Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք»

Սեպտեմբեր 22,2017 15:54

Սեպտեմբերի 22-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Նախարարը ներկայացրեց 2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թ. օգոստոսի 31-ն իրականացված աշխատանքները:

«Համակարգում որակի քաղաքականության կտրուկ բարձրացմանն է ուղղված եղել մեր գործունեությունը»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ հանրակրթության ոլորտում բնական գիտությունների առաջանցիկ զարգացմանը, ձեռնարկատիրական ֆինանսական կրթությանը եւ այլ ձեռնարկների: Նշեց, որ 2016 թ. գործարկվել է 24 նախակրթարան, 2017-ին՝ 23:

Նախարարը խոսեց նաեւ կրթության զարգացման ծրագրի, Հանրակրթության ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության մասին: Շեշտեց, որ ըստ վերջին փաստաթղթի, ազգակցական կապերն արգելվում են հանրակրթական հաստատություններում:

Օտար լեզուների կրթության բարձրացմանն ուղղված ծրագրերից էլ խոսեց, խոսք գնաց նաեւ Արարատյան բակալավրիատի ծրագրից, ինչը Լեւոն Մկրտչյանը համարեց լուրջ հաջողություն: Նաեւ հավելեց, որ ինքը հեղինակն է այն օրենքի, որով ամրագրվել է, որ Հայոց լեզուն եւ գրականությունը պետք է դասավանդվեն կոնկրետ ժամաքանակով:

Լեւոն Մկրտչյանը մանրամասնեց օտար լեզուների դասավանդման մեթոդաբանությունը, իսկ ռուսաց լեզվի հայեցակարգի հետ կապված աղմուկը որակեց կեղծ քաղաքական օրակարգ. «Սա այն թեման չի, որ քաղաքականացվի… Օտար լեզու կարելի է լավ սովորել, բայց աշխարհայացքային բոլոր առարկաները անցնելով մայրենի լեզվով: Այսինքն, մենք ունենք հայեցի կրթություն, դրա հիման վրա այլ ուղղվածություններ: Օրինակ, ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որտեղ բոլոր առարկաներն անցնում էինք հայերեն, բայց Անգլիայի եւ Ամերիկայի գրականությունը՝ անգլերեն: Այժմ էլ մենք պատրաստում ենք երեք բլոկ՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը` լատինատառ հիմքի վրա, կիրիլիցայի հիմքի վրա ռուսերենի հայեցակարգը, ունենալու ենք նաեւ չինական խորացված ուսուցմամբ դպրոց, հնարավոր է՝ արեւելագիտության ուղղությամբ»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:

Ապա հավելեց. «Մենք փորձեցինք հստակեցնել լեզվաքաղաքականության հիմքերը: Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ կմնա հայերենը, որովհետեւ մենք անկախ երկիր ենք, իսկ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, մնացած լեզուները օտար լեզուներ են»:

Հետաքրքրվեցինք՝ մի՞թե ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ վարչապետի հանձնարարական չի եղել, ինչպես Եռաբլուրում լրագրողներին ասել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, հանձնարարականը եղել է օտար լեզուների հայեցակարգի ուղղությամբ, վարչապետը կոնկրետ չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, եղել է հանրակրթության ոլորտում օտար լեզուների դասավանդման բարելավման հանձնարարական…Իսկ եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսելով քայլենք…Չէ՞ որ հայոց լեզուն ու հայագիտությունը կոնկրետ ժամերով պաշտպանված են»,-պատասխանեց նախարարը:

Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ:

Նախարարն, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ մեր գիտական միտքն ամուր կապված է ռուսերենի հետ, հավելեց նաեւ, որ Իրանի կրթական համակարգում էլ են կարեւորում ռուսերենը: Ապա օրինակ բերեց, թե գիտական գրականություն պատվիրելու դեպքում անգլերենը կարող է $100 արժենալ, ռուսերեն տարբերակով՝ $10:

«Դուք ռուսական մշակույթի հետ խնդիր ունե՞ք…Ես որեւէ ժողովրդի մշակույթի ու լեզվի հետ պրոբլեմ չունեմ, բացի մեկից, որը բռնատիրել է իմ հայրենիքը»,- վերջում ասաց Լեւոն Մկրտչյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. կարինե says:

    «Դուք ռուսական մշակույթի հետ խնդիր ունե՞ք…Ես որեւէ ժողովրդի մշակույթի ու լեզվի հետ պրոբլեմ չունեմ, բացի մեկից, որը բռնատիրել է իմ հայրենիքը», Ուրեմն հենց ռուսական մշակույթի հետ էլ պետք է պրոբլեմ ունենաս․․․Էն էլ շաաատ մեծ ․․Էս մարդու մի նախադասությունը մյուսին հակասում է

