Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի գործող եւ նախկին նախարարները սահմանամերձ Բերդավանում պարի շրջան մտան (Ֆոտոշարք)

Օգոստոս 20,2017 23:11

Օգոստոսի 20-ին բազմամարդ էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի կենտրոնը: Գյուղի գեղագիտական կենտրոնի նախասրահում ներկայացված էին բերդավանցի նկարիչների, նաեւ Բերդավանից սերված, «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Մարիամ Մուղդուսյանի նկարները: Ցուցադրված էին նաեւ Նոյեմբերյան քաղաքից ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի փայտակերտ գործերը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին Բերդավանի գեղագիտական կենտրոնի մուտքի մոտ դիմավորեցին աղուհացով: Բերդավան էին ժամանել նաեւ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ ուրիշներ : Նախարարը ծաղիկներ դրեց Բերդավանի գեղագիտական կենտրոնի զբոսայգում գտնվող հայոց անմեղ զոհերի հուշարձանին: Նա շրջեց գեղագիտական կենտրոնի նախասրահում, ծանոթացավ ցուցադրված ստեղծագործություններին: Բերդավանի գեղագիտական կենտրոնի շենքը 2 անգամ՝ 1990-ական թվականների սկզբին եւ 2015թ. սեպտեմբերին հրետակոծվել, վնասվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այժմ մշակութային կառույցը նորոգվել, գեղեցիկ տեսք է ստացել: Գեղագիտական կենտրոնի լեփլեցուն դահլիճում կայացավ համերգ: Սկզբում երգ ու պարի կատարումներով հանդես եկան բերդավանցի երեխաները, ապա «Սասնա Ծռեր» ազգագրական երգ ու պարի համույթը, Արսեն Գրիգորյանը (Մրե):

Արսեն Գրիգորյանի ազգագրական, հայրենասիրական երգերը ոգեւորություն առաջացրին բերդավանցիների մեջ: Երգիչը բեմից թռավ դահլիճ, երգելով անցավ շարքերով. բերդավանցի փոքրիկ աղջիկների ձեռքից բռնելով՝ պարեց: Ա. Գրիգորյանը մշակույթի նախարարի խորհրդականն է, Բերդավանում մեկնարկած «Արար» ծրագրի պատասխանատուն: Այդ ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում ժողովրդական մշակութային-ստեղծագործական ոլորտների պահպանումը, զարգացումը, տարածումը:

Ծրագիրը կենտրոնանում է հիմնական մի քանի ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գորգագործություն, կարպետագործություն, ժանյակագործություն, ասեղնագործություն, խաչքարագործություն եւ այլն: Ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ իրենց բնակավայրերում երիտասարդ մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Մեկնարկած ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցան նախարար Արմեն Ամիրյանը , Արսեն Գրիգորյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Բեմ բարձրացան նաեւ «Արար» ծրագրում ընդգրկված մասնագետները, ովքեր նշված ծրագրի շրջանակներում հանրապետության մարզերի երեխաներին արվեստներ եւ արհեստներ կուսուցանեն:

Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո Բերդավանի գեղագիտական կենտրոնի նախասրահում «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը պարի շրջան կազմեց, որին միացան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկին նախարար Հովիկ Հովեյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031