ: Այնուհետեւ միջնորդները հավելում էին. «Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների շուրջ, որոնք ուղղված էին հրադադարի ամրապնդմանը եւ ռազմական գործողությունների հետագա սրացումը կանխելուն՝ հատկապես նկատի ունենալով Նովրուզի եւ Սուրբ Զատկի տոնակատարությունները»: Ապա փաստել էին. «Նախագահները հայտնել են իրենց հանձնառությունը բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ վերջնական քաղաքական լուծման հանգելու նպատակով»: Դրական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ արձանագրվել է «հրադադարի ամրապնդմանը եւ ռազմական գործողությունների հետագա սրացումը կանխելու» առաջարկների թեման:

Կարեւոր էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հայտարարությունը: Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներն ամենասարսափելին էին վերջին երկու տասնամյակի ընթացքում, որոնք դարձան բռնության, մարդկային կորուստների պատճառ: «Սա վառ հիշատակում է առ այն, թե ինչպես ռազմական մեխանիզմը կարող է խարխլել խաղաղությանն ուղղված ջանքերը: Բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները, հետեւեն միջազգային հումանիտար պարտավորվածություններին: Ոչ մի դեպքում չի կարելի արդարացնել ռազմական հանցագործությունները»,- ասվում է Կուրցի հայտարարության մեջ: Հիշեցնելով 2016թ. ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումների մասին՝ ԵԱՀԿ նախագահը հույս էր հայտնել, որ բանակցային գործընթացը նոր խթան կստանա: «Ժամանակն է վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ անցկացնել, ձեռնարկել պրագմատիկ եւ պրակտիկ քայլեր բանակցությունները վերսկսելու համար»,- շեշտել է Կուրցը: Նա հավելել էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք այսօր պետք է խաղաղության ծրագիր կազմենք եւ թույլ չտանք, որպեսզի պատերազմը վերադառնա՝ իր բոլոր վատ կողմերով»: Կուրցն այնուհետեւ շեշտել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու գործում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 06.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930