  2. Արմեն says:

    Արդիական գիտական գրականությունը գրվում է միայն և միայն ամգլերեն լեզվով։ Ռոսսերեն լեզվով գրված գիտական հոդվախները ծայրահեղ ցածր գիտական արժեք ունեն։ Նրանք չեն անցնում ռեցենզիա, չեն կարդացվում աշխարհոըմ, չեն տպվում IF ունեցող միջազգային պաչբերականներում։ Ռուսերենը անկախ Հայաստանի զարգացման համար ոչ մի արժեք չունի, իսկ անգլերենը ունի։ Սա զուդ քաղաքական հարց է։ Բ-26 որոշել են հերթական անգամ մի կտոր ել մեր անկախությունից տալ Հայաստանին բռնատիրած Ռուսաստանին։ Ռուսերեն իմանալը ունի մեկ նպատակ – որ մեր մատաղ սերունդը ավելի հեշտորեն զոմբիացվի ֆաշիստական Ռուսաստանի ԶԼՄ-ների քարոզչության հետևանքով։ Համարում եմ որ հարկավոր է խորացված ուսումնասիրել առաջին հերթին մայրենի հայերենը, երկրորդ հերթին անգլերենը։ Կտրականապես դեմ եմ ռուսերենը խորացված ուսումնասիրելուն։

  3. Ռուբեն says:

    Կրթության նախարը փորձում է աճպարարությամբ թաքցնել իր ապազգային գործելակերպը: Թղթակիցների և օգտատերերի մտահոգությունները չեն կարող շեղել մի քանի անգամ կրթության նախարար նշանակված մարդու ուղեգիծը` ռուսաց լեզվի կարգավիճակը փորձել հավասարեցնելու մայրենի լեզվի կարգավիճակին, ինչ-ինչ գիտական գրականության արժեքների համեմատության մանիպուլիացիաներով:

  4. Ռուբեն says:

    Զարմանալին այն է, որ ՀՀ կրթության նախարարը ներկայացնում է ՀՅԴ-ն, որը համարվում է ազգային ավանդական կուսակցություն: Բայց Լ. Մկրտչյանի նախարարարական կենսագրությունը ցույց է տալիս նրա անտարբեր, ապազգային և օտարահաճո հայացքները: Բայց ասուլիսների ժամանակ նա փորձում է գեղեցիկ երանգներ տալ իր քայլերին: Եվ ինչպես ասվում էր մի հումրիստական հաղորդման մեջ` ոնց է կրուտիտ ըլնում: Տարօրինակ է նաև որ իր կուսակցության` օտարալեզու կրթության ջատագով անդամի քայլերի մասին ՀՅԴ-ն լռում է: Եթե կուսակցությունը համամիտ է, թող հայտարարի, որ դա նաև իրենց կուսակցության ծրագրով է այդպես, եթե ոչ` թող հետ կանչի նրան նախարարի պոստից:

  5. Հայ մարդ says:

    ԿԳ նախարարին երևի թվում է, թե մեր պապերն իրեն իրավունք են տվել, որ նա մեր մայրենի լեզվին վնաս հասցնելով, այլ ազգերի լեզուներին լավություններ անի` խորամանկ բառախաղային բացատրություններով:
    Քանի անգամ կարելի է դառնալ նախարար, որպեսզի ռուսերենին բարձր կարգավիճակ տալու հարցը նորից բերել օրակարգ: Իբր մայրենի լեզվի դասավանդման որակը այնքան բարձր հիմքերի վրա եք դրել, իբր մեր պատգամավորներն ու պետական պաշտոնյաները այնքան մաքուր հայերենով են խոսում, որ հիմա էլ մտածում եք տաքսու վարորդների և վաճառողների մաքուր ռուսերենով խոսել կարողանալու մասին:
    Պարոն նախարար, խոստովանեք, որ Դուք այնքան չեք սիրում Ձեր մայրենի լեզուն, որ Ձեր մտքերն ինքնստինքյան հանգրվանում են օտար լեզուներին ցուցաբերվող ուշադրության տիրույթում:
    Եվ ինչ անիմաստ միտք եք ասում` “Եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք”: Ինչ կապ ունի բարբառը օտար լեզվի հետ: Այ եթե ասեիք. “Եթե մեզ գրական հայերեն պետք չէ, եկեք բարբառով խոսենք”, ավելի տեղին կլիներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930