Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ մենք արդար ենք»

Հունիս 21,2017 12:00

Ըստ Արմեն Աշոտյանի` «չի կարելի գնալ դուրս, խոսել բացառապես ԼՂ խնդրից եւ Հայոց ցեղասպանությունից ու վերադառնալ Հայաստան` կատարած պարտքի զգացումով»

– Պարոն Աշոտյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումն անցկացվեց ԱԺ-ում: Իհարկե, նպատակների մասին ինչ հայտարարվեց` ողջունելի էր, այնուամենայնիվ, եթե ավելի անկեղծ լինենք` խորհրդարանական դիվանագիտությունում ի՞նչ բացեր եք տեսնում, ո՞ր առաջնահերթ ուղղություններով եք առաջ շարժվելու:

– Երբ առաջադրվում էի որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու` իմ խոսքում փորձեցի կարճ ուրվագծել այն խնդիրներն ու անելիքները, որոնք, կարծում եմ, այս պահին ամենաարդիականն են: Խորհրդարանական դիվանագիտությունը բազմաշերտ է եւ, հաշվի առնելով նաեւ իր քաղաքական բնույթը, երբեմն նաեւ չի ենթարկվում իր արտահայտումների մեջ` ընդհանուր կարծիքների: Ներկայացված են տարբեր քաղաքական կուսակցություններ, պատգամավորներն ազատ են իրենց կարծիքների արտահայտման մեջ, միակ գերխնդիրը, որը պետք է ֆիքսել որպես կոնսենսուս` արդյոք ԱԺ բոլոր պատգամավորները, անկախ իրենց քաղաքական հայացքներից ներսում, պատրա՞ստ են սպասարկել Հայաստանի արտաքին շահը դրսում եւ ինչպես են այդ շահը բանաձեւում, սա է հիմնականը: Պատգամավորները կարող են ներկայացնել տարբեր քաղաքական կուսակցություններ, մեր խնդիրը հետեւյալն է՝ որքանով են իրենք պատրաստ միասին Հայաստանից դուրս սպասարկել երկրի արտաքին շահերը` անվտանգային, տնտեսական, խորհրդարանական եւ այլն: Այս տեսակետից, իհարկե, խորհրդարանում տեսնում եմ պոտենցիալ` ե՛ւ քաղաքական, ե՛ւ անհատական, որպեսզի ճիշտ գործիքակազմի ներդրման պարագայում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բարձրանա եւ ավելի տեսանելի լինի:

Կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ մեր ամենաակտիվ պատգամավորները միաժամանակ պարտավոր են աշխատել ե՛ւ դրսում, ե՛ւ հաշվետու լինել հասարակությանը` ներսում: Երբեմն ներսի գործոնը դառնում է ավելի դոմինանտ, քան պետք է, եւ մենք, ասում եմ՝ մենք, որպեսզի որեւէ մեկին չնեղացնեմ, սկսում ենք դրսում օգտագործել բառապաշար, մոտեցումներ, որոնք գուցե ներսում պահանջված են եւ ողջունելի, սակայն արտաքին լսարանին ուղղված այդ խոսքը շատ հաճախ չի ընկալվում: Իհարկե, պետք է գտնել այն ոսկե միջինը, որը մի կողմից՝ մեզ պարտադրի հաշվետու լինել մեր ընտրողներին, մյուս կողմից՝ նույն այդ ընտրողների շահերից ելնելով` ավելի արդյունավետ աշխատանք լինի դրսում:

Խորհրդարանական դիվանագիտության քաղաքական հարթակները շատ են, ոչ միայն համաժողովներն են, որոնք հիմնականում ասոցացվում են խորհրդարանական դիվանագիտության հետ, դրանք նաեւ Ազգային ժողովի նախագահի այցերն են, բարեկամական խմբերի գործունեությունն է, միջհանձնաժողովային, անհատական կապերն են, այսինքն՝ այն իրականում շատ բազմաշերտ է, եւ միասնական համակարգում կարող է լինել, եթե սկզբունքները որդեգրեն, կիսեն բոլոր մասնակիցները:

– Պարոն Աշոտյան, նախորդ տարիներին ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը բազմիցս քննադատությունների է ենթարկվել, երբ ադրբեջանամետ բանաձեւեր են ընդունվել: Հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ բոլորը գիտեն, թե ինչպես են աշխատում ադրբեջանցիները, նրանք կաշառում են եվրոպացի պատգամավորներին, ողջ աշխարհը գիտի, թե նրանք ինչ մեթոդներով են աշխատում, հետեւաբար, բոլորը գիտեն, որ մենք արդար ենք… Բայց դա բավարա՞ր է, դուք այս ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ մենք արդար ենք, եւ երկրորդը` ոչ բոլորն են պատրաստ հրապարակավ ընդունել, որ մենք արդար ենք` անգամ եթե իմանան, որ այդպես է: Եվրոպայում, ինչպես Հայաստանում, քաղաքական սերնդափոխություն է տեղի ունենում, եւ մեր` արդարացի լինելու թեզերը պետք է պարբերաբար կրկնել եւ չմտածել, որ բոլորը հասկանում են Ղարաբաղյան հակամարտության ակունքները, գիտեն պատճառները եւ ամեն ինչից տեղյակ են: Այսինքն՝ տեղեկատվական բաղադրիչը պետք է շարունակել զարգացնել:

Չի կարելի լինել շատ ռոմանտիկ: Մեզ մոտ, ցավոք սրտի, երբ որ ասում են` եվրոպական կառույց, չգիտես ինչու, անգամ քաղաքական վերնախավի մի մասը մտածում է, որ այդ կառույցները ստերիլ են, բացարձակ արդար են ու կատարյալ: Իրականությունն այն է, ինչ որ մենք ունենք, քաղաքականությունը մնում է քաղաքականություն` անգամ եվրոպական թատերաբեմերում: Հետեւաբար անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն ոչ միայն հայկական հարցերի օրակարգի շուրջ, այլեւ անհատական ինտենսիվ աշխատանք եւ անձնական պատասխանատվություն: Կարծում եմ՝ պատգամավորները, որոնք ներգրավված են լինելու պատվիրակությունների կազմերի մեջ, պետք է գիտակցեն իրենց անհատական պատասխանատվությունը: Տարիներ շարունակ ձեւավորվել է մի կարծրատիպ, որ պատվիրակություն հավասար է պատվիրակության ղեկավար: Պատվիրակության ղեկավարն ունի իր լիազորությունները եւ պարտավորությունները, սակայն պատվիրակությունների բոլոր անդամները պարտավոր են իրենց անհատական գործունեությամբ նպաստել պատվիրակության աշխատանքին: Եվ անհաջողությունները միայն պատվիրակության ղեկավարի անհաջողությունները չեն, ինչպես նաեւ հաջողությունները: Այսինքն՝ անհատական պատասխանատվության ինստիտուտը պետք է մտնի նման տեսակի գործունեության մեջ:

Հայկական կողմը, կարծում եմ, պետք է ավելի ընդգրկված լինի համամարդկային եւ համաեվրոպական օրակարգերի քննարկման մեջ: Չի կարելի գնալ դուրս, խոսել բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրից եւ Հայոց ցեղասպանությունից ու վերադառնալ Հայաստան` կատարած պարտքի զգացումով: Իրականության մեջ, եթե դու չես հետաքրքրվում աշխարհով` աշխարհը չի հետաքրքրվում քեզնով, հետեւաբար, կարծում եմ, էկոլոգիական խնդիրներ, մարդու իրավունքներ, կանաչ էներգիա, գենդերային խնդիրներ, միգրացիա, այսինքն` գլոբալ այն ամբողջ օրակարգը, որը հուզում է աշխարհին, Եվրոպային, մասնավորապես պետք է դառնա նաեւ մեր հանրային օրակարգի մի մաս, որպեսզի կարողանաս ներգրավված լինել ընդհանուր քաղաքական տենդենցների մեջ, չգետոյավորվել, չկղզիանալ եւ չասոցացվել բացառապես ԼՂ հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների հետ: Վստահաբար Հայաստանն ավելի մեծ ասելիք ունի եւ կարող է իր կարծիքը հայտնել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:

– Պարոն Աշոտյան, ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրն ակնկալվում է, որ կստորագրվի նոյեմբերին՝ մինչեւ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Հնչում են մտավախություններ, հնարավո՞ր է այս անգամ էլ Հայաստանը հանկարծակի հրաժարվի ստորագրել ԵՄ-ի հետ այդ նոր համաձայնագիրը, որն, ասում են, իր լրջությամբ չի զիջում ԵՄ Ասոցացման համաձայնագրին:

– Ես նման մտավախություն չունեմ, չեմ ուզում պարբերաբար պատմական էքսկուրսներ կատարել 2012-2014թթ., թե ինչպես էր նախապատրաստվում Ասոցացման համաձայնագիրը, թե ինչ եղավ Հայաստանի հայտարարությունից հետո, թե ինչպիսի տեսակետ ուներ ԵՄ-ի նախկին ղեկավարությունը: Ակնհայտ է մեկ բան, որ Յունկերի ղեկավարած Եվրոպական նոր հանձնաժողովը շատ ավելի ճկուն, շատ ավելի թիրախային քաղաքականության կողմնակից է Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ, ինչը թույլ է տալիս ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար ստեղծել ճիշտ քաղաքական հիմքեր` դիտարկելով այդ համագործակցությունը ոչ թե հակադրություն ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններին, այլ հնարավորություն Հայաստանի հետագա զարգացման համար՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ազատական տնտեսության համար:

Համաձայնագրի տեքստն ամբողջությամբ ես էլ դեռ չեմ տեսել, բայց քաղաքական մասը գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը: Ես չեմ կարծում, որ Եվրոպական պետություն ասածը նախեւառաջ մաքսային տուրքերի չափերն են եւ առեւտրային այն ռեժիմներն են, որոնք կարող են տարբերվել Եվրասիական եւ Եվրոպական տնտեսական միություններում: Եվրոպան նախեւառաջ մեզ համար դիտվում է որպես արժեհամակարգ, եւ այս տեսակետից եթե մենք իրոք հավատում ենք այն արժեքներին, որոնք ասոցացնում ենք ԵՄ-ի հետ, ապա հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր անգամ Եվրասիական տնտեսական տարածքում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ», 20.06.2017

Լուսանկարը` Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930