Ռազմիկ Մարուքյանը հանդես եկավ իր երազած դերապարով (Ֆոտոշարք)

Ռազմիկ Մարուքյանը հանդես եկավ իր երազած դերապարով (Ֆոտոշարք)

Հայաստանում այլեւս բալետի տղամարդ ատիստների «սով» չկա

Բալետի արտիստը բեմից դուրս էլ է առանձնանում՝ հենց թեկուզ կեցվածքով: Մինչդեռ պրոֆեսիոնալ հանդիսատեսի ուշադրությունը հաճախ գրավում են բալետային խմբում, ոչ մենապարերով հանդես եկող արտիստները:

Ռազմիկ Մարուքյանին «Առավոտը» նկատել էր դեռ տարեսկզբից՝ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետային ներկայացումներում: Դա երիտասարդի կարիերայի սկիզբն էր: Կարճ ժամանակ անց Բելգիայում կայացած PRIX ARABESQUE հեղինակավոր մրցույթում լայն հանդիսատեսին դեռեւս անհայտ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստը ճանաչվեց լավագույնը, արժանացավ նաեւ «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակին: Մեկ-երկու ամիս անց էլ արվեստագետը մասնակցեց Մեծ թատրոնում անցկացվող բալետի արտիստների եւ խորեոգրաֆների մրցույթին՝ նույնպես արժանանալով ժյուրիի ուշադրությանը, որը գլխավորում էր Ռուսաստանում անցկացվող բոլոր հեղինակավոր մրցույթների հանձնախմբերում ներգրավված բալետի ճանաչված մանկավարժ Սերգեյ Ուսանովը: Անցյալ թատերաշրջանի ավարտին Խաչատրյանի «Դիմակահանդեսում» արվեստագետին հանդիպեցինք Իշխան Զվեզդիչի դերապարով, որը համարվում է «երկրորդական»: Իսկ օրերս Ադանի «Ժիզելում» (խորեոգրաֆ՝ Մարկ Մնացականյան, վերականգնել է Վիլեն Գալստյանը, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան)  Ռազմիկ Մարուքյանը փայլեց գլխավոր՝ Կոմս Ալբերտի դերապարով:

Կուլիսներում նա մեզ ասաց, որ այդ ազնվականի կերպարը շատ մոտ է իր հոգեվիճակին, եւ դեռ ուսանող տարիներից է երազել հանդես գալ այդ դերապարով:

Ներկայացումից հետո ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը, որը ժլատ է իր գովեստներում, մեզ ասաց. «Անձամբ ես Ռազմիկի հետ եմ կապում մեր բալետի ապագան՝ որպես առաջատար մենակատար»:

Ոչ վաղ անցյալում բալետարվեստում բառի իսկական իմաստով տղամարդ արտիստի «սով» էր, քանի որ 1990-ականներից մեր բարձրակարգ արվեստագետների արտագաղթ սկսվեց արեւմտյան թատրոններ: Հարցին, թե այսօր կարո՞ղ ենք ասել, որ մեր տղաները այլեւս չեն բռնում գաղթի ճամփան, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես մյուս ոլորտները, բալետարվեստն էլ բացառություն չէ: Պարզապես պետք է ճիշտ աշխատել: Օրինակ՝ Ռազմիկ Մարուքյանի հաջողությանը միանշանակ նպաստել է փորձավարը՝ հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, զուգընկերը՝ Մերի Հովհաննիսյանը: Ընդհանրապես, այո, ներկայացումը հաջողված էր: Ինչ վերաբերում է տղամարդ պարողներին, հավաստիացնում եմ՝ մոտ ապագայում հանդիսատեսը իր համար կհայտնաբերի նոր անուններ եւս: Այս պահին կառանձնացնեի Միլիտոն Կիրակոսյանին, Հայկ Քյուրջյանին: Ի դեպ, «Ժիզելում» Անտառապահի դերապարով առաջին անգամ հրաշալի հանդես եկավ հանդիսատեսին արդեն ծանոթ Գրիգոր Գրիգորյանը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք