Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիների դատին հանձնվեց «Սեւ եկեղեցու ճակատամարտը» կտավը (Ֆոտոշարք)

Մայիս 27,2017 19:51

Այսօր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավոր կերպով բացվեց գեղանկարիչ Տիգրան Հարությունյանի «Սեւ եկեղեցու ճակատամարտը» մեծադիր կտավը:

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված կտավի ստեղծման միտքը հեղինակի մոտ առաջացել է մի քանի տարի առաջ: Գեղանկարիչը մինչ կտավի ստեղծումը, ամիսներ շարունակ ուսումնասիրել է իր հայրենի հողի պատմությունը, Ղարաքիլիսայի հերոսամարտը:

«2012 թվականի վերջն էր, ինձ հետաքրքրեց ու սկսեցի ուսումնասիրել, թե ես որտեղ եմ ապրում, ինչ հող է իմ ոտքի տակ եւ ինչն է պատճառը, որ ես ինձ այստեղ ուժեղ եմ զգում: Եւ հասկացա, որ այստեղ տեղի է ունեցել մի ճակատամարտ, որ փոխել է ամբողջ մոլորակի պատմությունը: Ամեն ինչը ուսումնասիրելուց հետո միանգամից ծնվեց կոմպոզիցիան ձեւը»,-հիշում է Տիգրան Հարությունյանը:

Թեեւ կտավում պատկերված է ցավ ու մահ, սակայն միեւնույն ժամանակ նկարի վերեւում կյանքն է: Այն ունի 2 բաժանում:

-Մեկը հայրենիք եւ զավթիչ, իսկ մյուսը՝ կյանք եւ մահ: Նկարի կենտրոնում մեր հավատքն է, որտեղ մենք մեր Աստծով եւ ինքներս մեզ հավատալով հաղթանակ ենք ունեցել: Եւ այս հաղթանակը փոխել է ոչ միայն մեր ճակատագիրը, այլեւ մոլորակի,-ասում է Տիգրանը:

1 մ 30 ամ բարձրություն եւ 3 մ 40 սմ երկարություն ունեցող կտավը ստեղծվել է 2013-16թթ. ընթացքում: Կտավի ստեղծմանը զուգահեռ, այդ 3 տարիների ընթացքում հեղինակը ստեղծել է նաեւ մի շարք այլ գործեր, որտեղ պատկերված են իր ապրումները: Այսօր դրանցից 9 ներկայացված էին ցուցադրության:

«Կտավը ստեղծելիս շատ ծանր ապրումներ եմ ունեցել: Ես պատմությունը կարդալով նայում էի իմ ընկերներին, ծնողներին ու մտածում, թե իրենք ոնց կվարվեին, ես ինչպես կվարվեի: Եւ այդ ամեն ինչը վերապրելով սկսեցի նկարել: Նկարը սկզբից կոմպոզիցիայով մի փոքր այլ էր: Ես կռվող էի, հետո ինձ էլ սպանեցին ու ես ընկա: Կտավը հենց այդ ռակուրսից է նկարած: Նաեւ իմ ապրումները պատկերող փոքր նկարներ եմ ստեղծել, այս կտավը ստեղծելու ժամանակ»:

Մինչ կտավը կներկայացվեր ներկաներին, գեղանկարչին իրենց սրտի խոսքն ուղղեցին մտերիմներն ու հարազատները: Իսկ պարային կատարումով ներկաներին ողջունեց «Հորովել» երգի-պարի համույթը:

Լոռու մարզպետի անունից Տիգրան Հարությունյանն արժանացավ շնորհակալագրի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա եւ Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայանալու համար:

«Սեւ եկեղեցու ճակատամարտը» կտավը մի քանի օրից կշրջի հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում: Նախատեսվում է, նկարը ցուցադրության ներկայացնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031