Լրահոս
Օրվա լրահոսը

Սաստիկ շոգերը նաև սխալ քաղաքաշինության հետևանք են. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 25,2017 11:56

Հարցազրույց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

-Վերջին տարիներին եղանակային կտրուկ տատանումներն ու բնական աղետները բնապահպանները պայմանավորում են ոչ միայն բնակլիմայական պայմանների գլոբալ փոփոխություններով, այլեւ հատկապես խոշոր քաղաքներում էկոլոգիապես անգրագետ քաղաքականություն իրականացնելու հանգամանքով: Հայաստանն, ըստ մասնագետների, դասվում է նման երկրների շարքին։

-Այդ ամենը համամոլորակային գործընթացների հետեւանք է, եւ փառք Աստծո, մեզ մոտ դեռ այն ուժգնությամբ չեն դրսեւորվում եղանակային անոմալիաներն ու բնական աղետները, որքան այլ տարածաշրջաններում: Դա կարելի է բնորոշել որպես կլիմայի անկայունություն՝ որեւէ վայրում մի օրում մեկ ամսվա տեղումներ կարող են լինել, ջրհեղեղներ եւ ցրտահարություններ, մեկ այլ վայրում հակառակը՝ երաշտ ու սաստիկ շոգ:
Որպես բնապահպան, ես խնդրին այլ տեսանկյունից եմ նայում։ Կարծում եմ, որ մոլորակը վանում է մարդկությանը՝ որպես մոլորակի ներդաշնակությունը խաթարող տեսակի:
Այժմ աշխարհը լծվել է շատ ավելի մեծ, գուցեեւ ճակատագրական աղետները կանխելու գործընթացին՝ բնապահպանական լուրջ ծրագրեր իրականացնելով: Մյուս կողմից էլ մարդկությանը բնակլիմայական նոր պայմաններին հարմարեցնելու քայլեր են արվում, ինչը, սակայն, շրջանցում է Հայաստանը, քանի որ առայժմ մեր կառավարությունը ականջալուր չի լինում աշխարհի մտահոգությանը:

Մենք գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը փոփոխվող պայմաններին հարմարացնելու կարիք ունենք: Հիմա մեզանում ամռանը շատ շոգ է, ձմռանը, գարնանը խիստ ցրտահարություններ են լինում: Այս հաշվարկով արդեն պետք է գյուղատնտեսական ու քաղաքաշինական ռազմավարություն մշակվի մեզ մոտ:
Քաղաքաշինական ռազմավարությունը կարեւոր է այնքանով, որ հատկապես քաղաքներում ապրելու հնարավորություն լինի տեղի բնակիչների համար: Մինչդեռ այն, ինչ հիմա արվում է այդ ոլորտում, հակառակը, անտանելի պայմաններ է ստեղծում քաղաքաբնակների համար՝ հատկապես ամառվա տապին:

-Որքան հասկանում եմ՝ խոսքը կանաչապատ տարածքների կրճատման ու խելահեղ կառուցապատման մասին է, ինչը արվում է Երեւանում: Որքանո՞վ է վտանգավոր քաղաքաշինական նման վերաբերմունքը Երեւանի հանդեպ:

-Մենք իրավունք չունենք անտառները հատելու, դրանք կլիման հաստատուն պահող, հավասարակշռող գործոններից են: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում փորձում են վերականգնել կորցրած անտառները, զարգացնել, ավելի ընդլայնել ու խտացնել: Մեզանում նման քաղաքականություն չկա:

Հակառակն է արվում՝ հնարավորինս կրճատվում են կանաչապատ տարածքները, ինչպիսին անտառներն ու խիտ այգիներն են, դրանց տեղում շենքեր են տնկում, բետոն ու ասֆալտով պատում: Երեւանի Հյուսիսային պողոտան փայլուն օրինակ է նրա, թե ինչպիսի կառուցապատում չի կարելի իրականացնել մեզ նման բնակլիմայական պայմաններով երկրում: Այդ պողոտան ցուցանիշ է, թե ինչպես կարելի է առողջ, մարդկանցով լի քաղաքը վերածել անապատի:

Թամանյանի անունը տալով՝ Երեւանում քանդեցին Թամանյանի ամբողջ գաղափարախոսությունը: Ըստ նրա՝ Հյուսիսային պողոտան պետք է լիներ կանաչապատ տարածք, գլխավոր պողոտան նույնպես, բայց դրանք միմիայն կառուցապատվեցին, դարձան քարե, բետոնե:

Վերջին 25 տարիների ընթացքում մենք միայն մեկ խնդիր ենք լուծել՝ մի խումբ մարդկանց քմահաճույքները կատարելու, ովքեր թելադրում են, թե որտեղ ինչ պետք է կառուցվի, նրանց քմահաճույքով, այլ ոչ թե մասնագետների որոշմամբ է գծվում Երեւանի հատակագիծը:

Այն ծառերն ու անտառները, որ հիմա դեռ ունենք, խորհրդային տարիներին են տնկվել: Դրանք հզորացել են, եւ այդ առումով կենսազանգվածը մեծանում է, ինչը լավ է մայրաքաղաքի համար: Բայց ոչ միան նոր, խիտ այգիներ ու անտառներ չեն տնկվում, այլեւ եղածներն էլ վերացվում են՝ դրանց տեղում շենք կառուցելու համար:
Մենք երեք քաղաք ունենք, որոնք բնակլիմայական պայմանների առումով ամռանը ռիսկային են առողջության համար, քանի որ ջերմային ֆոնը դրանցում չափազանց բարձր է լինում՝ Երեւանը, Արարատը եւ Մեղրին: Այդ ռիսկերը մեղմելու նպատակով հատուկ քաղաքաշինական մոդել է հարկավոր մշակել նշված քաղաքների համար, որով հնարավորինս կանաչ տարածքներ եւ ջրային մակերեսներ նախատեսված կլինեն: Տեսեք՝ ո՞ր քաղաքում է նման մոդել կիրառվում: Ոչ մեկում:

Վերջերս կենտրոնի կառուցապատման վերաբերյալ օրենքի նախագիծ էր մշակվել, որով որոշակի զսպաշապիկներ էին նախատեսվել կառուցապատումների համար: Նախագծով ապահովվում էր մայրաքաղաքի կանաչ տարածքների առկայությունը այնքան, որքան պետք է քաղաքին, եւ սահմանափակվում էր կառուցապատելու մոլուցքը: Բայց Ազգային ժողովն այդպես էլ չընդունեց այն:

Ես հասկանում եմ, որ Ազգային ժողովում շահերի բախում է առաջացրել, քանի որ կառուցողների մի մասն էլ այնտեղ է, եւ նրանց համար շահեկան չէ նման օրենք ընդունելը: Բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ այսօրվա կլիմայի փոփոխության պայմաններում ահռելի թափով կառուցապատում իրականացնելը խիստ ռիսկային է, քանի որ ամեն պահի հնարավոր են սելավներ, ջրհեղեղներ, սողանքներ, որոնք այդ կառույցները կարող են փլատակների վերածել:

 

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31