«Զարուհի Փոստանջյանին ներում չկա, շատ անբարոյական քայլ էր» (Տեսանյութ)

«Զարուհի Փոստանջյանին ներում չկա,  շատ անբարոյական քայլ էր» (Տեսանյութ)

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Նաիրա Նահապետյանը եւ «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան- Տիկին Նահապետյան, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ Տարոն Մարգարյանի կաթող տանիքներից, հուսահատության գազելներից, փոշու ամպերից, վերջերս ավելացրել է նաեւ՝ ՀՀԿ-ի փորած ընտրակաշառքային փոսից ելք կա: Դո՞ւք ինչ եք կարծում, այդ ամենից ո՞րն է ձեր առաջարկած ելքը:

Նաիրա Նահապետյան- Ընդհանրապես անհեթեթություն է, ինչ առաջարկում է «Ելքը»: Այդ խոսակցությունը եղել է 90-ականներից առաջ, երբ իսկապես այդպիսի Երեւան ենք ունեցել կռվի տարիներին: Այսօր մենք ունենք բազմազան կատարած աշխատանք, ունենք ծրագրեր, որոնք շարունակական են: Միայն 1600 բակային տարածքներ է հանձնվել երեւանցիներին, 7 հա կանաչ տարածքների ավելացումն է: Ես կարծում եմ՝ մարդը պետք է կույր լինի, որ չտեսնի՝ ինչ է կատարվել վերջին տարիներին: Իրենց նախընտրական հոլովակն էլ նկարված է մեր գեղեցիկ Երեւանում՝ տեսարժան վայրերով, մաքուր, գեղեցիկ, կանաչապատ:

Հ. Ջ.- Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր ֆեյսբուքյան էջ է գցում տարբեր աղբակույտի նկարներ:

Ն. Ն.– Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ այդ աղբակույտերն ինքը որտեղից է գտնում, որովհետեւ վերջին 3 տարին «Սանիտեքը» սկսել է բավականին հաջողված աշխատել:
Անահիտ Բախշյան- Տրանսպորտի մասին, որ Նիկոլն անընդհատ ասում է, Տարոն Մարգարյանն էլ է ասում:

Ն. Ն.– Մենք ասացինք, հետո Նիկոլը շարունակեց: Մենք անող ենք, ինքը ասող է, տարբերությունը դա է:

Ա. Բ.– Այ հիմա ասում ենք՝ եկեք տեղներս փոխենք, մենք անենք, դուք ասեք:

Ն. Ն.– Դուք չեք կարող անել, դա անհնարին է:

Ա. Բ.– Ո՞վ է ասում չենք կարող, էդ ի՞նչ հրեշտակի թեւեր ունեք, որ դուք կարող եք, մենք չենք կարող:

Ն. Ն.– Մի հատ մեզ ու ձեզ հիշեք 4 տարի առաջ՝ ինչքան փորձ ունենք հիմա, մինչեւ Նիկոլն էդ ճանապարհն անցնի, մենք ավելի շատ կանենք, քան ինքը: Չեն կարող արագ անել, դա տնտեսություն է… Նիկոլ Փաշինյանը տնտեսություն չգիտի, հիմնարկ չի ղեկավարել, գաղափար չունի, ո՞նց կապ չունի: Բա ի՞նչը կապ ունի, կարո՞ղ է խոսալը կապ ունի, խոսալով հո չի՞: Շատ լավ խոսում է որպես պատգամավոր: Ինքը տնտեսագետ չի:

Ա. Բ.– Պարտադիր չի տնտեսագետ լինի, դուք քաղաքապետի ցենզի մեջ գրե՞լ եք, որ քաղաքապետը պարտադիր պիտի տնտեսագետ լինի: Նիկոլը պիտի լինի քաղաքապետ, որովհետեւ ինքը էն կլանի մարդը չի, որ այսօր իշխում է ՀՀ-ում: ՀՀԿ-ի կլանը լուրջ խոչընդոտ է, իրենք կապված են ցանցի մեջ, կաշկանդված են: Ոչ մեկը չի կարող ասել՝ Նիկո՛լ, մրցույթում պիտի էսինչը հաղթի: Լիքը օրինակ գիտեմ, որ Տարոն Մարգարյանը հաստատ գիտեր՝ սխալ էր, բայց չէր կարող հակառակվել:

Ն. Ն.- Տարոն Մարգարյանը միակ քաղաքապետն է, որն այսօր իրավունք ունի շարունակելու:

