Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «մտնել» կինոյի ալիքի տակ

Օգոստոս 18,2017 13:00

Պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ Օֆելյա Հարությունյանն ավարտել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի արվեստի դպրոցը` ստեղծարար պրոդյուսերության ծրագրով: Այժմ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: Դրանից առաջ սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, ապա Ստոկհոլմի համալսարանում մասնագիտացել Եվրոպական իրավունքի ոլորտում:

Օֆելյայի «Կարմիր խնձորներ» ֆիլմը բազմաթիվ հաջողություններ է գրանցել տարբեր փառատոներում, այդ թվում` Տորոնտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆլորիդայի, Կլերմոն Ֆերանի:
«Առավոտը» նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ավելի «մոդայիկ» թեմաներ չընտրեց եւ որոշեց մի շատ պարզ, հայկական պատմություն պատմել, մտավախություն չկա՞ր, որ օտար հանդիսատեսը չի ընկալի հայկական` կարմիր խնձորի եւ կուսության ավանդույթի մասին ֆիլմը: Օֆելյան ասաց, որ, բնականաբար, նման մտավախություն ունեցել է սցենարի վրա աշխատելիս, անընդհատ փոփոխություններ արել, կտորներ կան, որտեղ ընդհանրապես դիալոգ չկա, օրինակ, երբ սկեսուրը անկողինը բացում է ստուգելու` արդյոք կո՞ւյս էր հարսը: Մեր զրուցակիցը նշեց, որ ի վերջո որոշել են վստահել հանդիսատեսին, քանի որ թեման այսօր էլ ժամանակակից է եւ արդիական, շատ ընտանիքներ դեռ շարունակում են կարմիր խնձորներ ուղարկել հարսի տուն: Ավանդույթը ոչ միայն հայերի, նաեւ այլոց մոտ է տարածված:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ամերիկայում ուսումնառությանը եւ այն մեթոդներին, թե ինչպես են այնտեղ դասախոսներն աշխատում ուսանողների հետ, որպեսզի իրենց «կնիքը չդնեն» երիտասարդների անհատականության ու մտածելակերպի վրա: Օֆելյա Հարությունյանը նշեց, որ կան դասախոսներ, որոնք իսկապես ազդում են ուսանողների վրա, ոմանք էլ ուղղակի աննկատ են ուղղորդում, որպեսզի երիտասարդը կարողանա գտնել իր ճանապարհը: Նրա ձեւակերպմամբ. «Առաջին կուրսում, երբ նոր ես, գուցե մի քիչ ուզում ես հաճոյանալ քո դասախոսին, սովորում ես ֆիլմ նկարելու կանոնները, երկրորդում նոր որակներ ես ձեռք բերում ու փորձեր անում, երրորդ կուրսում արդեն կայացած ես լինում ու հասկանում ես, որ կարող ես խախտել այդ կանոնները, որովհետեւ եթե կանոններին հետեւելով գնաս, հետաքրքիր ֆիլմ չի ստացվի…. Ինչ-որ պահի, երբ հասունանում ես, մտածում ես, թե քեզ ինչ է հետաքրքիր, հանդիսատեսին ինչ պատմություն պատմես եւ ինչպես: Պատկերացրեք, եթե բոլոր ուսանողները հետեւեին նույն դասախոսներին ու կանոններին, նույն ֆիլմերը կնկարեին»:

Հարցրինք` իր կարծիքով՝ ի՞նչ է պետք լավ ֆիլմին: «Լավ սցենար, որովհետեւ, ասում են` եթե լավ սցենար ունեցար, կամ լավ ֆիլմ կունենաս, կամ վատ, իսկ եթե վատ սցենար ունեցար, միեւնույն է՝ վատ ֆիլմ ես ունենալու: Բնականաբար, մյուս էլեմենտներն էլ են կարեւոր` եւ ռեժիսուրան, եւ մոնտաժը, եւ օպերատորական աշխատանքը…»,-հնչեց պատասխանը:

Օֆելյայից հետաքրքրվեցինք` առաջարկ ստացե՞լ է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտից, մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետից, որ դրսում ստացած գիտելիքը փոխանցի Երեւանում սովորողներին: Օֆելյան բացասական պատասխան տվեց:

Նրանից պարզեցինք, որ ներկայումս աշխատում է կարճամետրաժ ֆիլմի սցենարի վրա, բայց մանրամասներ չցանկացավ բացահայտել: «Էլի հայկական ու համամարդկային պատմություն է, ֆիլմը մեր ընտանիքի մասին է, որ 12 հոգով մեկ սենյակում է ապրում… Կարծում եմ` հետաքրքիր կստացվի… Ես չեմ կարող ցեղասպանության կամ ղարաբաղյան պատերազմի մասին նկարել, որովհետեւ դրա միջով չեմ անցել, չնայած ուժեղ սցենարիստը պետք է կարողանա առանց դրա էլ գրի: Ու քանի որ նոր-նոր եմ սկսում, ճիշտ եմ համարում գրել պատմություններ, որոնց հետ առնչություն ունեցել եմ ու բնականաբար՝ սցենարներիս մեծ մասը հայկական է»,-հայտնեց Օֆելյան:

Խոսեցինք նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում սովորող ուսանող ռեժիսորներին տրվող հնարավորություններից: «Եվրոպայում ինչ-ինչ ֆոնդեր կան, ԱՄՆ-ում պետական աջակցություն չկա, բայց այնտեղ էլ կան տարբեր ֆոնդեր, դրամաշնորհներ, անհատներ, որոնք հետաքրքրված են ֆիլմերում ներդրումներ անելով… Երիտասարդների համար այնտեղ էլ է դժվար: Օրինակ, մեր «Կարմիր խնձորները» ավարտական աշխատանք էր, դրա համար համալսարանի կողմից դրամաշնորհ էի ստացել: Եթե ուսանող ես, կան դրամաշնորհներ ավարտական աշխատանքի համար, համալսարանի կողմից փոքրիկ աջակցություն, ի տարբերություն Հայաստանի: Իմիջիայլոց, եթե իմ ֆիլմը նկարեի ԱՄՆ-ում, ավելի հեշտ կլիներ, որովհետեւ համալսարանն անվճար տեխնիկա է տրամադրում, եւ արդյունքում դու մի քանի հազար դոլար ես խնայում, նաեւ դերասանների արհմիությունների հետ պայմանագիր կա, որ դերասաններն անվճար ուսանողների հետ աշխատեն: Շատ զարմանում եմ, որ հայաստանյան բուհերը տեխնիկա չունեն: Ես ինձ հետ բերել եմ փոքր տեսախցիկ, որով աշխատում եմ այստեղ: Եթե մի քանի նման տեսախցիկ լիներ, ուսանողները կարողանային իրենց առաջին ֆիլմերը նկարել, ահագին բան կփոխվեր… Մենք մեր համալսարանում երկու շաբաթը մեկ անգամ մի նոր բան էինք նկարում: Պետք է սխալներ անես, սխալների վրա սովորես, եթե տարիներով սխալներ անես ու չուղղվի, ի՞նչ ռեժիսոր պետք է դառնաս»,-տարակուսանք հայտնեց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ մտահոգված է երիտասարդների ճակատագրով: Օֆելյա Հարությունյանի ձեւակերպմամբ, կինոյում ներդրումները պետք է սկսել երիտասարդներին աջակցելուց, ու այդ ամենն անել դպրոցից. «Այստեղ շատ են նեղվում, ասում են` ինչո՞ւ է Վրաստանում այսպես, մեզ մոտ այդպես չէ: Հասկանում եմ, որ անկախացել ենք, խնդիրներ ենք ունեցել, հասկանում եմ նաեւ ցանկությունը, երբ ասում են` Հայաստանը դնենք քարտեզի վրա: Ընդ որում, մեծ գումարներ են ծախսվում Հայաստանի իմիջը բարձրացնելու, տուրիզմը զարգացնելու համար, փառատոներ են կազմակերպվում: Այսօր մենք ապրում ենք վիդեո դարում, երբ մեկն ուզում է ինչ-որ բան իմանալ, վիդեո է նայում: Այսինքն, ամենահեշտ տարբերակը Հայաստանը քարտեզի վրա դնելու, դա ֆիլմն է, ֆիլմում ներդրում անելն է: Օրինակ, եթե իմ «Կարմիր խնձորներ» ֆիլմը գնաց-փառատոներով պտտվեց, այնտեղ իմացան, որ Հայաստան գոյություն ունի, որ Հայաստանում կա կինո եւ պատմություն կա պատմելու: Ընդ որում, պարտադիր չէ, որ ֆիլմը լինի Ցեղասպանության, Ղարաբաղյան պատերազմի, Առաջին հանրապետության մասին, թեեւ դրանց մասին էլ պետք է ֆիլմեր նկարվեն: Կարեւորը լինի լավ կինո ու լավ պատմվի: Եվ եթե լավ կինո նկարեք ցանկացած թեմայով, այդ կինոն կուզենան տեսնել: Փառատոները հետաքրքրված են տարբեր երկրներից լավ ֆիլմերով… Տեսեք` Ռումինիան կինոյի մեծ բում ունեցավ, եւ բոլորը դրա մասին էին խոսում, հիմա վրացական կինոյի ալիքից են խոսում, դրսում հետաքրքրված են վրացական կինոյով… Ժամանակն է, որ Հայաստանում էլ ամեն ինչ վերանայվի, մենք էլ մտնենք կինոյի ալիքի տակ… Դրա համար պետք է ներդրումներ արվեն կինոյում ու առաջինը` երիտասարդներին աջակցեն»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` civilnet.am-ից

 

«Առավոտ»

17.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031