Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնար է առանց Ղարաբաղի որեւէ համաձայնության գալ». Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Հունիս 30,2017 13:49

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց, թե ինչպե՞ս կարող ենք Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան. «Ի՞նչ է անհրաժեշտ անել: Դուք, որպես արտգործնախարար, երկու գործառույթ ունեք, կցանկանայի, որպեսզի դուք ամեն լումայի համար այստեղ կռվեիք, ամեն ինչ անեիք, որ ֆինանսավորումը մեծանար: Կոչ կանեի երբեւիցե չընդունել այն խաղի կանոնը, որ կառավարությունը կարող է թելադրել, երբ ասում են՝ միջոցներ չկան: Միջոցները պետք է հայթայթել»:

Զուրաբյանը նաեւ 57 դիվանագիտական ներկայացուցչությունների մասին հարց ուղղեց, այն երկրների մասին, որտեղ Հայաստանը չունի ներկայացուցչություն:

Նախարարը պատասխանեց, որ միջոցների համարն ինքը երբեւէ չի ասել պակասեցրեք, հակառակը՝ հիմնավորել է, որ դրա անհրաժեշտությունը կա: Բայց, ըստ նախարարի, հնարավորությունների հետ է կապված:

Հնարավորության հարց է նաեւ դեսպանություններ ունենալը բոլոր երկրներում. «Էս են մեր հնարավորությունները, այսպես ենք գործում, շատ հնարավորություն ունենաք՝ կավելացնենք մեր դիվանագետների թիվը արտերկրում: Չեմ կարծում, որ հիմա պետք է դժգոհենք, ասենք հնարավորություն չկա եւ դա արդարացում լինի այն բացթողումների, որ չենք արել»:

Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու հետ կապված Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, ես ամբողջ պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետեւ այսօր դա չի հրապարակվում, բանակցային գործընթաց է գնում, դա փակ գործընթաց է, բայց մի օր դա կհրապարակվի: Բոլոր փաստաթղթերում, ինչ առաջարկվել է եռանախագահների կողմից եւ ինչ բանակցվել է, տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանը բանակցություններին: Սա հստակ ֆիքսված է եւ առանց դրա որեւէ պայմանագիր չի գործում: Անհնար է առանց Ղարաբաղի որեւէ համաձայնության գալ եւ հաշվել, որ այդ համաձայնությունը արդեն ձեւակերպված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930