Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենները պետք է զգաստանան (Տեսանյութ)

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենները պետք է զգաստանան (Տեսանյութ)

«ԵԼՔ»-ը մտադիր է դպրոցի տնօրեններին ու ուսուցիչներին
արգելել ուսումնական հաստատությունում կրել կուսակցական կրծքանշան

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքն առաջարկներ ու ծրագրեր ունի նաեւ կրթության ոլորտի համար: Մասնավորապես, ըստ դաշինքի նախընտրական ծրագրի՝ նախակրթարանների եւ դպրոցների աշխատակիցներին, մանկավարժական կազմի նեկայացուցիչներին պետք է արգելվի ուսումնական հաստատությունում կրել կուսակցական կրծքանշաններ: «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այս կետը շատ է կարեւորում՝ մատնանշելով, որ կրթական հաստատությունները պետք է ապակուսակցականացվեն:

«Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենները պետք է զգաստանան: Նրանք ի վերջո պետք է գիտակցեն, թե ինչ են անում մատաղ սերնդի հետ, երբ ապօրինի գործողություններով վերջիններիս ծնողներին դրդում են ցուցակագրվել որեւէ ընտրությունների համար»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Անահիտ Բախշյանը: Նա նկատի ունի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած աղմկահարույց ձայնագրություններն այն մասին, որ տասնյակ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ ձայներ են հավաքագրել ՀՀԿ-ի համար:

Անահիտ Բախշյանը նկատում է՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ինքն է փաստել այն մասին, որ դպրոցական խորհուրդներն իրենց նպատակին չեն ծառայում. «Այդ խորհուրդներում ծնողներ ու մանկավարժներ կան: Խորհուրդն ինքը պետք է հրավիրեր իր տնօրենին եւ ասեր՝ ինչո՞ւ եք դուք նման գործողություններ արել՝ ձայներ հավաքել: Բայց խնդիրն այն է, որ բոլոր խորհուրդները կրթության շահերով չեն առաջնորդվում»:

Տիկին Բախշյանի համոզմամբ՝ անհրաժեշտություն կա այնպիսի օրենսդրական նախաձեռության, որը կբացառի տնօրենների անդամակցությունը որեւէ կուսակցությանը:
Հավելենք, որ «ԵԼՔ»-ի առաջարկած կրթական բարեփոխումները չեն շրջանցում հաշմանդամություն ունեցողների խնդիրները: Դաշինքը Երեւանի ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում մտադիր է մայրաքաղաքի ամեն վարչական շրջանի մեկական դպրոցում իրականացնել ներառական կրթության պայմանների լիարժեք ապահովման փորձնական ծրագիր, նաեւ ստեղծել ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն:
«ԵԼՔ»-ն առաջակում է նաեւ ներդնել համայնքային ակտիվ դպրոցի հայեցակարգը: Դա ենթադրում է, որ հանրակրթական դպրոցներն իրենց հիմնական դասապրոցեսի ավարտից հետո պետք է ծառայեն երեխաների մարզական, արհեստագործական, արտադասարանային կրթության կազմակերպմանը:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք