Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենավատ երազներում ես չէի ուզենա վերադառնալ Սովետական Միություն»

Հուլիս 21,2017 14:30

Աշոտ Մելիքյանը Արմեն Աշոտյանին առաջարկում է՝ եթե կարոտախտ կա Սովետի նկատմամբ, թող միջինասիական երկրներում ապրի ու աշխատի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին պետք է նոր գործիքակազմ տալ, որ կարողանա վերահսկել նաեւ համացանցը: Ըստ նրա՝ միայն մի սենյակում չի կարող մարդն իրեն լավ զգալ, զով զգալ, եթե մյուս սենյակներում տոթ է: Ջերմաստիճանը պետք է լինի նույնը ընտանիքում, դպրոցում, հեռուստատեսության մեջ, համակարգչում: Մարդը դուրս է գալու տնից փողոց՝ հանդիպի այլ իրականությանը. «Սովետական համակարգը դրանով էր լավ՝ այդ ջերմային ռեժիմը նույնն էր ամեն տեղ: Իհարկե, իրենք մտցնում էին տակը նաեւ գաղափարներ»: Աշոտյանն առաջարկել էր համացանցային բովանդակությունը ստուգել:

Այս առնչությամբ «Առավոտը» Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին հարցրեց՝ դա խոսքի ազատությանը չի՞ խոչընդոտի: Նա պատասխանեց. «Առհասարակ համացանցը հսկելու այդ գաղափարը նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշ անդամներից է գալիս: Չգիտես ինչու, մեզանում որոշ պաշտոնյաներ ուզում են ավելի առաջ ընկնել, քան քաղաքակիրթ երկրները, որոնք շուտվանից մտածում են՝ ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը եւ մյուս կողմից՝ խոսքի ազատությանը որեւէ վնաս չտալ, եւ առայժմ չի ստացվում: Բազմաթիվ զարգացած, ժողովրդավարական երկրներում այդ փորձերը կատարվել եւ կատարվում են, բայց որեւէ լուրջ արդյունքի չեն հանգել: Հիմա ինչո՞ւ են Հայաստանում կարծում, որ ամենախելոքն են եւ կգտնեն այդ միջոցը՝ ինձ համար հասկանալի չէ: Ես կարծում եմ, որ կարելի է մի քիչ սպասել, տեսնել, թե առաջադեմ աշխարհն ինչ է մտածել եւ ինչ կարգավորումներ է գտնում: Ո՞վ չգիտի, որ լուրջ խնդիրներ կան, բայց բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվել են, բերել են նրան, որ ավելի շատ վնաս են տվել՝ հատկապես խոսքի ազատության առումով դա ավելի շատ վնաս է, քան օգուտ: Այդ սահմանափակումների տեխնիկական շրջանցումները շատ հեշտ են գտնվում, բայց խոսքի ազատությանը կոնկրետ վնաս են տալիս: Ու ինձ համար մի քիչ անհասկանալի է ե՛ւ Արմեն Աշոտյանի ոչ համակողմանի վերլուծված մոտեցումը, ե՛ւ այն պաշտոնյաների, որոնք իրենց հիմնական աշխատանքը՝ հեռարձակման ոլորտը թողած՝ որոշել են զբաղվել ինտերնետով»:

Ըստ պարոն Մելիքյանի՝ համացանցով հեռարձակվող լրատվամիջոցները հետզհետե ավելի շատ լսարան են ձեռք բերում, իսկ որտեղ լսարան կա, իշխանությունը միանգամից ուզում է իր կարգավորումները մտցնել. «Բայց մյուս կողմից էլ՝ կարգավորումներն էլ պետք է խելքին մոտ լինեն»:

Ժամանակին էլ ֆեյքերի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: Աշոտ Մելիքյանն ասաց, որ հիմա էլ ժամանակ առ ժամանակ նորից ուզում են շրջանառության մեջ դնել, վերափոխել նախագիծը:

Մեր հարցին՝ Արմեն Աշոտյանը Սովետն է հիշում եւ ասում, որ սովետական համակարգը դրանով լավ էր, արդյո՞ք Սովետը այս առումով իսկապես ավելի լավ էր, եւ սովետի գործիքները պետք է հետ բերել՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ոչ, Սովետի գործիքները ամենեւին էլ պետք չի հետ բերել՝ մանավանդ, եթե խոսքի ազատությանն է վերաբերում ասելիքը: Ես աշխատել եմ այն ժամանակ էլ, հիմա էլ եմ աշխատում, եւ ամենավատ երազներում ես չէի ուզենա վերադառնալ Սովետական Միություն: Շատերը տարիքի հետ են կապում, ասում են՝ կարոտախտով են հիշում, իսկ ես ասում եմ՝ ամենավատ երազում անգամ չէի ուզենա, որ մեր լրագրողները եւ անձամբ ես աշխատեի Սովետում: Այնպես որ՝ եթե ՀՀԿ-ականներից որեւէ մեկն այդպիսի կարոտախտ ունի, ապա թող առանձին միջինասիական երկրներում իր համար բարենպաստ պայմաններ գտնի, այնտեղ ապրի ու աշխատի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սովետի պայմանները՝ խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների գործունեության առումով, չլինեն: Ինչ վերաբերում է մթնոլորտի առումով եւ ջերմաստիճանի, ապա այդպես ասողները երեւի սովետական երկրում շատ տաքուկ պայմաններում են ապրել, որովհետեւ նույն թաղային հեղինակությունները գոյություն ունեին Սովետի ժամանակ: Բառապաշարն էլ շատ տարբեր էր փողոցում, ժարգոն էլ գոյություն ուներ, էլ չեմ ասում՝ գողական հարաբերությունները, այնպես որ՝ թող այդ առումով նույնպես կարոտախտ չլինի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տեսականօրէն, գաղափարականօրէն, Խորհրդային Միութիւն ինքին վատ բան չէր: Միայն թէ փաստօրէն ուտոպիա էր: Եւ չդիմացաւ իրականութեան, նախ հիմնականօրէն մարդկային բնոյթի պատճառով, ապա արեւմտեան դաշինքի տեւաբար խափանական, քանդիչ գործունէութեան:

    Յատկապէս Հայաստանը, շնորհիւ իր օրուայ ղեկավարութեան ընդհանուր խելացութեան եւ ճարպիկ հայրենասիրութեան, մեծապէս օգտուեցաւ Խորհրդային Միութիւնից:

    Իսկ Ստալինի մահից յետոյ, հետզհետէ ու աստիճանաբար վերացան նաեւ պետութեան կողմէ չափազանցուած ճնշումն ու արտակարգ հալածանքները:

    Այսօր Հայաստանում խօսքի ազատութեան վերաբերեալ նուազագոյն վտանգի նշոյլը իսկ չկայ, այլ ընդհակառակն՝ հիւանդագին, ամուլ եւ զզուեցուցիչ շատախօսութեան խնդիրը:

    Միայն թէ, չպէտք է այդ խօսքի անսահման ազատութիւնը շփոթել արարքների նոյն տեսակի ազատութեան հետ, բացարձակ սանձարձակութեան հետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31