Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցի փոխարեն զինկոմիսարիա՞տ

Հուլիս 02,2017 20:15

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը վիճարկի անձի բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Ընդ որում, խոսքն ամենեւին անվճար բուժօգնության մասին չէ: Այն, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, գրված է նաեւ ՀՀ Սահմանադրությունում, իսկ այն, որ առողջության պահպանման եւ վերականգնման համար քաղաքացիները պետք է դիմեն բժշկական կենտրոններ միանշանակ է: Իհարկե կան բացառություններ, երբ քաղաքացին չի դիմում բժիշկին, այլ նախընտրում է այլընտրանքային բուժում, օրինակ՝ դիմում է հեքիմին կամ կախարդին: Այդպիսի մարդկանց կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի կլինի այն քաղաքացիների վարվելակերպը, որոնք բուժօգնություն ստանալու համար դիմեն, օրինակ՝ քաղաքաշինության նախարարություն կամ ԱԱԾ: Դա կամ երեւակայության ոլորտից է, կամ էլ այդ քաղաքացիների՝ առողջության պահպանման եւ վերականգնման իրավունքի հանդեպ սահմանափակումներ են կիրառվում եւ նրանք զրկված են մասնագիտական բժշկական օգնություն ստանալու իրավունքից: Սա դժվար է պատկերացնել, սակայն, այնուամենայնիվ, պարզվում է ՀՀ-ում կան քաղաքացիներ, ում նկատմամբ սահմանափակվում է առողջության պահպանման եւ վերականգման իրավունքը:

ՀՀ 21-ամյա քաղաքացի Մ.Ն.-ը օրերից մի օր ողնաշարային ցավեր է ունեցել: Որոշել է հետազոտվել եւ բժշկական օգնություն ստանալ: «Էրեբունի» ԲԿ-ում նրան հրաժարվել են հետազոտել` պատճառաբանելով, որ նա զինապարտության տարիքի է: Երկար բանակցություններից հետո, նույնկերպ են վարվել նաեւ «Արմենիա» ԲԿ-ում: Ընդ որում, «Արմենիա» ԲԿ-ում այդօրինակ որոշումն ընդունել են «վերեւների» հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում: Փաստորեն, «Էրեբունի» եւ «Արմենիա» ԲԿ-ները սահմանել են քաղաքացիների այն խումբը, որոնց նկատմամբ սահմանափակված է առողջության պահպանման եւ վերականգնելու իրավունքը: Այդ խմբի մեջ են մտնում զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացիները:

Ինչքանո՞վ են իրավաչափ ԲԿ-ների գործողությունները, կա՞ արդյոք որեւէ իրավական ակտ, որով սահմանափակվում է զինապարտներին բժշկական օգնություն տրամադրելու պարտականությունը, որն է համարվում զինապարտության տարիք եւ վերջապես որտե՞ղ քաղաքացիների այդ հատվածը պետք է ստանա բժշկական օգնություն:

Ըստ «Էրեբունի» եւ «Արմենիա» ԲԿ-ների՝ զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն չտրամադրած բժիշկների՝ զինապարտության տարիքի քաղաքացիները պետք դիմեն զինկոմիսարիատ, ըստ հաշվառման վայրի: Թե «Էրեբունի», թե «Արմենիա» ԲԿ-ների բժիշկները չկարողացան ներկայացնել կամ հղում կատարել, իրենց գործողություններն արդարացնող որեւէ իրավական ակտի՝ չէ եւ վերջ: ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական բաժնում ինձ վստահեցրին, որ չկա եւ չի էլ կարող լինել քաղաքացիների մի այնպիսի խումբ, սոցիալական խավ եւ ընդհանրապես որեւէ քաղաքացի ում նկատմամբ սահմանափակվի առողջության պահմանման եւ վերականգման իրավունքը, միաժամանակ նշելով, որ չկար, չկա եւ չի կարող լինել նման իրավունքը սահմանափակող իրավական ակտ: ՀՀ առողջապահության նախարարության մեկ այլ բաժնում չբացառվեց առողջության պահմանման եւ վերականգման իրավունքը՝ զինապարտության տարիքի քաղաքացիների նկատմամբ, սահմանափակող գործողությունների փաստը: Այդ բաժնում նշեցին, որ տրամաբանական են գտնում, որ զինապարտության տարիքի քաղաքացիների հարցով զբաղվեն զինկոմիսարիատները եւ չկարողացան նշել կամ հղում անել որեւէ իրավական ակտի վրա, սակայն առաջարկեցին օգնել: Օգնություն առաջարկելն, իհարկե, լավ է, սակայն ենթադրենք մի դեպքում օգնեցին եւ մեկ զինապարտության տարիքի քաղաքացի ստացավ բուժօգնություն: Բա մնացածնե՞րը:

Զինապարտության տարիքի քաղաքացիների՝ բուժհաստատության փոխարեն, զինկոմիսարիատ դիմելը տրամաբանական են համարում նաեւ զինկոմիսարիատի աշխատակիցները, որոնց կարծիքով, զինապարտության տարիքի քաղաքացին առողջության, թեկուզ թեթեւ, վատթարացման հետեւանքով, պետք է առաջին հերթին դիմի զինկոմիսարիատ եւ միայն այդ կառույցի դիրքորոշումից է կախված քաղաքացու հետագա բուժումը: Այս դեպքում անհասկանալի է թե ո՞վ եւ ինչպե՞ս է հասցնելու հիվանդին առաջին օգնությունը եւ ի վերջո անհասկանալի է թե ի՞նչ է լինելու եթե զինկոմիսարիատը բացասական դիրքորոշում հայտնի զինապարտության տարիքի քաղաքացու բուժման կամ հետազոտման համար:

Այս պատմությունից, համենայնդեպս, ինձ համար պարզ դարձավ, որ մեր երկրում առողջության պահպանման եւ վերականգնման իրավական սահմանափակման բացակայության պայմաններում, այդպիսի սահմանափակում կիրառվում է զինապարտության տարիքի քաղաքացիների նկատմամբ: Մնաց մեկ շատ կարեւոր հարց՝ որքա՞ն են թվաքանակով այդ քաղաքացիները:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում նշված են քաղաքացիների տարիքային տարբեր խմբեր, որոնք այս կամ այն կերպ ենթարկվում են այս օրենքի պահանջներին: Մասնավորապես՝ նախազորակոչիկներն են 16-18 տարեկան, զորակոչիկներն են 18-27 տարեկան, պահեստազորայիններն են մինչեւ 50 տարեկան ՀՀ քաղաքացիները: Այսպիսով, չգրված օրենքով, մեր երկրում առողջության պահպանման եւ վերականգնման իրավունքը սահմանափակվում է 16-50 տարեկան արական սեռի քաղաքացիների նկատմամբ, ասել է թե 16-50 տարեկան տղաներն ու տղամարդկանց առողջությունը կարող է կախված լինել զինկոմիսարիատի քմահաճույքից:

Այդ տարիքային խումբը կազմում է մեր ազգաբնակչության 30-35%: Իհարկե, պետք է նշել, որ երեւույթն առայժմ համատարած բնույթ չի կրում, բժիշկները «աչքաչափով» են որոշում հիվանդի տարիքը եւ սահմանափակում են առայժմ շատ երիտասարդ տեսք ունեցողների բուժման իրավունքը, սակայն երեւույթն առկա է եւ ունի ջատագովներ՝ ի դեմս «Էրեբունի» եւ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների, առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաների եւ զինվորական գործիչների: Իսկ եթե երեւույթը կա եւ այն բացասական է իրավունքի իմաստով, ապա այն կամ պետք է վերացնել կամ էլ իրավական դաշտ ստեղծել եւ օրենքի ուժ տալ: Վերջին դեպքում, արդեն իսկ մոտ ապագայում կարող ենք ունենալ քաղաքացիների մի մեծ հատված, որոնք բուժօգնություն ստանալու համար, բուժհաստատություն դիմելու փոխարեն, ստիպված կլինեն դիմել զինկոմիսարիատ, դրա բոլոր հետեւանքներով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31