Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է կրում բյուջեի թերակատարման պատասխանատվությունը. «Հայոց Աշխարհ»

Հունիս 27,2017 11:40

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Մեկշաբաթյա լսումներից հետո փաստաթուղթը կներկայացվի հուլիսի 4¬ի արտահերթ նիստում։

Ինչպես հայտնի է, 2016թ. բյուջեի կատարման պատասխանատվությունն ի սկզբանե ստանձնեց Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը։ Սակայն ցուցանիշների ձախողման հետեւանքով այն հնարավորություն չունեցավ աշխատել մինչեւ տարեվերջ։ Սեպտեմբերից բյուջեի կատարման պատասխանատվությունը վերցրեց նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Թեպետ դրանից հետո բյուջեի կատարողականը մի փոքր բարելավվեց, այնուհանդերձ վիճակը չհաջողվեց շտկել։

Անցած տարվա պետական բյուջեն առանձնացավ ցածր կատարողականով։ Խոսքը հատկապես եկամուտների ապահովման մասին է, որը թերակատարվեց 8,4 տոկոսով։ Նախատեսված 1 տրիլիոն 278 մլրդ դրամի փոխարեն բյուջեի եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 171 միլիարդ։

Այլ կերպ ասած, պակաս ստացվեց 107 մլրդ դրամ։ Դրա հետեւանքով ՀՆԱ հարաբերությամբ բյուջետային մուտքերի ցուցանիշը 0,1 տոկոսային կետով նույնիսկ նվազեց։ Այն կազմեց 23,1 տոկոս, նախորդ տարվա 23,2¬ի դիմաց։

Բյուջետային եկամուտների թերստացումը արտահայտվեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածից ծրագրված մուտքերը չստանալու տեսքով։ Չնայած ներքին հարկային եկամուտները 1,1 տոկոսով գերազանցեցին 2015թ. մակարդակը, այնուհանդերձ չապահովվեցին այս հատվածից ակնկալվող ողջ ֆինանսական հոսքերը։

Մի պահ բյուջեի եկամուտները նույնիսկ զիջեցին նախորդ տարվա ցուցանիշները։ Նման վիճակ ստեղծվեց հատկապես տարվա միջնամասում։ Հունիսից սկսած ներքին հարկային եկամուտները անկում ապրեցին, որը պահպանվեց մինչեւ նոյեմբեր։

Կառավարության փոփոխությունից հետո տարեվերջի երկու ամիսներին վիճակը որոշ չափով շտկվեց։ Դա հնարավորություն տվեց փոքր¬ինչ թուլացնել ճնշումը բյուջեի կատարողականի վրա։ Սակայն մուտքերի թերակատարումից խուսափել չհաջողվեց։ Բյուջեի ներքին հարկային եկամուտները պակաս ստացվեցին շուրջ 70 մլրդ դրամի չափով։

Ցածր աճի հետեւանքով ՀՆԱ¬հարկեր հարաբերակցությունը գրեթե մնաց նախորդ տարվա մակարդակին (21,3 տոկոս)։

Թերակատարվեցին նաեւ բյուջետային ծախսերը, թեպետ տարբերությունը նախատեսվածի համեմատ բավականաչափ փոքր էր (ընդամենը 0,7 տոկոս)։ Չնայած եկամուտների ցածր կատարողականին, այնուհանդերձ կառավարությունը չհրաժարվեց ծախսերի ֆինանսավորումից՝ ըստ էության փորձելով այդ ճանապարհով ակտիվացնել տնտեսական գործընթացները։ Թե ինչ ստացվեց դրանից, վկայում է անցած տարվա տնտեսական աճը, որը կազմեց հազիվ 0,2 տոկոս։

Հակառակ դրան, ամեն գնով ծախսերի ֆինանսավորումը հանգեցրեց պետական պարտքի ակտիվ ավելացման։ Դա իրականացվեց բացառապես բյուջեի դեֆիցիտի մեծացման հաշվին։

Այլ կերպ ասած, նախատեսված ծախսերը կատարելու համար կառավարությունը ավելացրեց պակասուրդը։ Այն գերակատարվեց 54 տոկոսով։

Անցած տարի բյուջեի դեֆիցիտի համալրմանն ուղղվեց լրացուցիչ 87 մլրդ դրամ։ Դա բացասական ազդեցություն գործեց պետական պարտքի մակարդակի վրա։ Արդեն տարեվերջին համախառն ներքին արդյունքի հարաբերությամբ Հայաստանի պարտքը հասավ շուրջ 46 տոկոսի՝ 2015թ. համեմատ համալրվելով եւս 4,4 տոկոսային կետով։

Հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները՝ սա զգալիորեն թուլացրեց նոր պարտք ներգրավելու կառավարության հնարավորությունները։ Պատահական չէ, որ այս տարվա համար կառավարությունը ստիպված է կրճատել դեֆիցիտի համալրման հաշվին բյուջետային ծախսերի ֆինանսավորման նպատակով գումարների ներգրավումը։

Նախորդ բյուջետային տարին առանձնացավ նաեւ տնտեսական գործընթացների ցածր ակտիվությամբ։ Չնայած տարեսկզբի աշխուժությանը, այնուհանդերձ կառավարությանը չհաջողվեց այն երկար պահպանել։ Երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը սեղմվեց, իսկ արդեն հուլիսից մտավ անկումային փուլ։ Մի բան, որ հանգեցրեց Հովիկ Աբրահամյանի գլխավորած գործադիր մարմնի փոփոխության։ Ձեւավորումից միայն երկու ամիս անց նոր կառավարությանը հաջողվեց կանխել տնտեսական ակտիվության անկումը։

Այդ ընթացքում Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը ճշգրտեց նաեւ որոշ տնտեսական ցուցանիշներ, մասնավորապես գյուղոլորտում։ Դրանից հետո տնտեսության այդ ճյուղում արտադրության ծավալների անկում արձանագրվեց՝ տարեսկզբի բարձր աճից հետո։

Ա. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930