Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը, իսկ ՄԻԵԴ-ը նրա դիմումին հատուկ կարգավիճակ է տվել. (Տեսանյութ)

Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը, իսկ ՄԻԵԴ-ը նրա դիմումին հատուկ կարգավիճակ է տվել. (Տեսանյութ)

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ նախաքննության փուլում իր նկատմամբ թույլ տված բազմաթիվ խախտումների: Եղնուկյանն, ինչպես դատարանում ներկայացրեց՝ քննիչի ոչ իրավաչափ գործողությունները վերացնելու համար դիմել էր առաջին ատյանի դատարան, սակայն վերջինս մերժել էր դիմումը, ուստի դիմել էր նաեւ Վերաքննիչ քրեական դատարան:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Եղնուկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը դատարանում ասաց, որ իբրեւ պաշտպանական կողմ, նախաքննության ընթացքում իրենք գրեթե հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու գործի նյութերին. «Այս գործով բազմաթիվ փորձաքննություններ են եղել, որոնք ընդհանրապես չեն վերաբերել Եղնուկյանի իրավունքներին եւ շահերին, որովհետեւ փորձագետի եզրակացությունները՝ դատաձգաբանական, դատաբժշկական, սրանք պարոն Եղնուկյանի առաջադրված մեղադրանքի հետ կապ չունեն: 40 հազարից ավելի նյութերին 35 հատորանոց նյութերին 5 ամսում ծանոթացել ենք, ապա միջնորդություններ ենք ներկայացրել քննիչին՝ որոշակի նյութեր մեզ տրամադրելու, որոշակի հարցերի պատասխանելու համար: 12 միջնորդություն ենք ներկայացրել, բայց քննիչը բոլորը մերժել է մեկ անհիմն պատասխանով: Մենք միջնորդություն ենք ներկայացրել. օրինակ՝ Եղնուկյանի գործն անջատել 14 մեղադրյալների գործից, միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պարզաբանելու, թե՝ ինչի՞ մեջ է մեղադրվում Եղնուկյանը, մեղսագրվող գործողությունները որակում են որպես օժանդակություն պատանդ պահելու, շենք-շինությունը գրավելու հարցում: Ասում են՝ Եղնուկյանն ապահովել է քաղաքացիների տեղափոխումը Ազատության հրապարակից գնդի տարածք, խնդրում ենք պարզաբանել՝ ինչպե՞ս, ֆինանսավորե՞լ է, թե՞ այլ կերպ»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Տասնյակից ավելի միջնորդություններից մեկով էլ, ըստ Հայրապետյանի, խնդրել են պարզաբանել, թե ինչպե՞ս է իրավապահ մարմինների ապստամբներին տրամադրված սննդի միջոցով թունավորման մասին Եղնուկյանի հայտարարությունը հեղինակազրկել իրավապահ մարմիններին եւ սա ինչպես կարող էր օժանդակություն հանդիսանալ Եղնուկյանի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարո Եղնուկյանի ելույթի ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանն անընդհատ ընդհատում էր նրան, նշելով՝ որ վերջինս, ըստ էության, չի խոսում, հռետորական հարցեր է բարձրացնում, ընդհատեց նաեւ, երբ Եղնուկյանը Սերժ Սարգսյանի ելույթից էր մեջբերում, ընդհատեց, երբ Եղնուկյանը իրեն որպես քաղբանտարկյալ ներկայացրեց ու դրա համար հիմնավորումներ էր ներկայացնում: Դատավորը նաեւ ընդհատեց, երբ Եղնուկյանը Շանթ Հարությունյանին էլ անդրադարձավ իր ելույթում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը եւ առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ:

Կարո Եղնուկյանն մեր հարցին ի պատասխան, ասաց, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր: Տիգրան Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան: Բացի այս, ինչպես փաստաբանն ասաց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եղնուկյանի գործով դիմումին օրերս հատուկ կարգավիճակ է տվել, խոսքը Եղնուկյանի խափանման միջոցը, որպես կալանքն ընտրելու մասին է:

«Դիմել էինք եվրոպական դատարան, որպեսզի այս գործով մեր դիմումն արագ քննվի, դատարանը դիտել է որպես արտոնություն ունեցող: Այսինքն՝ ՄԻԵԴ-ը պետք է շուտ քննի այս գործը՝ առաջին կալանքն ենք բողոքարկել: Կարծում եմ խափանման միջոցը փոխելու են, որովհետեւ կառավարությունն ավելի շուտ է իմանում ՄԻԵԴ-ի որոշման մասին, ուստի մինչ այն հրապարակելը, այստեղի ատյանները կալանքը կփոխեն»:

Եղնուկյանի դատական նիստին ներկա էր ԱՄՆ-ում Հայ իրավաբանական միության ղեկավար Կարո Ղազարյանը, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, հետեւում են բոլոր գործընթացներին եւ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք