Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական պայքարը կոռուպցիայի դեմ մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրն է»

Մայիս 04,2017 14:30

«Առավոտի» զրուցակիցն է գործարար, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ,
Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին նախընտրական կուսակցական
ցուցակում երկրորդ համար Մնացական Պարակշիեւը:

– Պարոն Պարակշիեւ, Դուք եւ նորաստեղծ քաղաքական ուժը, որին անդամակցում եք, ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական հայտ եք ներկայացրել հանրությանը, մասնավորապես՝ երեւանցիներին: Ի՞նչը ստիպեց անձամբ Ձեզ մուտք գործել քաղաքականություն:

– Չնայած նրան, որ ես մինչ այժմ մասնագիտորեն երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, սակայն ինձ միշտ հուզել են մեր երկրի, մեր քաղաքի ներկա եւ ապագա քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ կապված հարցերը: Շուրջ 18 տարի ես ապրել ու աշխատել եմ Ռուսաստանում, բայց միշտ տեղյակ եմ եղել մեր երկրի զարգացումներին՝ զգալով ինձ իմ հայրենիքի, մեր պետության մի մասնիկ: Հայաստան վերադառնալու վերջնական որոշում ընդունելուց հետո ձգտել եմ օգտակար լինել իմ երկրի վերափոխմանն ու զարգացմանը՝ մտածելով. եթե ոչ ես, ապա ո՞վ: Պապերս ու հայրս եղել են շատ հայրենասեր մարդիկ եւ շատ բան են արել մեր երկրի զարգացման համար: Եկել է իմ հերթը:

– Ձեր կուսակցությունը նշում է, որ տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու որոշումները չեն եղել արդարացի եւ չեն բխել քաղաքացու շահերից, ինչպես նաեւ չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին: Համենայնդեպս, դա մենք կարդում ենք ձեր կողմից տարածվող քարոզչաթերթիկում: Ինչի՞ վրա են հիմնված ձեր կուսակցության այս պնդումները, մինչդեռ ՀՀԿ-ն եւ գործող քաղաքային իշխանությունն այժմ պնդում են հակառակը:

– Իսկ Դուք սպասում էիք որեւէ ա՞յլ արձագանք իրենց կողմից: Կան բազմաթիվ դեպքեր, որոնք խիստ կասկածանքի տակ են դնում իրենց պնդումը: Հարցուփորձ արեք քաղաքացիներին, եւ նրանք լավագույնս կկարողանան ներկայացնել՝ արդարացի՞ է եղել կառավարումը եւ բխե՞լ է նրանց շահերից, թե՞ ոչ: Մեզ համար ամենակարեւորը մե՛ր քաղաքացիների կարծիքն է, թող իրենք որոշեն, թե ով է իրավացի՝ իրենց ձայնը տալով քվեարկության ժամանակ: Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ այդ բոլոր հարցերը կստանան նաեւ իրենց իրավական գնահատականը:

– Որո՞նք են, Ձեր պատկերացմամբ, այն իրատեսական առաջնահերթ քայլերը, որոնք պետք է արվեն Երեւանում քաղաքային իշխանության կողմից՝ քաղաքապետարանի եւ ավագանու, որպեսզի թե՛ ձեզ ընտրողները, թե՛ այն երեւանցիները, որոնք, այնուամենայնիվ, ձայն կտան այլ ուժերի, զգան եւ տեսնեն իրավիճակի դրական փոփոխությունը: Չէ՞ որ հասարակությունն ունի փոփոխությունների հստակ պահանջ:

– Առաջնահերթ, գլխավոր եւ անհրաժեշտ խնդիրը, որի լուծումից են կախված մեր քաղաքացիներին հուզող բոլոր մնացած բազմազան հարցերը, կոռուպցիայի դեմ իրական, այլ ոչ թե դեկլարատիվ պայքարն է, կոռուպցիոն ռիսկերի, հանրային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման բացառումը: Առանց այս խնդրի լուծման հնարավոր չէ եւ անիմաստ է խոսել մնացած բոլոր հարցերի մասին, եւ դա է ցույց տալիս այլ երկրների փորձը: Դա անհրաժեշտ նախապայման է: Երեւանի բյուջեն չունի փակ հոդվածներ, եւ բյուջեի մուտքերը եւ ծախսերը պետք է լինեն հիմնավորված, նպատակային եւ թափանցիկ, ինչը հնարավոր է ռացիոնալ, հաշվետու եւ ժողովրդավարական կառավարման համակարգի արմատավորման պարագայում: Իսկ դա նախեւառաջ քաղաքական խնդիր է:

Քաղաքը պետք է ղեկավարեն մաքուր խղճով ու ազնիվ մտադրություններով մարդիկ, որոնք իրոք կծառայեն քաղաքացիների շահերին: Եթե կարողանանք հասնել դրան, ապա բոլորս բավականին կարճ ժամանակահատվածում կտեսնենք դրական փոփոխություններ քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, դրականորեն կփոխվի հասարակական մթնոլորտը: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ դժվարություններ ու խոչընդոտներ են սպասում մեզ այս խնդրի լուծման ճանապարհին, բայց պատրաստ ենք վերցնել մեզ վրա այդ պատասխանատվությունը՝ գիտակցելով այլընտրանքի բացակայությունը:

– Մի շարք քաղաքական գործիչներ, հիմնականում իշխանական դաշտից, հանդես են գալիս Երեւանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու կոչերով՝ ասելով, որ խոսքը քաղաքային տնտեսության կառավարման մասին է, եւ որ դա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ զուտ մենեջմենթի: Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:

– Իհարկե, ո՛չ: Այդ պնդումները կամ խոսում են այդպիսի տեսակետ ունեցողների միամտության մասին, կամ էլ արվում են հատուկ՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով: Ցանկացած քաղաքակիրթ երկրի մայրաքաղաքի իշխանությունը առաջին հերթին քաղաքական իշխանություն է: Քաղաքականությունը եւ տնտեսությունը անբաժանելի են իրարից: Տնտեսական քաղաքականության բնույթը եւ տնտեսական խնդիրների ու ենթախնդիրների լուծման մոտեցումները առաջին հերթին պայմանավորված են ղեկավար ուժի որդեգրած քաղաքական պատկերացումներով եւ ռազմավարությամբ: Ինձ համար դա հստակ է: Եվ մենք նաեւ չպետք է մոռանանք, որ Երեւանը ոչ միայն զուտ մայրաքաղաք է, այլ նաեւ մեր երկրի ամենամեծ քաղաքն է, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը: Երեւանն ունի նաեւ չափազանց կարեւոր նշանակություն՝ որպես ամբողջ աշխարհով սփռված հայության կենտրոն: Այս ամենը նույնպես շեշտում է Երեւանի ավագանու, ինչպես նաեւ քաղաքապետարանի քաղաքական դերը:

– Ձեր քաղաքական ուժն, ըստ էության, քաղաքական «դեբյուտանտ» է եւ չունի քաղաքական անցյալ, քաղաքական պատմություն, քաղաքացիները նոր են ծանոթանում ձեզ եւ ձեր գործունեությանը: Ինչո՞ւ պետք է երեւանցին հենց ձե՛ր օգտին քվեարկի մայիսի 14-ին:

– Այո, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նոր քաղաքական ուժ Է՝ նոր մոտեցումներով, մեր երկրի ու մեր քաղաքի ապագայի նոր տեսլականով: Եվ ես դա համարում եմ մեր առավելությունը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական անցյալին ու պատմությանը, կուզեի նշել, որ մեր կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ունի երկար տարիների ընթացքում ձեռք բերած մեծ քաղաքական փորձ եւ իր գործունեությամբ արժանացել է մեր ժողովրդի զգալի մասի համակրանքին: Դրա հետ մեկտեղ մեր նորաստեղծ կուսակցությանն անդամակցում են բազմաթիվ երիտասարդներ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքները եւ եռանդը ներդնել ընդհանուր գործում:

Կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մեր հասարակությունն ունի փոփոխությունների հստակ պահանջ: Մենք այն ուժն ենք, որ կարող ենք եւ կիրագործենք այդ անհրաժեշտ փոփոխությունները: Դրա համար մեզ պետք է մեր համաքաղաքացիների վստահությունն ու աջակցությունը: Եկե՛ք միասին տեր կանգնենք մեր հարազատ քաղաքին:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031