«Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի». Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի դիմադրության ճակատի եւ զենքով հարց լուծելու մասին

«Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի». Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի դիմադրության ճակատի եւ զենքով հարց լուծելու մասին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել ու եթե իշխանությունները հումանիտար ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր:

«Առավոտը» «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ Դուք Հայաստանում դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը լավ կլիներ 470 տեղամասերում վստահված անձ ունենար: Այսինքն, էլի գալիս ենք հին ընդդիմության խնդիրներին ենք բախվում, եթե դուք 474 տեղամասում վստահված անձ չեք կարողանում դնել եւ ամբողջ բեռն ընկնում է «Ելք» դաշինքի վրա, «Ելք» դաշինքը պահում է նաեւ ձեր ձայները, ի՞նչ ապստամբություն, դիմադրության ճակատ: Թող դիմադրեն, ի՞նչ խնդիր կա, ես ողջունում եմ»:

Էդմոն Մարուքյանը գտնում է, որ սա հումանիտար ճանապարհ չի, ինչպես ներկայացնում է Փոստանջյանը. «Սա ամենաճիշտ ճանապարհն է: Գիտեք, ժողովրդավարությունը ամենալավ կառավարման ձեւը չէ, բայց դեռ դրանից լավը չի ստեղծվել, ինչպես ասում է Չերչիլը: Մենք այն մյուս ճանապարհը, ինչի մասին ինքը խոսում է, մենք դա տեսել ենք: Այնպես որ, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Մենք մեր ուղին ունենք, մենք մեր ուղին բռնած գնում ենք»:

Հարցին՝ Դուք ուժի միջոցով իշխանություն վերցնելուն դե՞մ եք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ուժի միջոցով վերցրած իշխանությունը ուժի միջոցով էլ կտապալվի: Ուժի միջոցով վերցրած իշխանությունը չի կարող իր արմատներում ունենալ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության գաղափարախոսությունը: «Ելք» դաշինքի առանցքում ընկած են համամարդկային արժեքները»:

Հարցին՝ Դուք էլ ասացիք, որ ուժի միջոցով եկած իշխանությունը ուժի միջոցով կտապալվի եւ հենց այդ արտահայտությունն այսօր պտտվում է սոցցանցերում այն առումով, որ այս իշխանությունը եկել է Մարտի 1-ով՝ ուժի միջոցով եւ արյունով, հետեւաբար ուժի միջոցով էլ պետք է հեռանա՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Իսկ այդ կոչ անողն ո՞ւմ արյունն է ուզում թափի: Ես ամեն նման կոչ անողի հարց ունեմ՝ ինքը պատրաս՞տ է մեռնի, առաջին զոհը ինքը պատրա՞ստ է լինել այդ հեղափոխության, եթե հա, ուրեմն թող գնա գլխավորի: Այսինքն, ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի, ես ուզում եմ հասկանալ: Ընդհանրապես Հայաստանում, ինձ մոտ տպավորություն կա, որ մարդիկ ուզում են իրենց տանը դիվանին նստած, ֆեյսբուքում նստած՝ ինչ-որ մարդկանց ուղարկեն, որ զոհվի իր համար, ինքը վայելի արդյունքները: Հիմա «Ելք» դաշինքն իր վստահված անձերով ամեն ինչ արեց, այդ զոհվելուն էլ գնաց: Իրենց մնում էր իրենց դիվանից վեր կենալ, log out լինել ֆեյսբուքից, գնալ ձայն տալ, փոխել իրավիճակը: Հիմա չեն արել՝ ի՞նչ արյուն»:

Զարուհի Փոստանջյանի դիմադրության ճակատի, իշխանությունների դեմ ապստամբության եւ զենքի միջոցով հարց լուծելու մասին Նիկոլ Փաշինյանի գնահատականները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Առաջին արյունը , առաջին զոհը լինելու է Զարուհի Փոստանջյանի ամուսինը:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք