Լրահոս
Օրվա լրահոսը

Չհայտնվել համացանցի ցանցում

Սեպտեմբեր 05,2017 10:06

Երկու շաբաթ համացանցից դուրս լինելու «օրհնյալ» օրերը վերջացան: Սեպտեմբերի 1-ին միացրեցի համակարգիչս, եւ ինձ վրա փչեց հայկական ֆեյսբուքի քամին…

Արձակուրդներին, բարեբախտաբար, հաջողվեց գրքեր կարդալ: Կարեւոր չէ, թե ինչ, թեկուզ ոչ այնքան տաղանդավոր ստեղծագործություններ: Ես զգում եմ, թե ինչպես են գրքերն ինձ դարձնում ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի հետաքրքիր: Ի հակադրություն ֆեյսբուքյան եւ ընդհանրապես ինտերնետային գրառումների, որոնք ճիշտ հակառակը՝ ինձ դարձնում են ավելի պարզունակ եւ աղքատ: Ինչո՞ւ է այդպես: Երեւի պատճառը հետեւյալն է. մարդը, որը որոշում է գիրք կամ թեկուզ թերթի հոդված գրել, անկախ ինտելեկտի եւ տաղանդի աստիճանից, իրեն ավելի հավաքված եւ պատասխանատու է զգում: Նա Մեկն է, Անհատականություն է, Հեղինակ է, որն իր մտքերն է փոխանցում 10, 100, 1000 հոգու: Ֆեյսբուքում մենք միլիարդանոց զանգվածի մասնիկն ենք, որեւէ բարձր պարտավորություն չունենք: Այստեղից է, հավանաբար, բամբասանքային-դիլետանտական ոճը, որը գերիշխում է համացանցում (համենայնդեպս` հայկական)` մտքեր, որոնք ծնվում են նախապաշարումներից, տասնամյակներով ձեւավորված կարծրատիպերից, ցածրակարգ առասպելաբանությունից, դրանց վրա հիմնված ֆանտաստիկ լուրերից, «աբիժնիկությունից», պարանոյայից, մթին բնազդներից, որեւէ մեկին կծելու, խայթելու ցանկությունից:

Aravot.am-ում, օրինակ, կան ընթերցողներ, որոնց նյարդերին ակնհայտորեն ազդում է իմ գրած ամեն մի տողը: Գրքի կամ թերթի պարագայում լուծումն ակնհայտ է. չկարդալ այն տեքստերը, որոնք քեզ այդքան զայրացնում են եւ պարունակում են քո կարծիքով անգրագետ հիմարություններ կամ իշխանության գովք, ժամանակ եւ նյարդեր չծախսել այդ տեքստերի վրա: Եթե դա գիրք լիներ կամ թերթ, մարդիկ, բնականաբար, այդպես էլ կվարվեին, գիրքը կարելի է մի կողմ դնել, վերադարձնել գրապահարան եւ մոռանալ դրա մասին: Ինձ հայտնի չէ որեւէ դեպք, երբ ընթերցողը մոտենում է գրապահարանին, տեսնում է իր չսիրած գիրքը եւ ատամները սեղմելով ֆշշացնում է հեղինակի հասցեին` «ախ դու սրիկա»:

Համացանցն ուրիշ է, դա թմրանյութ է, որտեղ դու վարժվում ես ինչպես քեզ համար հաճելի, այնպես էլ տհաճ զգացողություններին, որոնցից հրաժարվելը շատ դժվար է: Դա մի տարածք է, որտեղ սովոր ես անել թեթեւ, չհիմնավորված, բայց դաղող դատողություններ: Այդ ամենի լուծումը տալիս է, ինչպես միշտ, ժամանակը եւ փորձառությունը, որը երբեմն մեդիագրագիտություն են անվանում: Ժամանակի ընթացքում մենք սովորում ենք օգտվել այն դրականից եւ հսկայական առավելություններից, որոնք տալիս է համացանցը, եւ մաղով անցկացնել անկարեւորը, մակերեսայինը, պատահականը: Իսկ ամենակարեւորը` պետք է ավելի շատ գրքեր եւ թերթեր կարդալ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. samvel says:

    Ոչ միայն համացանցը, այլև շատ տպագիր թերթեր նույնպես բամբասանքին նման հոդվածներ են հրապարակում, որից սրտխառնուք է առաջանում.

  2. Ամենամեծ չարիքներից մեկը says:

    Ամենամեծ չարիքներից մեկն այն էր, որ նոր Հայաստանում հիմնովին ու ամբողջական լուստրացիա տեղի չունեցավ: Դրա համար թաքնված գողերն ու դավաճաններն ամենաբարձրն են բղավում. գողացա՜ն, թալանեցի՜ն: Հայաստանում պարտադիր պետք է հիմնովին ու ամբողջական լուստրացիա կատարվի, և նախկինում ու այսօր վնասատու անձիք պետք է նվազագույնը ներկայիս Հայաստանի պատասխանատու աթոռներին մոտ չգան: Այսօր էլ դեռևս ուշ չէ:

  3. Zaven says:

    Ինձ մոտ էլ է նույն զգացողությունը երբ ես կարդում եմ Ձեր հոդվածները։Չէ,հանկարծ վատը չմտածեք,նրանք ինձ դարձնում են ավելի հարուստ,ավելի բարդ և վեհ։Սակայն մտքովս մի բան անցավ,միգուցե այդ զգացողությունը խափուսի՞կ է։Ինչ որ էգոիստական բան կա այդ զգացողության մեջ։ Չեմ կարծում,որ մեր հայ աղջիկներն ու կանայք երբ նետում էին իրենց անդունդը,որպեսզի փրկվեն թուրքերի ճիրաններից, իրենց ավելի վեհ,բարդ կամ հետաքրքիր էին զգում,կամ մեր զինվորը երբ մինչև վերջին փամփուշտը կռվում է թշնամու դեմ և ճարահատյալ վերջին նռնակն իր համար է օգտագործում։Մի՞թե կարծում եք,որ նա իրեն վեհ,հետաքրքիր,բարդ և հաղթանակած է զգում։
    Ոչ՛,միայն սարսափ,դատարկություն,պարտություն,հուսահատություն․․․Իսկ ո՞րն է իրականությունը։Ի՞նչ ենք տեսնում մենք։Մենք տեսնում ենք մի առյուծ,որը կռվեց մինչև վերջ,չվախեցավ,չփախչեց,չհանձնվեց և հաղթեց։
    Իսկ մե՞նք։ Երկու գիրք ենք կարդում և մեզ ավելի բարդ, ավելի ուժեղ ու ավելի հետաքրիր զգում։Միգուցե իրականությունը ճիշտ հակառակն է։
    Եվ վերջում։ Եթե չեք ուզում, ես էլ չեմ կարդա Ձեր հոդվածները։

  4. Աթանես Ստեփանյան says:

    Հարգելի Արամ, ուղղակի Ֆեյսբուքում տեսնում ես մեր հասարակության իրական դեմքը, որ ուղղակի շփման ժամանակ մեծ մասը թաքցնում են, որպեսզի ավելի լավ ճանաչես կարդա մի գիրք ,, Սիմոն Որդի Սիմոնի,, Այդ գրողը առանց Ֆեյսբուքի ճանաչել է մեր ազգի ուղն ու ծուծը։

  5. Հ.Շ. says:

    Հետաքրքրական զուգադիպութեամբ մը, ես ել այս տարուայ վերադարձիս Արցախից, որոշել եմ այսուհետեւ կարելի եղածին չափ քիչ հետեւիլ/մասնակցիլ Համացանցի ժխորային ու անիմաստ իրարանցումին, որ իրոք այլեւս կապ չունի իսկական աշխարհի հետ, եւ հետեւաբար աղաւաղում է մարդուս էական գիտակցութիւնը, իրականութեան զգայութիւնը, իսկական աշխարհի հետ տարրական կապը:

    Սակայն վերեւի խմբագրականի կապակցութեամբ արտակարգ զուգադիպութիւնը չի վերջանար այդ որոշումով, քանզի վերջինս ուղղակի կապուած է այն հաստատ նպատակիս որ, Համացանցի վրայ ժամանակի եւ ջանքերի մսխումից խուսափելով, միտքս այդ թակարդից ազատագրելով, սկսիմ աշխատիլ յաջորդ գիրքիս վրայ:

    Ուրեմն, անցեալի բաղդատած, յաջորդող ամիսներին շատ նուազ էք հանդիպելու իմ մենկաբանութիւններին, յատկապէս այս Կայքէջում: (Վստահ եմ որ շատեր պիտի հրճուին այս յայտարարութեամբ… lol… Ես ալ զանոնք հաճոյքով կը թողեմ իրենց երեւակայական աշխարհին մէջ, ուր ամէն մի մարդ բացարձակապէս ամենագէտ է, ամենազօր է, միշտ ու բացառապէս ինք է հասկանում ամէն բան, ի՛նք իրաւունք ունի միայն, եւայլն….)

    Շնորհակալութիւն Խմբագրին, որ յաճախ բարիացակամօրէն հանդուրժել է իմ հաւանաբար երկարապատուն եւ մի քիչ ել յոգնեցուցիչ հրատարակումները իր մինչդեռ որքան աւելի սեղմ, հակիրճ ու վարպետ խմբագրականների ներքոյ:

    Առ այժմ:

  6. Վասիլի Գևորգյան says:

    Մի բան չեմ հասկանում, ինչու՞ եք նույնացնում համացանցը սոցիալական ցանցերի հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930