Ա.Բ.- Գագիկ Բեգլարյանի ժամանակ էլ էիք ասում՝ միակ, Երվանդ Զախարյանի ժամանակ էլ էիք ասում՝ միակ, որ խայտառակ արեց քաղաքը:

Հ. Ջ.- Տիկին Բախշյան, այս օրերին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել «Ելքի» առաջարկը՝ 15 հազար դրամ տալ բոլոր այն քաղաքացիներին, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից: Սա ապառիկով ընտրակաշառք չէ՞: Տիկին Նահապետյան, կխնդրեմ Դուք էլ գնահատական տաք, սա որքանո՞վ է օրինական՝ ըստ Ձեզ:

Ն. Ն.– Ավելի լավ մեկնաբանել է «Երկիր Ծիրանիի» ղեկավարը, որ դա քրեական հանցանք է, պատժելի: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ընտրակաշառքը չի երեւում, բայց բոլորը դրա մասին խոսում են: Եթե լիներ, ԱԺ-ի ընտրություններին մեկի ձեռը գոնե բռնեիք:

Ա. Բ.- Ես Մալաթիայում բուկլետ եմ բաժանում, մի հատ կնիկ չի էլ վերցնում, ասում է՝ մեջը փող դրե՞լ ես, ասում եմ՝ չէ, ասում է՝ չեմ էլ վերցնի: Սովորե՛լ են:

Ն. Ն.– Տիկին Բախշյան, Երեւանի 1 մլն ժողովրդին կաշա՞ռք եք տալու, թող լինի 800 հազար: Քրեական տարր կա, դե հիմա՛ տվեք, հիմա՛ հանեք բաժանեք:

Ա. Բ.– Էդ կլինենք Հանրապետական, տիկի՛ն Նահապետյան:

Ն. Ն.– Տիկին Բախշյան, դուք մեզանից եք, շատ էլ որ հիմա «Ելքում» եք, մենք ձեզ անընդհատ տարբեր տեղեր ենք տեսնում՝ «Ժառանգություն», հետո՝ «Ազատ դեմոկրատներ», հիմա էլ «Ելք», վերջում երեւի կգաք մեզ մոտ: Մյուս տարի երեւի կլինեք մեր թիմից:

Ա. Բ.- Ձեր դաշտն ու այն դաշտը, որտեղ ես եմ, դրանք հակառակ են, երբե՛ք չի լինի: Ականջի հետեւը կտեսնեք, դա երբե՛ք չեք տեսնի:

Հ. Ջ.– Տիկին Բախշյան, Զարուհի Փոստանջյանն ասում է, որ «Ելքը» օգնում է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն էլ իր պատգամավորական մանդատն է վերցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք, իշխանությունների՞ն եք աջակցում:

Ն. Ն.– Չեմ կարող ասել՝ աջակցում է, որովհետեւ իրենց արտահայտությունները ոչ կոռեկտ են, բայց երեւի թե մի բան գիտի Զարուհի Փոստանջյանը, որ ասում է, արդեն ես էլ եմ սկսել կասկածել:

Ա. Բ.– Զարուհի Փոստանջյանը նաեւ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին է ասում:

Ն. Ն.- Շատ տգեղ էր: Զարուհի Փոստանջյանին ներում չկա, կարող եմ հայտարարել, որ շատ անբարոյական քայլ էր գնալ Տարոն Մարգարյանի առանձնատուն՝ իմանալով, որ այնտեղ կան երեխաներ, ընտանիք:

Հ. Ջ.– Լեւոն Իգիթյանն ասաց՝ եթե իմ տուն գային՝ կսատկացնեի:

Ն. Ն.- Ճիշտ էլ կաներ, ես էլ եմ էդ կարծիքին, ճիշտ է ասում: Իսկ ձեր տուն գային՝ դուք կուրախանայի՞ք: Անբարոյականություն է:

 

Զրուցեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

Ամբողջական զրույցը՝

 

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Էս ՀՀԿ կանայք ոնց որ բոլորը մի հաստոցի արտադրանք լինեն… նույնիսկ պրիչոսկեքն է նույնանման: Ու պարտադիր՝ 3 րոպեից ավել նայել չի լինում, ներվերդ սկսում է խախտվել:

  2. vartan says:

    Հազար ու մի լուրջ հարցեր կան իսկ դուք ինչե՝րով եք զբաղվում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք