Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԸ

Հուլիս 07,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսուներկուերորդ

ՏՈՆԸ

Եվ Ֆրունզիկը հորս  հարցրեց՝ «Լուշան ո՞վ ա», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «Առուշանյան  Լուշան մեր Կենցաղսպասարկման դիրեկտորն ա», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «էդ Լուշան տղամարդ ա՞, թե կնիկ», եւ Ֆելոն ասաց՝ «Լուշան կնիկ ա, բայց ուզածդ տղամարդու կտանի ծովը՝ ծարավ հետ կբերի», եւ հայրս ասաց՝ «Լուշան իրոք տղամարդ կնիկ ա», եւ Ֆրունզիկը հորս հարցրեց՝ «Ֆելոյի հաշվով իրա խոստումը կկատարի՞», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարուր տոկոսով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարաս չկասկածես», եւ Ֆրունզիկը բաժակը բարձրացնելով ասաց՝ «շնորհավորում եմ, Ֆելո ջան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու երջանիկ ժպիտը դժվարությամբ թաքցնելով ասաց՝ «ժամանակից առաջ չընկնենք, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը  ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ուզում եմ կենացդ խմենք», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «իմ կենա՞ցն ինչի խմենք», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «բա ո՞ւմ կենացը խմենք», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Ուստա Հակոբի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ աչքալուսանքն ինքը տվեց», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էդ աչքալուսանքը ոչ թե Ուստա Հակոբը տվեց, այլ՝ Արմենչոն», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն՝ Արմենի կենացը խմենք», եւ ես ժպտալով Ֆելոյին ասացի՝ «անհատական կենացներ չենք խմում», եւ հայրս թարս նայեց ինձ ու ասաց՝ «դու շատ փոքր ես, որ որոշես՝ ինչ կենացներ խմենք», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «բայց հեչ պարտադիր չի, որ դու էլ խմես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝  «արդեն խոստացել ես, որ չես խմելու», եւ ես ժպտալով ասացի՝ «խոսքիս տերն եմ», եւ Ֆելոն ասաց՝ «Արմենի կենացը խմելու ուրիշ առիթ էլ կա», եւ  Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «Ստանիսլավսկու գիրքը որ քեզ նվիրեց, էդ նկատի  ունե՞ս», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «էդ գրքից բացի՝ ուրիշ առիթ էլ կա», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ առիթ կա», եւ Ֆելոն ժպտալով հարցրեց՝ «էսօր ի՞նչ օր ա», եւ ես ասացի՝ «էսօր ամռան առաջին օրն ա», եւ Ֆրունզիկը հիացած ինձ նայեց, հետո ժպտալով հորս ասաց՝ «տղեդ  սաղ հարցերի պատասխաններն ունի», եւ Ֆելոն ժպտալով ինձ հարցրեց՝ «ամռան առաջին օրն ի՞նչ օր ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ամռան առաջին օրն ամռան առաջին օրն ա», եւ Ֆելոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ամռան առաջին օրը երեխաների պաշտպանության օրն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար եմ ասում՝ Արմենի կենացը խմենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, էսօր Արմենի ու բոլոր երեխաների տոնն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Արմենն ի՞նչ էրեխա. մեզնից լավ ա արաղ խմում», եւ հայրս թարս նայեց ինձ ու ասաց՝ «ընդամենը ինը տարեկան ա», եւ ես ասացի՝ «արդեն տասի մեջ եմ», եւ իմ ու հորս էդ ասածները հիշելով՝ հիմա կարող եմ վերջնականապես ասել, որ էդ ամառ  հազար ինը հարյուր վաթսուներկու թվականն էր, եւ չնայած իննս էդ թվականի մարտին էր լրացել, ես իսկապես հեշտությամբ էի օղի խմում, եւ երբ հայրս ասաց՝ «ընդամենը ինը տարեկան ա», Ֆրունզիկը փռթկացնելով նորից ասաց՝ «ընդամենը ինը տարեկան ա, բայց մեզնից լավ ա արաղ խմում», եւ հայրս  անսպասելի ժպտալով Ֆելոյին ասաց՝ «Արմենի տոնին փոխանակ փուչիկ  առնեիր, արաղ ես առել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, մի մոմենտ մտքովս անցավ, բայց հետո մոռացա» եւ ինձ ժպտալով հարցրեց՝ «գնա՞մ փուչիկ առնեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պետք չի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31