Ձախողման պատճառները

Ձախողման  պատճառները

Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական եւ քարոզչական արդյունքը, որին հարեւան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որեւէ լուրջ ապացույց չի ստացվել: Դա ունի ընդհանուր եւ մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռք բերմանը:

Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետեւում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաեւ 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը եւ աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաեւ մեզ նման երկրների համար: Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է եւ անհրաժեշտության դեպքում հրապարակվում է:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց եւ Արեւմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաեւ այն պատճառով, որ այդ երկրի եւ Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր): Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրների շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական եւ քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու:
Եվ վերջապես: Հայկական կողմն էլ, կարծես թե, փոխում է իր մարտավարությունը: Ադրբեջանը պետք է զգա, որ ցանկացած, նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու, եւ այդ պատասխանին հետեւած վայնասունին մենք, համենայնդեպս, ուշադրություն չենք դարձնի: Նույնիսկ եթե ՄԱԿ-ն ընդունի ոչ թե 4, այլ 144 բանաձեւ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. kagrigo says:

    Ադրբեջանական արկածախնդրություններին պետք է պատասխանել կոշտ և իրենց համար ցավալի հետևանքներով։ Միջազգային պրակտիկայում այս նախադեպն արդեն գոյություն ունի Իսրայելի օրինակով։ Չեն մեկնաբանվում պատժիչ գործողությունների հետևանքները և նշվում են միայն սեփական անվտանգությունն ու ինքնապաշտպանության օրինական իրավունքը։

  2. Ruben says:

    Ինչպե՞ս կարելի է տարբերել (անդր) կովկասյան թաթարներին հայերից:
    Մի պարզ միջոց՝. Ասեք(արտասանեք)՝ «տռուբա» (խողովակ) բառը.
    Վստահ եմ, որ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը կասեն (կարտասանեն)՝ թուրուբա:
    Ինչու՞ են նախագահները, վերլուծաբանները, տնտեսագետները, քաղաքագետները ազգայնականները, դաշնակցականները և ռազմավարները «մոռացության» տվել «թուրուբա»-ն:
    Խելքների բա՞նը չի:
    Դէ, ուրեմն, շարունակեք ասել- թուրուբա…
    P.S. «Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է»:

  3. Լավատես says:

    Կարծում եմ, ինչքան շատ տեղ տանք մեր բարեկամներին մեր շրջապատում, այնքան քիչ տեղ կմնա մեր շրջապատում թշնամու համար: Որքան անբնական է, երբ հայը քոչվորական կյանք է վարում օտարի երկրում՝ սեփական օրինակով գիտեմ, նույնքան էլ անբնական է, երբ քոչվորը նստել է իմ երկրում ու տեղից չի շարժվում, մեր հայրենադարձությունը ու քոչվորներին բնական վիճակի բերելը պետք է ընթանա համընթաց զուգահեռ միաժամանակ: Չեմ կասկածում մեր խելքին, մենք սկզբից մեր հայրենադարձության խնդրի լուծումը պետք է գտնենք՝ դա կլինի, երբ կստիպենք արտագաղթել այն իշխանությանը, որի պատճառով երկրում արտագաղթը չի դադարում:

  4. Հ.Շ. says:

    ինչ որ ել լինի, ինչ որ ել անենք,
    մեր զոհերի անվերջ ու անդադար կուտակուող թիւը անհանդուրժելի է, անտանելի…

    Հայաստանում/Արցախում, կարծէք ձեւով մը «վարժուել» էք, յարմարել էք, այս անխուսափելի իրականութեան… սոսկալի routine-ի նման բան մը դարձել է այս կացութիւնը… (ինչ որ ձեւով մը «լաւ» է, բայց ձեւով մըն ալ ոչ, քանզի առաջնահերթութիւնների շարքը պղտորում է ոմանց համար, եւ փոխանակ բոլոր ուժերը հարկաւոր չափով, անհրաժեշտ կերպով կեդրոնան այս Հիմնախնդրին վրայ, ճիգերի տեւական մսխում կայ անիմաստ նիւթերով)

    սակայն Արտերկրի այն հայերին համար որ իրենց մէջ պահում են ազգային գիտակցութիւն, ամէն անգամ որ ռազմաճակատում երեխայի մը մահուան բոթն ենք ստանում, թանձր խաւարն է պատում մեր առօրեան… ապրելու կորովը խորտակող վիճակ է… այո, չպիտի վհատինք, պիտի շարունակենք, սակայն անհնար է կեանքի ամենատարրական զուարթ պահը վայելել, առանց որ նա մթագնի մեր պարբերաբար սպանուող ջահելների մտածումով…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք